Սիլվա (Սիրվարդ) Բարունակի Կապուտիկյան (հունվարի 20, 1919(1919-01-20), Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - օգոստոսի 25, 2006(2006-08-25), Երևան, Հայաստան), հայ գրող ու բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1952), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1980), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1941), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
Սիլվա Կապուտիկյան | |
---|---|
Ծննդյան անուն | Սիրվարդ Բարունակի Կապուտիկյան |
Ծնվել է | հունվարի 20, 1919 |
Ծննդավայր | Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Վախճանվել է | օգոստոսի 25, 2006 (87 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստանի Առաջին Հանրապետություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1941) և Ա.Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներ (1950) |
Ստեղծագործական շրջան | 1933-2006 |
Ժանրեր | բանաստեղծություն և հրապարակախոսություն |
Գրական շարժումներ | ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, ՀԳՄ և ՀՀ ԳԱԱ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Հովհաննես Շիրազ |
Զավակներ | Արա Շիրազ |
Սիլվա Կապուտիկյան Վիքիքաղվածքում | |
Սիլվա Կապուտիկյան Վիքիդարանում | |
Silva Kaputikyan Վիքիպահեստում |
Սիլվա Կապուտիկյանը Ծնվել է 1919 թվականի հունվարի 20-ին Երևանում՝ Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 14 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը՝ «Պատասխան Թումանյանին», որը 1933 թվականի դեկտեմբերին տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, ուսուցիչ, որը մահացել է 1919 թվականին՝ դստեր ծննդից ամիսներ հետո, խոլերայից։
1936-1941 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1949-1950 թվականներին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում։ 1945 թվականին լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով։ 1952 թվականին «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988 թվականին` ՀԽՍՀ Պետական մրցանակների։ Նույն թվականին ստացել է նաև իտալական «Նոսիդիե» գրական մրցանակ։ Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն։ 1962 թվականից եղել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Եթովպիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Ամերիկայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իրանի, Երուսաղեմի սփյուռքահայ գաղթօջախներում և իր հիշողություններն այդ ամենի մասին ամփոփել է ուղեգրություններում, որոնցից բացառիկ են «Քարավանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու և քարտեզի գույներից», «Քարավանները հեռանում են», «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքերը։ Կյանքի վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել հրապարակագրության ոլորտում` «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ»։ Եղել է ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր։
1970 թվականին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1980 թվականին` Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի, ապա` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին։ 1998 թվականին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը։ Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով։
Եղել է Գրողների միության նախագահության անդամ, սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության», Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։ 2009 թվականին նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը։
Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նրա գրական ձիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձևավորվել է քաղացիական ուղղվածությունը։ Նա դարձավ իսկական խորհրդային գրողի կերպար՝ կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությունը։ Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։
Եղել է Հովհաննես Շիրազի առաջին կինը։ Նրանց որդին՝ Արա Շիրազը, եղել է քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ (1941-2014 թվականներ)։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում 2019 թվականի հունվարի 22-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի է ունեցել գրական-գեղարվեստական հանդիսություն, որի ընթացքում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային։ Նամականիշի վրա պատկերված է Սիլվա Կապուտիկյանը` իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս (դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի)։ Ներկայացվել է նաև «Մեղուները» խորագրով պատկերագիրքը։ Նույն օրը Արցախի գրողների միության նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվա Կապուտիկյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվա Կապուտիկյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվա Կապուտիկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 268)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սիլվա Կապուտիկյան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.