Սուպերմեն (անգլ.՝ Superman, թարգմանաբար գերմարդ), իրական անունը՝ Կլարկ Ջոզեֆ Կենտ, «DC Comics» ընկերության կողմից թողարկված կոմիքսների սուպերհերոս, ստեղծված ամերիկացի գրող Ջերի Սիգելի և կանադացի նկարիչ Ջո Շուստերի կողմից։ Սուպերմենը համարվում է ամերիկյան մշակութային խորհրդանիշ։ Կերպարը ստեղծվել է 1932 թվականին և այնուհետև վաճառվել «DC Comics» ընկերությանը։ 1938 թվականի հունիսին Սուպերմենը հայտնվում է Action Comics #1-ում, իսկ հետագայում նրա հիման վրա նկարահանվում են մի շարք ֆիլմեր, ստեղծվում հեռուստատեսային ծրագրեր և վիդեո խաղեր։ Կերպարի ունեցած հաջողությունների շնորհիվ ստեղծվում է սուպերհերոսի ժանրը։
Սուպերմենի արտաքին տեսքը տարբերվող է՝ հագուստի կարմիր, կապույտ և դեղին գույները, թիկնոցը, և կենտրոնում S տառով ադամանդաձև նշանը։
Ըստ սկզբնական պատմության, Սուպերմենը ծնվում է Կրիպտոն մոլորակի վրա և ստանում Կալ-Էլ անունը։ Կրիպտոնի կործանումից մի քանի րոպե առաջ դեռ երեխա Կալ-Էլին Երկիր է ուղարկում իր հայր Ջոր-Էլը։ Իրեն գտնում և որդեգրում է մի կանզասյան գյուղացու ընտանիք։ Իր նոր ծնողներն իրեն տալիս են Կլարկ Կենտ անունը։ Դեռ փոքրուց ի հայտ էին գալիս երեխայի գերբնական ուժերը, որոնք նա որոշում է օգտագործել մարդկության օգտին։
Սկզբնապես Ջերի Սիգելն ու Ջո Շուստերը ստեղծել էին ճաղատ տելեպատ չարագործի, ով ձգտում էր տիրել աշխարհին։ Հետագայում Սիգելը, հիմք վերցնելով Դուգլաս Ֆերբենքսին, վերստեղծում է Սուպերմենին, ով ոչ մի կերպ նման չէր իր հետնորդին, իսկ անունը ստացվում է երկու կինոաստղերի՝ Կլարկ Գեյբլի և Կենտ Թեյլորի անունների միացումից։
Դուետը նորից է փոխում կերպարի տեսքը, Հերկուլեսի և Սամսոնի պես հերոսներին նմանեցնելով։ Այս փուլում ձևավորվում է նաև հերոսի հագուստը։ Իսկ արդեն ձևավորման երրորդ փուլում Սուպերմենն օժտված էր արտակարգ ունակություններով, որոնց մեջ գերակշռում էր ֆիզիկականը։
Առաջին անգամ Սուպերմենը հայտնվում է 1938 թվականի ապրիլի 18-ին հրատարակված Action Comics #1-ում (կազմի վրա նշված ամսաթիվը՝ հունիս 1938)։ 1939 թ.-ին սկսում է թողարկվել Սուպերմեն վերնագրով կոմիքսների շարքը։ Առաջին թողարկումը արտատպում է Action Comics-ում եղած արկածների մեծամասնությունը։ Չնայած դրան, կոմիքսը շատ հաջող էր վաճառվում։
1945 թ.-ին More Fun Comics #101-ում առաջին անգամ հայտնվում է Սուպերբոյը։ Այնուհետև 1946 թ.-ին նրան տեղափոխում են Adventure Comics, իսկ 1949-ին նա ստանում է իր սեփական կոմիքսների շարքը։
1986-ին որոշվեց վերակառուցել այն տիեզերքը, որտեղ ապրում էին Սուպերմենը և DC-ի այլ հերոսներ։ Այսպես ի հայտ եկավ Crisis on Infinite Earths մինի սերիան։ Գրող և նկարիչ Ջոն Բիրնը վերաթողարկեց Սուպերմենին, նախ The Man of Steel (1986) սահմանափակ սերիայում։ Superman կոմիքսների երկրորդ հատորը սկսեց թողարկվել 1987-ին, մինչև 2006-ին չեղարկվելը։
2011 թ.-ին DC-ին վերսկսում է Սուպերմենի սերիան այլ հերոսների հետ միասին, որի դեպքերը տեղի էին ունենում Ֆլեշփոյնթի (անգլ.՝ Flashpoint) իրադարձություններից հետո։ Սուպերմենի հագուստը փոփոխվեց՝ ավելի շատ զրահի տեսք ունենալու համար։ 2012 թ.-ի օգոստոսին Justice League #12-ում Սուպերմենի և Հրաշք կնոջ միջև հարաբերությունները զարգացան, որն ըստ Ջեֆ Ջոնսի, կհանդիսանար նոր ստատուս քվո։
Սուպերմենը, տասնամյակների ընթացքում ունենալով հսկայական պատմություն, փոփոխվել է այնքան, որքան իր արկածները։ Սուպերմենի ծագման մանրամասները, սիրային հարաբերությունները, և ուժերը զգալիորեն փոխվել են իր հրատարակության պատմության հետ միասին, սկսած Ոսկե դարից մինչև նորագույն ժամանակները։ Հիմնական ուժերը և չարագործները ներկայացվեցին 40-ական թվականներին, երբ Սուպերմենը սկսեց թռչել և հայտնվեցին առաջին կոստյումավոր չարագործները։ Կրիպտոնի գոյության մասին Սուպերմենն առաջին անգամ իմացավ 1949 թ.-ին։
1980-ականներին տեղի ունեցավ կերպարի արմատային վերափոխում։ DC-ն որոշեց հեռացնել բազմատիեզերքի գաղափարը, կոմիքսների հրատարակումը հեշտացնելու նպատակով։ Սա բերում է DC-ի հերոսների առաջացման պատմությունների վերստեղծմանը։ Ջոն Բիրնը պատասխանատու էր Սուպերմենի պատմության վերստեղծման համար, որի արդյունքում վերացել էին բազմաթիվ առանցքային հերոսներ։ Բիրնը վերականգնում է Մարթա և Ջոնաթան Կենտերին՝ Սուպերմենի հորն ու մորը։
1992 թ.-ին Սուպերմենին սպանում է Դումսդեյը։ Չնայած դրան, հաջորդ տարի նա վերակենդանացվում է։ 1996-ին Սուպերմենը ամուսնանում է Լոիս Լեյնի հետ։ Բրեյնիակի հետ կռվից հետո, որի արդյունքում մահանում է իր հայրը, Սուպերմենը գտնում է կորած քաղաք Կանդորը, որտեղ ապրում էին 10,000 Կրիպտոնցիներ։ Նրանց՝ Երկիր մոլորակ գալը մեծ անհարմարություններ է պատճառում, և նրանք ստիպված են լինում ստեղծել իրենց մոլորակը՝ Նոր Կրիպտոնը։ Վերջ ի վերջո Նոր Կրիպտոնը Երկրին պատերազմ է հայտարարում։ Երկու կողմերն էլ մեծ կորուստներ են ունենում, և Կրիպտոնցիների մեծ մասը մահանում է։ Այնուհետև Սուպերմենը սկսում է ճամփորդել, Երկրի հետ կապ հաստատելու հույսով։
Շուստերի և Սիգելի սկզբնական պատմություններում Սուպերմենի բնավորությունը աչքի էր ընկնում ագրեսիվությամբ և դաժանությամբ։ Ավելի ուշ գրողները փոփոխում են հերոսի բնավորությունը, նրան տալով իդեալիզմի զգացում և վարքագծի բարոյական նորմեր։ Չնայած որ Սուպերմենը այնքանել դաժան չէր, որքան Բեթմենը, 30-ականների կոմիքսներում նա անտարբեր էր իր կատարած ավերածությունների նկատմամբ և չէր մտածում վատ հետևանքների մասին։ Այս ամենը փոխվեց 1940 թ.-ի վերջերին, երբ նոր հրատարակիչ Ուիտնի Էլսվորթն իր հերոսների համար հաստատեց վարքագծի կոդեքս, այդպիսով վերջ դնելով Սուպերմենի սպանություններին։
Այսօր Սուպերմենը հետևում է խիստ բարոյական սկզբունքներին, որոնք բնորոշ են արևմուտքի արժեքներին։ Նա գործում է օրենքի շրջանակներում, ինչը շատ հերոսների համար օրինակ է ծառայում։ Նա կարող է սրանում անզիջող լինել, ինչը հաճախ հակասություններ է առաջացնում սուպերհերոսների շրջանակներում, որոնք նկատվում են հատկապես Հրաշք-կնոջ նկատմամբ իր վերաբերմունքի մեջ այն բանից հետո, երբ Դիանան սպանում է Մաքսվել Լորդին։
Անվերադարձ կորցնելով իր հայրենի Կրիպտոնը, Սուպերմենն անում է ամեն ինչ, որպեսզի պաշտպանի Երկիրը, հատկապես՝ ընտանիքին և ընկերներին։ Տան կորուստը և այն փաստը, որ նա պատասխանատու է իր ուժերի օգտագործման համար, ստիպել են միայնակ զգալ իրեն Երկրի վրա, չնայած իր բոլոր ընկերների, կնոջ, և ծնողների առկայությանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուպերմեն» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սուպերմեն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.