Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյանը ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է Խնկոյան անունը)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ տիրացու Կարապետի ծխական դպրոցում, 1880 թվականից՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի)՝ Մարտիրոս Պողոսյանի մասնավոր կրթարանում, ապա՝ երկու տարի անց՝ քաղաքային դպրոցում։ 1890-1910 թվականներին ստանում է որպես ուսուցիչ պաշտոնավարելու իրավունք։ Շուրջ 35 տարի նա մանկավարժական աշխատանք է կատարում տարբեր վայրերի, այդ թվում՝ հայրենի գավառի դպրոցներում։ Ապա՝ Նալբանդ գյուղի դպրոցից, Հովհաննես Թումանյանի աջակցությամբ 1911 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, աշխատակցել «Հասկեր» ամսագրին, ուսուցչություն արել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում ու քաղաքային դպրոցում։ Աթաբեկ Խնկոյանը 1923 թվականին լուսժողկոմատի կողմից հրավիրվում է Երևան՝ գրական-մանկավարժական աշխատանքի։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։
Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր»-ը, լույս է տեսել 1890 թվականին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակութային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր «Մեր դպրոցը», «Կարմիր արև»։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ։
Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի են նրա «Աղվեսն ու արջը» (1910), «Գող մաքին» (1911), «Առակներ» (1917), «Մրգաստան» (1939), «Հեքիաթներ ու պատմվածքներ» (1967) ժողովածուները։
Խնկո Ապոր փոխադրություններից ու թարգմանություններից են «Պապն ու շաղգամը» (1911), «Քնած արքայադուստրը» (1912), «Առաջին դասը» (1927), «Ռոբինզոն Կրուզոն» (1932), «Գայլն ու գառը» (1941)։ Լայն ճանաչում են գտել «Ծաղկանց ծովը», «Մեղուն», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը» բանաստեղծությունները։ Խնկո Ապոր երկերն աչքի են ընկնում ժողովրդական լեզվամտածողությամբ։
1932 թվականին Խնկոյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի, նույն թվականին՝ նաև վաստակավոր գրողի կոչման։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 61)։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Խնկո Ապեր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses. ®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.