Ձիրավի ճակատամարտ, 371 թվականին Ձիրավի դաշտում (Այրարատ նահանգի Բագրևանդ գավառ) տեղի ունեցած ճակատամարտ հայկական զորքի, որին օժանդակում էր հռոմեական մի զորամիավորում, և պարսկական բանակի միջև, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Հայկական զորքը ղեկավարում էին Պապ թագավորը և Մուշեղ Մամիկոնյան զորավարը։ Պարսկական զորքերը լքում են երկրի սահմանները, և Պապ թագավորը կարողանում է հաստատվել գահի վրա։ Մուշեղ Մամիկոնյանը, զարգացնելով հաջողությունը, վերանվաճում է Արշակ Բ-ի գերությունից հետո անիշխանության տարիներին Մեծ Հայքից անջատված սահմանային տարածքները՝ Ուտիք, Գուգարք, Կորճայք, Աղձնիք և այլն։
Թվական | 371 թ-ի գարուն |
---|---|
Մասն է | Հայ-պարսկական պատերազմներ |
Վայր | |
Արդյունք | Հայ-հռոմեական զորքի լիակատար հաղթանակ |
Հակառակորդներ | |
Մեծ Հայք Հռոմեական կայսրություն | Սասանյան Պարսկաստան Աղվանք Լեզգիներ Մերուժան Արծրունի |
Հրամանատարներ | |
Պապ թագավոր Մուշեղ Մամիկոնյան Սմբատ Բագրատունի Տերենտիոս | Ուռնայր թագավոր Շերգիր թագավոր |
Կողմերի ուժեր | |
Ռազմական կորուստներ | |
Թեթև | Ծանր |
Ըստ Մծբինում Հովիանոսի կնքած պայմանագրի՝ Հռոմեական կայսրությունը պարտավորվում էր չմիջամտել Հայաստանի գործերին, սակայն դա դեռ չէր նշանակում, որ Հռոմը մտադրություն ուներ Հայաստանը հանձնելու Պարսկաստանին։ Այդ իսկ պատճառով բյուզանդական արքունիքն Արինթեոսի գլխավորության Հայաստան է ուղարկում խոշոր բանակ։ Մինչև հռոմեացիների բանակի Հայաստան հասնելը Շապուհը փորձում էր բանակցություններ սկսել Պապի հետ։ Պատգամավորների օգնությամբ Շապուհը Պապին կշտամբում է՝ ասելով, որ նա «Հռոմեական կայսրության ձեռքին խաղալիք է դարձել»։ Պապը, Լազիկայի անտառներում ավելի քան հինգ ամիս թաքնվելուց և կայսրությունից օգնություն չստանալուց հետո, որոշում է բանակցությունների մեջ մտել Շապուհի հետ, սակայն դա տեղի չի ունենում, որովհետև շուտով Հայաստան են գալիս հռոմեական զորքերը։ Պապը, իր սպարապետ Մուշեղ Մամիկոնյան օգնությամբ, կարճ ժամանակում 10 000 հոգուց բաղկացած բանակ է հավաքում, և պայքար սկսում օտար նվաճողների դեմ։
Պապի սկզբնական կարևոր գործերից են լինում անջատված նախարարությունների միավորումը։ Այդպես նրան կարճ ժամանակում հաջողվում է միացնել Ատրպատականը, Նոր Շիրականը, Հեր և Զարևանդ գավառները, Արցախը, Ուտիքը, Աղձնիքը, Շակաշենը, Փայտակարանը, Գուգարքը, Ծոփքը, Անգեղտունը և Անձիտը։ Հռոմի օգնական զորքերի ժամանելը Հայաստան ավելի է սրում Հռոմի և Պարսկաստանի միջև հարաբերությունները, և ստեղծված պայմաններում անխուսափելի է դառնում պատերազմի սկիզբը։
Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 371 թվականին հայկական և պարսկական զորաբանակների միջև Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավ (Ձրավ) գյուղի մերձակա դաշտում, Նպատ լեռան հյուսիսային ստորոտին՝ Արածանու գետահովտում։
Հայկական զորաբանակն առաջնորդել են Պապ թագավորը, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը և ասպետ Սմբատ Բագրատունին։ Հայերին աջակցել է հռոմեական մի զորամաս։ Պարսկական բանակին օգնել են աղվանական և ղեկերի (լեզգիների) զորքերը՝ Ուռնայր և Շերգիր թագավորների գլխավորությամբ, ինչպես նաև հայոց գահին հավակնող Մերուժան Արծրունու ուժերը։ Ձիրավի ճակատամարտում պարսիկների կողմից մասնակցում էին նաև դավաճաններ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը։ Խորենացին Մերուժան Արծրունու մասին ասում է.
Ըստ Փավստոս Բուզանդի՝ Շապուհն իր արշավանքը սկսում է 370 թվականի գարնանը՝ Ատրպատականից Հայաստան ներխուժելով։ Մուշեղ սպարապետի գլխավորությամբ հայոց զորքերը կարողանում են դիմադրել և հակահարված տալ նրանց՝ վերցնելով մեծ քանակի ավար և գերիներ։
Գարնանը պարսկական բանակը, Ատրպատականից ներխուժելով Մեծ Հայք և հասնելով Ձիրավի դաշտ, բանակել է հայկական և հռոմեական զորաճամբարի դիմաց։ Ճակատամարտը տեղի է ունեցել Նպատ լեռան մոտ՝ Ձիրավի դաշտում, ուստի այդ ճակատամարտը պատմության մեջ է մտել Ձիրավի ճակատամարտ անվամբ։ Ճակատամարտը մեծ նշանակության ուներ հայերի հետագա ճակատագրի համար, ուստի և, վաղ առավոտյան հայերը, Մուշեղ Մամիկոնյանի գլխավորության հարձակվում են հակառակորդի վրա։ Կռվելով մինչև ուշ գիշեր՝ Շապուհի զորքերը նահանջում են՝ մեծ կորուստներ կրելով։
Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ II արքան հարկադրված է եղել հաշտության պայմանագիր ստորագրել Վաղես կայսեր հետ, ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 706)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ձիրավի ճակատամարտ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.