Բարեկենդան

Բարեկենդան, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը։ Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։

Ստուգաբանություն

«Բարեկենդան» կամ «բարիկենդան» բառը բաղկացած է «բարի» և «կենդան», «կենդանի», «կենդանություն» բառերից։ Տոնին մարդիկ միմյանց շնորհավորելիս մաղթում են բարի կենդանություն՝ ուրախություն և զվարճություն։

Ծագումը

Բարեկենդան տոնը խոր արմատներ ունի, որոնք ձգվում են դեպի հեթանոսական շրջան։

Տոնի հիմքում ընկած էր բնության զարթոնքը և տարվա սկիզբը, որն ավանդաբար նշվում էր մարտի 21-ին։ Հնում մարդիկ հավատացել են, որ միմյանց կենդանություն մաղթելով նրանք աղերսել են վերին ուժերին պաշտպանել իրենց կյանքը չար ուժերի ազդեցությունից։ Տոնը ներառել է նաև բնության իրերի և երևույթների պաշտամունքն արտահայտող ծեսեր ու սովորույթներ։ Բնության զարթոնքի և մահվան պատկերացումներն առնչվել են մահվան և կյանքի, ծննդի և վերազարթոնքի հավերժական փոխանցումներին։ Դրանք մասամբ տեղ են գտել նախնիների պաշտամունքին նվիրված ծեսի փնջում։

Հետագայում տոնին բնորոշ գծերը փոխանցվել են Նավասարդին և Ամանորին։

Խորհուրդը

Բարեկենդան 
Լուկաս Կրանախ Ավագ, «Դրախտը»

Բարեկենդանը ուրախության ու զվարճանքի օր է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի կյանքը դրախտում՝ վայելքի և անհոգության մեջ, այսինքն՝ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդ կարող էր ճաշակել բոլոր պտուղները, բացի բարու և չարի գիտության ծառերի պտուղներից։

Բարեկենդանը ժողովրդական տոնախմբության, խրախճանքի և ազատության օր է և հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախկին դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը։ Բարեկենդանին մարդիկ պարում են և ուրախանում, արտահայտում իրենց հոգու ուրախությունը։ Դրախտում մարդը միշտ ապրել է Աստծո ներկայությամբ և տեսել, որ Աստված տալիս է իրեն երջանիկ և ուրախ ապրելու հնարավորություն։ Քանի որ մարդու նախահայրերը՝ Ադամն ու Եվան մեղքի պատճառով վտարվեցին դրախտից, ապա մարդը միշտ երանությամբ է հիշում դրախտի կյանքը։

Բարեկենդանի մեկ այլ խորհուրդն է չարի ու բարու պայքարը։ Այն արտահայտվել է հիմնականում ժողովրդական խաղերում, որոնց ժամանակ անարդարները ծաղրի են ենթարկվել, դատվել և պատժվել։

Սովորույթներ և ավանդույթներ

Հայերի մեջ Բարեկենդանը ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները՝ առանց բացառության։ Մարդիկ զվարճանում էին, տրվում խրախճանքին ու պատրաստում ճոխ սեղաններ։ Նախապատվությունը տրվում էր հատկապես մսեղենին, յուղոտ կերակրատեսակներին ու կաթնեղենին։

Բարեկենդան 
Տոնական խաշիլը

Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել գաթա ու հալվա։ Երեկոյան ուտում էին կաթնապուր ու մածուն։ Պատրաստում էին նաև փաթիլա, սըռոն և բխբխիկ կոչվող ճաշատեսակները։ Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր ձավարով կամ համեմունքներով լցոնած խորոված ոչխարին։ Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որը պատրաստվում էր մեծ քանակությամբ։

Բուն բարեկենդանի օրը ընդունված էր երեկոյան խաշած ձու ուտել՝ այդպիսով փակելով խրախճանքը։

Բերաններս փակում ենք սպիտակ ձվով։
Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու։

Հրապարակներում կազմակերպվում էին տարատեսակ խաղեր, պարեր, թատերական ներկայացումներ և դիմակահանդեսներ։

Բարեկենդանը բացի կերուխումից ու խրախճանքից նաև ազատության օր էր։ Պատահական չէ, որ այդ օրը վանքերում անվանում էին «Աբեղաթող» («աբեղա» և «թողուլ»` թողնել, արձակել բառերից)։ Այսինքն՝ այդ օրը աբեղաներն ազատվում էին վանական խիստ կյանքի օրենքներից։

Բուն Բարեկենդանի նախորդող օրը ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածակվում մինչև քառասունօրյա պասի ավարտը։

Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ։ Ամուսնություններ տեղի չէին ունենում, արգելվում էր մատաղ անել։

Խաղեր

Տոնի տարածված խաղերից էր ճլորթին կամ ճոճախաղը։ Այն կազմակերպվում էր բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմերում։ Որանի սայլի ճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոց տախտակ։ Գետնից մեկ մետր բարձր այդ տախտակի ծայրին աղջիկ ու տղա էր կանգնում։ Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվեր։

Տարոնում տարածված էր կշռեցուկ խաղը։ Աղջիկն ու տղան նստում էին առաստաղի գերաններից կապված մի երկթաթանի ճոճանակի մեջ և կշռվում ` իմանալու, թե մյուս տարվա Բարեկենդանին «արդյոք իրենց կյանքից անցնող տարին, որ պատված էր ամբողջ հոգսերով, ո՞րքան հալել ու մաշել, ծյուրել ու ցամաքացրել է իրենց անձը»։

Տարածված էին աքլորախռիվը, գոմշակռիվն ու հատկապես «ուղտ խաղացնելը»։

Տարոնում նաև փայտե ձի էին պատրաստում և, զարդարելով այն, խմբով պտտում գյուղի մեջ։

Տարածված էին նաև լախտախաղը, գնդակախաղը, վեգը (ճան), թոլոլանգին, տասսիցը և մատնին։

Պարեր

Բարեկենդան 
Տոնախմբություն Մուշի Սբ. Կարապետ վանքի մոտ

Ուրախ պարերը բարեկենդանի անբաժան մասն են եղել։ Պարերը սկսվում էին բարեկենդանի առաջին օրը և օրեցօր ավելի աշխուժանում։ Վերջին օրերը դրանք վերածվում էին համագյուղական և համաթաղային միջոցառման։ Պարում էին զուռնա-դհոլի և նվագակցության տակ։

Բարեկենդանին պարել են յալլի տալու և զոփի տալու պարերը։

Համշենում տարածված էր Բիչագ խոռոմի կամ դանակի պարը։

Հինգշաբթի օրը՝ Վարդանանց տոնի միջոցառման երկրորդ մասի ժամանակ պարել են ծիսական պարեր (գովընդներ) և ռազմապարեր։

Պարել են նաև նախնիների հիշատակությանը նվիրված պարեր։

Տիկնիկներ

Բարեկենդանի անբաժան մասն էին Ուտիս տատը և Պաս պապը կամ Ակլատիզը։ Ուտիս տատը համարվում էր Բարեկենդանի, այսինքն՝ ճոխ կերակուրների հովանավոր տիկնիկը և մտցվում էր հրապարակ՝ մարդկանց խրախճանքի հրավիրելու։ Երեկոյան, երբ խրախճանքը հասնում էր գագաթնակետին, տղաները դուրս էին գալիս ձիարշավի, որն էլ ավարտվում էր Ուտիս տատի հրապարակից դուրս վռնդելու արարողությամբ։ Ուտիս տատը, որը Բարեկենդանի օրերին բոլորին կերուխումի էր հրավիրում, արդեն քրքրված տիկնիկ էր։ Իսկ Բարեկենդանի վերջին օրը՝ Բուն Բարեկենդանին, Ուտիս տատին հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից։

Բարեկենդան 
Բարեկենդանի ակլատիզը

Հրապարակ էր մտցվում Պաս պապը կամ Ակլատիզը, որը Պահքի հովանավոր տիկնիկն էր։ Վերջինս պատրաստում էին սոխից կամ կարտոֆիլից և մեջը խրում յոթ փետուր, ապա՝ զգեստավորում։ Այն տանը առաստաղից կախելիս երգում էին՝

Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին։

Կարինում Ակլատիզը պատրաստում էին ծերունու տեսքով։ Այն ուներ փարթամ, սպիտակ մորուք և հագուստ՝ պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։ Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին.

Ակլատիզ, չվանը վիզ
Եկավ մեզ հյուր` կախվավ երդիս։

Յոթ փետուրները խորհրդանշում էին Մեծ Պահքի 7 շաբաթը։ Յուրաքանչյուր շաբաթվա վերջում պոկում էին մեկ փետուր։ Հաճախ փետուրը պոկելն ուղեկցվում էր հատուկ երգերով։

Շիրակում յուրաքանչյուր փետուրը հանելիս ասում էին.

Ճիճու, ճիճվարանքը` դուրս,
ցորեն, գարին` ներս։

Այս խոսքերից հետո փետուրը ջարդում էին և մի կողմ նետում։

Ակլատիզը կատարում էր Մեծ Պահքը հսկողի դերը։ Դրանով հաճախ վախեցնում էին երեխաներին, որ վերջիններս չգայթակղվեին Ուտիս տատի կերակուրներով։

Լոռեցիների պատկերացմամբ՝ Պաս պապը մեծ շերեփով խփում էր Ուտիս տատի գլխին և դուրս անում տնից այն բանի համար, որ նա երեխաներին յուղալի և մսեղեն կերակուրներ է տալիս։ Իսկ Մեծ Պահքից հետո ուրախ և առույգ տատը գալիս էր ու մածնի յուղոտ շերեփով խփում Պաս պապի գլխին ու դուրս անում նրան տանից։

Ներկայացումներ

Տոնի մասն էին կազմում նաև թատերական ներկայացումները, որոնց ժամանակ ծիծաղաշարժ կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները։ Մարդիկ մի կողմ էին դնում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը։

Ներկայացումներից առավել հայտնի էր «Փաշա», «Քյոխվա», «Շահ-շահ», «Խան», «Ղադի» և այլ անուններով հիշատակվող խաղը։ Այն տարածված էր Հայաստանի գրեթե բոլոր գավառներում։ Ներկայացման առանձնահատկությունն օտար բռնակալի ու կոնկրետ հայկական համայնքի հանդիպման ծաղրապատկերն էր։

Հինգշաբթի օրը նշվում էր Վարդանանց տոնը։ Այդ առիթով հայոց տարբեր գավառներում տեղի էր ունենում այսպես կոչված Վարդան Մամիկոնյանի ցուցքը։ «Ցուցք» բառը նշանակում է ցույց տալ, ներկայացնել։ Ցուցք պետք է հասկանալ տոտեմական, երևակայական կերպարներով հերոսների, աստվածային և կենդանական կերպարների կամ կերպարանափոխությամբ խաղ-ներկայացում։

Խաղի մասնակիցները բաժանվում էին հայկական և պարսկական բանակների։ Պատրաստվում էին դրոշներ և զինանշաններ։ Լինում էին ողբասաց կանայք։ Երթին մասնակցում էր ողջ քաղաքը։

Հաճախ էին կատարում կենցաղային թեմաներով թատերախաղեր։ Օրինակ, «խնամախոս» գնալու ներկայացումը։

Մարաշում հատկապես սիրված էր թլխաղիր կոչվող ներկայացումը։ Կանայք բահը կամ թին հագցնում էին կնոջ կամ նորահարսի հագուստին, գլուխը ծածկում զանազան քողերով ու ծածկոցներով։ Այս մարդ-տիկնիկը կոչվում էր թլխաղիր։ Այնուհետև տիկնիկին հագցնում էին իրենց զարդերը և կատակերգերի ուղեկցությամբ այն պտտում էին գյուղի թաղերում։ Վերջում թլխաղիրը տնկում էին մի բակում և մինչև երեկո շուրջը պարում։ Ենթադրվում է, որ «թլխաղիր» անունը առաջացել է «թլոհ», «թլահիլ» բայից, որ «ծաղրել» բայի արմատն է։

Ներկայացումների ժամանակ փակ թեմաներ չկային, այսինքն՝ հոգևորականները և աշխարհիկ մարդիկ ենթարկվում էին ընդհանուր տրամադրությանը։

Դիմակավորում

Բարեկենդանի անբաժանելի մասն է դիմակավորումը։ Մարդիկ հնարավորություն ունեին ծպտվելու և կերպարանափոխվելու։ Հաճախ դա ձգտման կամ բողոքի արտահայտություն էր, մարդկանց սխալները վեր հանելու և սրբագրելու հնարավորություն, հաճախ ուներ նաև չար ոգիներին վախեցնելու նպատակ։

Դիմակավորված կերպարներից էր երեկոյան տներ այցելող մեյմունը, որին Ջավախքում անվանում էին ղադի։

Հաճախ նրանք երեսին ալյուր էին քսում, այծի մազից մորուք դնում, մորթիների շորերի մեջ փաթաթվում և, ձեռքին երկար ձող կամ ակիշ բռնած, մտնում էին տներ՝ վախեցնելով տոնախմբության մասնակիցներին։ Վերջում մեյմունը տանտիրոջից մի ընծա էր ստանում և հեռանում։

Տղաները հագնում էին աղջիկների հագուստ, փոքրերը` մեծերիի, երբեմն էլ` ծաղրածուի։ Արտաքինը պետք է հնարավորինս ծիծաղաշարժ լիներ։ Դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ ներկում մրով, ալյուրով ու ածուխով։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 315 Բարեկենդան 

Tags:

Բարեկենդան ՍտուգաբանությունԲարեկենդան ԾագումըԲարեկենդան ԽորհուրդըԲարեկենդան Սովորույթներ և ավանդույթներԲարեկենդան ԾանոթագրություններԲարեկենդանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՄեծ պաս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎահանագեղձՀաշվապահական հաշվառումՎինսենթ վան ԳոգԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀայաստանի Կարմիր գիրքՊարացետամոլՉարենցավանՓոքրիկ իշխանըՈրոտանԱբովյան (քաղաք)ԽաչքարԱշխարհի նոր յոթ հրաշալիքներԿրեատինինՁկներԶվարթնոց միջազգային օդանավակայանՇիրակի մարզԱզոտԶորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Երևան)Ալիտա ԴանագուլյանԷրիթրոցիտներՀարցական և հարաբերական դերանուններԱրծվաշենՀայաստանի պետական կառավարման համակարգՏերունական աղոթքՀայաստանի քաղաքներըՍտենտավորումԲերանաբորբՀոգնակի թիվՀարկՍտամոքսի քաղցկեղՇնչառությունՀայերՍասունցի ԴավիթՄեծ Հայքի նահանգների ցանկԴանթեական առասպելԷռնեստ ՀեմինգուեյՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՄանվել ԳրիգորյանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱնթառամՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունՋրածինԴավիթ ԱնհաղթԵրաժշտական գործիքներԱնդրանիկ ՔոչարյանԱֆրիկյան միությունՔաղցկեղԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՆահանջը առանց երգիԵռանկյան բարձրությունՄեծ ՄհերՎրաստանԵրևանի փողոցների ցանկԳարեգին ՆժդեհԳերմանիաՖիբրինոգենՂազարոս ԱղայանԵրիկամՄարդու պապիլոմավիրուսԿլիմաքս (ֆիզիոլոգիա)44-օրյա պատերազմԱրագածոտնի մարզՀաստ աղիքների բորբոքումՈսկու պաշարներՄեծապատիվ մուրացկաններԽոսրովի անտառ պետական արգելոցՄարդու աչքԷրեբունի ամրոցՄարդ բանականԾիածանՍերժ ՍարգսյանՀիդրոցեֆալիաԿույր աղիքԿապիկներԿրիշտիանու ՌոնալդուՀայկական խոհանոցԳրիգոր ԶոհրապՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ🡆 More