Սոխակ (լատին․՝ Luscinia), ճնճղուկանմանների կարգին պատկանող փոքր թռչուն, որն անցյալում դասվել է կեռնեխների, իսկ այժմ՝ ճանճորսների ընտանիքին։ Երգեցիկ միջատակեր թռչուն է, բնադրող-չվող, տարածված է Եվրոպայում և Ասիայում, իսկ ձմեռում է Աֆրիկայում։ Ձվադրում է հողին մոտ՝ խիտ թփուտներում։ Այլ անուններ՝ Լուսինեկ, Ծիրանեակ, Սիրահավ, խոսհակ, խոսնակ գիշերո, փիլոմել (հուն․), բլբուլ (թրքերեն)։
Սովորական սոխակ | |
Սովորական սոխակ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Վերնաընտանիք | Muscicapoidea |
Ընտանիք | Ճանճորսներ (Muscicapidae) |
Ենթաընտանիք | Saxicolinae |
Ցեղ | Սոխակներ (Luscinia) |
Տեսակ | Սովորական սոխակ (L. luscinia) |
Միջազգային անվանում | |
Luscinia luscinia | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Չափերով մոտ է արշալուսիկին։ Մարմինը վերևից դարչնամոխրագույն է, ներքևից՝ սպիտակ, կուրծքը՝ խայտերով, պոչը՝ շիկակարմիր։ Սեռերը նման են, ունի մյուս սոխակներին նման, բայց ավելի երգեցիկ ձայն։
Մարմնի երկարությունը 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 18-24-26,5 սմ, կենդանի զանգվածը՝ 25 գ։ Մարմինը վերևից դարչնամոխրագույն է, ներքևից՝ սպիտակ, կուրծքը՝ խայտերով, պոչը՝ շիկակարմիր։ Երիտասարդը ներքևից մուգ, խիտ պտերով է։ Երգում է գիշեր-ցերեկ։ Բնակվում է անտառներում, այգիներում։ Գերադասում է խիտ բուսուտները։ Բազմացման սեզոնի ավարտին՝ հուլիսին և օգոստոսին ունենում են միանգամյա փետրափոխություն։
Արուի երգը բարձր է, տարբեր սուլոցներով, թրթիռներով և կազմված է ֆլեյտայի ձայն հիշեցնող «պիոո» ձայնից՝ զանգ հիշեցնող տոնով։ Հաճախ երգը միջամտվում է ճռռացող «դսեռ» ձայնով։ Սոխակի երգը չունի բարձր սուլող թռչուններին բնորոշ աճող ձայներերանգ։ Հաճախ երգում են նաև ձմեռման տարածքում։
Սովորական սոխակը չվող թռչուն է։ Այն տարածված է արևելյան Եվրոպայում և արևմտյան Ասիայում։ Ամառային բնակության հյուսիսային սահմանը հասնում է մինչև Դանիա, հարավային Նորվեգիա և Շվեդիա, Բալկանյան երկրներ, Կոստրոմա, Վոլոգդա, Պերմ, Ղազախստան, Թուրքմենստան և Ալտայ։ Հարավային սահմանը հասնում է մինչև Ավստրիա, Չեխիա, Ռումինիա, Բուլղարիա, Հարավային Ռուսաստան, Ղրիմ և Հյուսիսային Կովկաս։ Թռչունը ձմեռում է Աֆրիկայում՝ Սահարայի հարավային հատվածում։ Որպես պատահական չվահյուր հանդիպում է Բրիտանական կղզիներում։
Սովորական սոխակը նախընտրում է թփերով հարթ վայրերը, խիտ թփուտները, ճահճոտ տարածքները և ջրերի շրջակայքը։ Ձմեռման ժամանակ բնակվում է փշավոր թփուտներում, ջրային տարածություններին կից դաշտերում և հաճախ անտառամերձ տարածությունների խիտ խոտածածկույթում։
Սովորական սոխակը սնվում է հողում բնակվող որդերով, սարդերով, իսկ հասուն թռչունները նաև որոշ միջատների՝ բզեզների, փոքր թիթեռների և ճանճերի թրթուրներով և հարսնյակներով։ Սոխակը կարող է սնվել նաև հատապտուղներով, ինչպիսին օրինակ հաղարջն է։ Մինչև իր չվի ժամանակ Սահարա անապատը կտրելը, սոխակը կուտակում է ճարպի պաշարներ։ Հայտնի է, որ թռչունների այս վարքը կարող են խթանել մագնիսական ալիքները։ Մագնիսական դաշտի ազդեցությունն է ստիպում թռչուններին պատրաստվել Շվեդիայից գաղթին՝ մարմնի ճարպի քանակն ավելացնելով։
Բնադրում է մեռած տերևների, խոտի վրա՝ գետնին։ Բույնը պատրաստում է խոտաբույսերից։ Դնում է 22 մմ տրամագծով, բաց ձիթապտղագույն-կանաչ՝ կարմրավուն պտերով 5-6 ձու։ Երիտասարդ թռչուններին կերակրում են երկու ծնողները մինչև մոտ տասնմեկ օրականը, իսկ թռչունները լրիվ անկախ են դառնում դրանից մոտ տասներկու օր հետո։
Ըստ BirdLife International-ի մոտավոր հաշվարկների՝ Եվրոպայում կա մոտ 11-20 միլիոն սովորական սոխակ, որը կազմում է թռչունների ընդհանուր քանակի 50-74%-ը։ Թռչունի ընդհանուր պոպուլյացիան 15-41 միլիոն առանձնյակ է։ Եվրոպայում ըստ որոշ տվյալների պոպուլյացիան փոքր աճ է գրանցել։ Ըստ բնության պահպանության միջազգային միության դասակարգման՝ սովորական սոխակը համարվում է քիչ մտահոգող տեսակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական սոխակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական սոխակ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սովորական սոխակ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.