Բառակազմություն, լեզվաբանության բաժին, որն զբաղվում է բառերի կառուցվածքի, բառերի կազմության օրենքների ու կանոնների, լեզվի բառակազմական համակարգի քննությամբ։ Բառակազմությւոն է կոչվում նաև նոր բառերի կազմության գործընթացը, լեզվի բառակազմական օրենքներով նոր բառերի կազմումը։
Բառակազմական օրինաչափությունների, կանոնների ու կաղապարների ամբողջությունը ներկայացնում է տվյալ լեզվի բառակազմական համակարգը։ Բառակազմական համակարգի մեջ են մտնում այն տարրերը, որոնցից կազմված է բառը, նրա կառուցվածքի մեջ մտնող միավորները (արմատ, ածանց, հոդակապ), բառերի կառուցվածքը, ինչպես նաև այն օրենքները, որոնցով բառերն ըստ իրենց բառակազմական իմաստների խմբավորվում են բառակազմական տիպերի՝ բառերի որոշակի տեսակների մեջ։
Բառակազմությունը սերտորեն կապված է բառապաշարի, ինչպես նաև քերականության` ձևաբանության ու շարահյուսության հետ։
Բառապաշարի հետ բառակազմության հետ ունեցած կապը պայմանավորված է նրանով, որ բառակազմության շնորհիվ լեզվի բառակազմական միջոցներով կերտվող նորանոր բառերը համալրում են լեզվի բառային կազմը։ Իսկ նոր բառերի կերտումը կատարվում է բառապաշարի զարգացման պահանջով։
Բառակազմության կապը քերականության հետ անմիջական է. բառերը կազմվում են տվյալ լեզվի քերականության` ձևաբանական և շարահյուսական կանոններով։
Համաժամանակյա բառակազմության նպատակն է պարզել և մեկնաբանել բառերի կազմության օրինաչափությունները լեզվի զարգացման ժամանակակից փուլում։ Այսինքն՝ բառի՝ ըստ բաղադրիչների տարրալուծումը կատարվում է ժամանակակից լեզվաըմբռնողությամբ։ Այդ տեսակետից, օրինակ, տիկին, տիեզերք բառերը պարզ են, դրանք չի կարելի բաժանել բաղադրիչների։ Նույնպես և արդի լեզվաըմբռնողությամբ անձամբ, մասին բառերը գիտակցվում են որպես ուղիղ, ոչ թե քերականական ձևեր, ինչպես գրաբարում։
Այսպիսով՝ համաժամանակյա բառակազմությունն ուսումնասիրում է լեզվի ժամանակակից փուլում գոյություն ունեցող միավորները, որոնք կարող են բացատրվել միայն լեզվի՝ այդ շրջանում գործող օրինաչափություններով։
Տարժամանակյա բառակազմության նպատակն է բացատրել ու մեկնաբանել բառակազմական օրինաչափությունների պատմական կապերը։ Դա նշանակում է, որ բառակազմական իրողություններն ուսումնասիրվում են իրենց պատմական զարգացման մեջ։ Այսպես, վերոնշյալ տիկին, տիեզերք բառերը տարժամանակյա կամ պատմական բառակազմության տեսակետից տարրալուծվող միավորներ են՝ տի-կին, տի-եզեր(ք), որտեղ տի բաղադրիչի իմաստն է՝ «մեծ»։ Մասին բառը գրաբարի մասն բառի տրականի ձևն է, իսկ անձամբ բառը՝ անձն բառի գործիականը։
Այսպիսով՝ բառակազմության համաժամանակյա և տարժամանակյա մոտեցումների դեպքում միևնույն տերմինով անվանվող մի շարք հասկացություններ տարբեր բովանդակություն են ստանում։
Բառակազմության հիմնական դրսևորումներն են՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 298)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բառակազմություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.