Սեռական Կողմնորոշում

Սեռական կողմնորոշում, անձի զգացմունքային, հուզական, ինտիմ և սեռական գրավչությունների ամբողջություն այլ անձի կամ անձանց նկատմամբ։ Ինչպես նաև այս գրավչությունների բացակայությունը այլ անձի նկատմամբ։

Սեռական կողմնորոշումն ուղղված է այլ սեռերի կամ գենդերային ինքնությունների նկատմամբ։

Առանձնացվում են սեռական կողմնորոշման հետևյալ տեսակները` տարասեռական (heterosexual), նույնասեռական (homosexual), երկսեռական (bisexual), ինչպես նաև` անսեռական (asexual)։

Տարասեռական (հետերոսեքսուալ) է յուրաքանչյուր անհատ, որը խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն ունի, ինտիմ և սեռական հարաբերություններ` այլ սեռի կամ գենդերի անձանց նկատմամբ։

Նույնասեռական (հոմոսեքսուալ` լեսբի կամ գեյ) է յուրաքանչյուր անհատ, որը խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն ունի, ինտիմ և սեռական հարաբերություններ` նույն սեռի կամ գենդերի անձանց նկատմամբ։ Նույնասեռական տղամարդկանց անվանում են գեյ, իսկ նույնասեռական կանանց` լեսբի։

Երկսեռական (բիսեքսուալ) է յուրաքանչյուր անհատ, որը զգացմունքային և/կամ սեռական գրավչություն ունի մեկից ավելի սեռերի նկատմամբ։

Անսեռական (ասեքսուալ) մարդը սեռական հրապուրանք, գրավչություն և/կամ ցանկություն գրեթե կամ ընդհանրապես չի զգում ոչ մի սեռի մարդու նկատմամբ։ Ասեքսուալ մարդիկ ունենում են նույն հուզական կարիքները, ինչ բոլորը և ընդունակ են ձևավորել ինտիմ հարաբերություններ։ Ասեքսուալությունը համարվում է սեռական կողմնորոշման տեսակ, չնայած ոմանք այլ կարծիքի են։

Ի գիտություն. Եթե անհատն անսեռական է, դեռևս չի նշանակում, որ նա սեռական հարաբերություններ չի կարող ունենալ։ Անսեռական անհատը ևս կարող է զուգընկեր/ուհի ունենալ, ի վիճակի է երեխաներ ունենալ։ Հարկ է անսեռականությունը տարանջատել ամլությունից և սեռական անկարությունից։ Անսեռականությունը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջության (բոլորը միասին) բացակայությունն է, սակայն ոչ անկարությունը (իմպոտենցիա)։

Կարևոր է նաև անսեռականությունը տարբերել ժուժկալությունից, որը սեռական կյանք վարելուց դիտավորյալ հրաժարվելն է։ Մարդկանց մեծ մասամբ ժուժկալության դրդում են որոշ կրոնական գաղափարներ կամ ուղղություններ, և հիմնականում ժուժկալության հիքմը հոգևոր-կրոնական է։ Ցանկացած սեռական կողմնորոշում ունեցող անհատ կարող է ժուժկալ կենսակերպ վարել։ Բնական ու կանոնավոր սեռական կյանք վարելը կամ դրանից իսպառ հրաժարվելն անհատի ընտրությունն է։

Վերոնշյալ սեռական կողմնորոշումները ամենատարածվածներն են, որոնցով մարդիկ նույնականանում են։ Սակայն, որքան մարդ կա, այդքան էլ սեռական կողմնորոշում ու գենդերային ինքնություն։ Ըստ այդմ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ու Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան տարանջատում են 60-ից ավել սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության դրսևորում։ Սրա պատճառը սեռականության, որպես նոր ուսումնասիրվող ու զարգացող գիտություն լինելն է։ Օրինակ՝ մարդիկ կարող են օգտագործել այլ եզրույթներ, ինչպիսիք են պենսեքսուալ կամ պոլիամոր։

«Սեռական նախասիրություն» տերմինը հիմնականում համընկնում է սեռական կողմնորոշման հետ, սակայն հոգեբանական հետազոտություններում ընդհանուր առմամբ դրանք առանձնացվում են։ Օրինակ՝ բիսեքսուալ նույնականացվող անձը կարող է ունենալ նախասիրություն սեռերից մեկի հանդեպ։ Սեռական նախասիրությունը կարող է որոշ չափով առաջանալ կամավոր ընտրությամբ, մինչդեռ գիտական կոնսենսուսն այն է, որ սեռական կողմնորոշումը ընտրություն չէ։

Գիտնականները չգիտեն սեռական կողմնորոշման ճշգրիտ պատճառները, բայց կարծում են, որ այն պայմանավորված է գենետիկական, հորմոնալ և շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցությամբ։ Նրանք նախընտրությունը տալիս են կենսաբանության վրա հիմնված տեսություններին, որոնք հաշվի են առնում գենետիկական գործոնները, վաղ արգանդային զարգացումը կամ գենետիկական և սոցիալական գործոնների ընդհանրությունը։ Չկա ոչ մի հիմնավոր ապացույց, որ ծնողական և վաղ մանկական փորձառությունը կարող են դեր խաղալ անձի սեռական կողմնորոշման վրա։ Մի քանի տասնամյակների հետազոտությունները ցույց են տվել, որ սեռական կողմնորոշումը ընդգրկում է շարունակական գործընթաց՝ բացառապես դեպի հակառակ սեռը ձգտումից մինչև բացառապես նույն սեռի ձգտումը։

Սեռական կողմնորոշումը հիմնականում ուսումնասիրվում է կենսաբանության և հոգեբանության ոլորտներում (ներառյալ սեքսոլոգիան), սակայն դա նաև մարդաբանության, պատմության (ներառյալ սոցիալական կոնստրուկցիոնիզմը), իրավաբանության և այլ բնագավառների ուսումնասիրման առարկա է։

Սեռական ինքնության և վարքի սահմանումներն ու տարբերությունները

Ընդհանուր

Սեռական կողմնորոշումը ավանդաբար ներառում է հետևյալ կատեգորիաները՝ հետերոսեքսուալություն, բիսեքսուալություն և հոմոսեքսուալություն, մինչդեռ որոշ գիտնականների կարծիքով ասեքսուալությունը համարվում է սեռական կողմնորոշման չորրորդ կատեգորիա, և համարվում է ավանդական սեռական կողմնորոշման բացակայություն։ Ասեքսուալ (անսեռական) մարդը սեռական հրապուրանք, գրավչություն և/կամ ցանկություն գրեթե կամ ընդհանրապես չի զգում ոչ մի սեռի մարդու նկատմամբ։

Սեռական կողմնորշման հիմնական բնորոշումները ներառում են հոգեբանական բաղադրիչներ, որոնցից է, օրինակ, անհատի էրոտիկ ցանկությունների ուղղվածությունը կամ վարքային բաղադրիչը, որը կենտրոնանում է անհատի սեռական զուգընկեր/ուհի(ների) սեռի վրա։ Որոշ մարդիկ նախընտրում են ուղղակի հետևել անհատի ինքնորոշմանը կամ նույնականությանը։ Գիտական և մասնագիտական հասկացությունը հետևյալն է՝ «հիմնական գրավչությունը, որոնք ձևավորում են չափահասի սեռական կողմնորոշումը, սովորաբար առաջանում են միջին մանկության և դեռահասության շրջանում»։ Սեռական կողմնորոշումը տարբերվում է սեռական ինքնությունից, քանի որ այն ներառում է ուրիշների հետ հարաբերությունները, իսկ սեռական ինքնությունը ինքնորոշման գաղափար է։

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան նշում է, որ «սեռական կողմնորոշումը վերաբերում է տղամարդկանց, կանանց կամ միաժամանակ երկու սեռերի էմոցիոնալ, ռոմանտիկ և/կամ սեռական ձգտումների կայուն օրինակին, և որ «այս (նրա) վարքագիծն ու ձգտումները աշխարհի տարբեր մշակույթներում և ազգերի մեջ տարբեր կերպով են նկարագրվում։ Տարբեր մշակույթներ այս ձգտումներն ունեցող անձանց բնութագրելու համար օգտագործում են նույնական պիտակներ։ Միացյալ Նահանգներում ամենատարածված պիտակներն են՝ լեսբիները (կնոջ ձգտումը դեպի կինը), գեյեր (տղամարդու ձգտումը դեպի տղամարդը) և բիսեքսուալ մարդիկ (տղամարդիկ կամ կանայք, ով ձգտում են միաժամանակ երկու սեռերին)։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ կարող են նկարագրել նրանց այլ պիտակներով, կամ ընդհանրապես ոչ մի պիտակով»։ Նրանք նշում են նաև, որ սեռական կողմնորոշումը «տարբերվում է սեռի և գենդերի այլ բաղադրիչներից, ներառյալ` կենսաբանական սեռից (արական կամ իգական սեռով պայմանավորված անատոմիական, ֆիզիոլոգիական և գենետիկական հատկանիշներից), գենդերային ինքնությունից (արական կամ իգական սեռի հոգեբանական զգացումից) և սոցիալական գենդերային դերից (մշակութային նորմեր, որոնք տարբերում են ար/իգ սեռերի վարքը)»։ Հոգեբանների կարծիքով սեռական կողմնորոշումն առնչվում է նաև մարդու սեռական զուգընկերոջ ընտրության հետ, ով կարող է լինել հոմոսեքսուալ, հետերոսեքսուալ կամ բիսեքսուալ։

Սեռական ինքնությունը և սեռական վարքագիծը սերտորեն կապված են սեռական կողմնորշման հետ, սակայն դրանք տարբերվում են սեռական ինքնությունից ։ Անհատի սեռական ինքնությունը տարբերվում է նրա սեռային ինքնությունից։ Եթե սեռային ինքնությունը սեփական սեռի ընկալումն է. «ի՞նչ սեռի եմ ես» հարցի պատասխանը, ապա սեռական ինքնությունը անհատի սեռական կողմնորոշման ներքին ընկալումն է. «ի՞նչ սեռական կողմնորոշում ունեմ ես» հարցի պատասխանը` տարասեռական, նույնասեռական, երկսեռական կամ անսեռական։ Անհատները կարող են, կամ չեն կարող իրենց սեռական կողմնորոշումը արտահայտել իրենց վարքում։ Մարդիկ, ովքեր ունեն ոչ հետերոսեքսուալ սեռական կողմնորոշում, և ովքեր համաձայն չեն իրենց սեռական ինքնության հետ, երբեմն անվանվում են «փակ»։ Տերմինը, այնուամենայնիվ, կարող է անդրադառնալ որոշակի մշակութային կոնտեքստի և հասարակության մեջ անցումային փուլի, որը աստիճանաբար զբաղվում է սեռական փոքրամասնությունների ինտեգրմամբ։ Սեռական կողմնորոշման հետ կապված ուսումնասիրությունների ժամանակ, երբ քննարկվում է անձի սեռական ձգտումների, վարքագծի և ինքնության աստիճանը, գիտնականները սովորաբար օգտագործում են «համաձայնություն» և «անհամաձայնություն» տերմինները։ Այսպիսով, կինը, ով ունի ձգտումներ այլ կնոջ հանդեպ, սակայն ինքն իրեն անվանում է հետերոսեքսուալ և սեռական հարաբերություններ է ունենում միայն տղամարդկանց հետ, կարող ենք ասել, որ նա բախվում է «անհամաձայնության»՝ իր սեռական կողմնորշման (հոմոսեքսուալ կամ լեսբի) և սեռական ինքնության կամ վարքի (հետերոսեքսուալ) միջև։

«Սեռական ինքնությունը» կարող է օգտագործվել նաև տղամարդու/կնոջ «սեռի» ներընկալումը (ոչ թե սեռական կողմնորոշումը) նկարագրելու համար։ «Սեռական նախասիրություն» տերմինը հիմնականում նմանեցվում է «սեռական կողմնորոշում» տերմինի հետ, և երկու տերմիններն էլ հաճախ նույնարժեք օգտագործվում են։ Սակայն սեռական նախասիրությունը ինչ-որ չափով կամավոր ընտրություն է։

Հարաբերություններ կողմնորոշումներից դուրս

Գեյերն ու լեսբիները կարող են սեռական հարաբերություններ ունենալ հակառակ սեռին պատկանող մեկի հետ տարբեր պատճառներով, ներառյալ ընկալվող ավանդական ընտանիքների ցանկությունները, խտրականության և կրոնական օստրակիզմը։ Մինչդեռ որոշ ԼԳԲՏ անձինք թաքցնում են իրենց կողմնորոշումը իրենց ամուսիններից, մյուսները զարգանում են դրական գեյ և լեսբուհի ինքնությամբ՝ պահպանելով հաջող հետերոսեքսուալ ամուսնությունները։

Պատճառներ

Սեռական կողմնորոշման վրա ազդող առանձին հստակ պատճառներ դեռ հաստատված չեն։ Բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել՝գենետիկայի, հորմոնալ գործողությունների, դինամիկայի զարգացման, սոցիալական և մշակութային ազդեցությունների ազդեցությունը պարզելու համար, ինչը շատերին ստիպել է մտածել, որ կենսաբանության և շրջակա միջավայրի գործոնները կողմնորշման վրա մեծ դեր ունեն։ Ինչ-որ ժամանակ համարվում էր, որ հոմոսեքսուալությունը սխալ հոգեբանական զարգացման արդյունքն է, որը պայմանավորված է մանկական փորձառությունից և թերի հարաբերություններից, այդ թվում`մանկական սեռական բռնությունից։ Հետագայում պարզվել է, որ սա հիմնված էր կանխակալ կարծիքի և ապատեղեկատվության վրա։

Կենսաբանություն

Հետազոտությունները մատնացույց են արել մի քանի սեռական գործոններ, որոնք կարող են կապված լինել սեռական կողմնորոշման զարգացման հետ, ներառյալ գեները, նախածննդյան հորմոնները և ուղեղի կառուցվածքը։ Ոչ մի հիմնական պատճառ չի հայտնաբերվել, և այս ոլորտում շարունակվում են հետազոտությունները։

Թեև հետազոտողները ընդհանուր առմամբ հավատում են, որ սեռական կողմնորոշումը որոշվում է գենետիկական, հորմոնալ և շրջակա միջավայրի ազդեցությունների համադրությունից՝ կենսաբանական գործոնների հետ, ներառյալ գենետիկական գործոնների և վաղ արգանդային միջավայրի բարդ փողազդեցությունները, նրանք որպես պատճառ հանգում են կենսաբանական մոդելի վրա։ Նրանք հավատում են, որ սեռական կողմնորոշումը ընտրություն չէ, նրանցից որոշները հավատում են, որ այն հիմնված է կոնցեպցիայի վրա։ Այսինքն՝ անհատները չեն ընտրում՝ լինել հոմոսեքսուալ, հետերոսեքսուալ, բիսեքսուալ թե ասեքսուալ։ Ժամանակակից գիտական հետազոտությունները սովորաբար փորձում են գտնել որոշակի սեռական կողմնորոշման ընդունման պատճառ հանդիսացող գործոնների կենսաբանական բացատրությունները։ Գիտական հետազոտությունները հայտնաբերել են մի շարք կենսաբանական վիճակագրական տարբերություններ գեյերի և հետորեսեքսուալների միջև, որը կարող է լինել նույն հիմնական պատճառի արդյունքը, ինչպիսին, օրինակ, սեռական կողմնորոշումն է։

Գենետիկական գործոններ

Գեները կարող են կապված լինել սեռական կողմնորշման զարգացման հետ։ 2001 թվականի երկվորյակների միջև ուսումնասիրությունը կարծես թե բացառել է գենը որպես հիմնական գործոն, մինչդեռ 2010 թվականի երկվորյակ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հոմոսեքսուալությունը բացատրվում է երկու գեների և շրջակա միջավայրի գործոններով։ Այնուամենայնիվ, երկվորյակների ուսումնասիրությունների փորձարարական նախագիծը դժվար է մեկնաբանել։

2012 թվականին տղամարդկանց սեռական կողմնորոշմանը վերաբերող լայն, գենոմի միակցման լայնածավալ հետազոտություն անցկացվեց մի քանի անկախ հետազոտական խմբերի կողմից։ Հոմոսեքսուալության զգալի փոխկապակցումը հայտնաբերվել է գենի Xq28 քրոմոսոմի և քրոմոսոմ 8-ի պրոտիկտրոմերիկ շրջանի վրա։ Հեղինակները եզրակացրեցին, որ «մեր հայտնագործությունները, որոնք նախորդ աշխատանքների համատեքստում են, ենթադրում են, որ այս շրջանից յուրաքանչյուրում գենետիկական փոփոխությունները նպաստում են արական սեռական կողմնորոշման կարևոր հոգեբանական առանձնահատկությունների զարգացման վրա»։ Դա հոմոսեքսուալության գենետիկական հիմքի ամենամեծ ուսումնասիրությունն էր մինչև օրս և այն օնլայն հրապարակվել է 2014 թվականի նոյեմբերին։

Հորմոններ

Սեռականության հորմոնալ տեսությունը համարում է, որ որոշակի հորմոնները մեծ դեր ունեն սաղմի սեռական տարբերակման վրա, ինչպես նաև հորմոնալ ենթարկումը նույնպես ազդում է սեռական կողմնորոշման վրա, որը երևան է գալիս հետագայում՝ չափահասների մոտ։ Սաղմի հորմոնները կարող են դիտվել որպես չափահասների սեռական կողմնորոշման վրա հիմնական ազդեցություն կամ որպես գեների հետ համագործակցող կամ շրջակա միջավայրի և սոցիալական պայմանների համադրող գործակից։

Շրջակա միջավայրի գործոններ

Չկա ոչ մի հիմնավոր ապացույց, որը կարող է փաստել, որ վաղ տարիքի փորձը, դաստիարակությունը, սեռական բռնությունը կամ այլ բացասական կյանքի պայմանները ազդում են սեռական կողմնորոշման վրա։ Այդուհանդերձ, հետազոտությունները պարզել են, որ սեռականության արտահայտման գործոններն ունեն փորձարարական հիմք, և որ ծնողների վերաբերմունքը որոշակի սեռական կողմնորոշմանը կարող է ազդել նրանց երեխաների վրա, որոնք փորձարկում են որոշակի սեռական կողմնորոշման հետ կապված վարքագիծ։

Սեռական կողմնորոշումը փոխելու ջանքեր

Սեռական կողմնորոշումը փոխելու ջանքերը այն մեթոդներն են, որոնք նպատակ ունեն փոխել նույնասեռական սեռական կողմնորոշումը։ Այն կարող է ներառել վարքային տեխնիկաներ, իմացական վարքային թերապիա, ռեպարատիվ թերապիա, հոգեվերլուծական տեխնիկա, բժշկական մոտեցումներ, և կրոնական ու հոգևոր մոտեցումներ։

Հոգեկան առողջության մասնագետների ոչ մի հեղինակավոր կազմակերպություն հավանություն չի տալիս սեռական կողմնորոշումը փոխելու ջանքերին, և փաստորեն, նրանք գրեթե բոլորը որդեգրել են մասնագիտական հանրությանը և հասարակությանը այդպիսի փորձերից զգուշացնելու մոտեցում։ Այդ կազմակերպություններից են Ամերիկյան հոգեբուժական ասոցացիան, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան, Ամերիկյան խորհրդատվական ասոցացիան, Սոցիալական աշխատողների ազգային ասոցացիան ԱՄՆ-ում, Հոգեբույժների թագավորական քոլեջը, և Ավստրալիական հոգեբանական հասարակությունը։

Ծանոթագրություններ

Tags:

Սեռական Կողմնորոշում Սեռական ինքնության և վարքի սահմանումներն ու տարբերություններըՍեռական Կողմնորոշում ՊատճառներՍեռական Կողմնորոշում Սեռական կողմնորոշումը փոխելու ջանքերՍեռական Կողմնորոշում ԾանոթագրություններՍեռական Կողմնորոշում

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՖրանսիաԿանոնավոր եռանկյունԿույր աղիքՊատվի համար (դրամա)ՄիջատներԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՀայերենԹուղթ (նյութ)Իտալացի աղջկա երգըՄարդու առնանդամի չափսՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՎիտամին CԿաթվածԱրցախի պատմությունՀովհաննես ԱդամյանՎարդանանք (պատմավեպ)ՁյունՊաղեստինԷներգիաԿարեն ԴեմիրճյանՏնտեսական աճՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԿառլես ՊուչդեմոնՀայերՀրայր ԴժոխքՎիտամին ակումբՏրական հոլովՄխիթարյան միաբանությունՀին ՀռոմԱնսեռ բազմացումՎարդանանց պատերազմՄամփրե արքանԾաղիկՕքսիդԱնդրեյ ԲիտովՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՔրոմոսոմՔութեշԵրևանի պետական համալսարանԲարդ համադասական նախադասությունԿարմրուկԽոր ՎիրապՎինսենթ վան ԳոգԱծխածինՈսկեպարՖուտբոլԵգիպտոսՄանթաշի ջրամբարՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՄատյան ողբերգությանՎիկտոր ԴրագունսկիԱրցախյան ազատամարտԱղավնիներՄուրացանԹութքՆերգործական սեռԵղջերուներԿապանՀովհաննավանքՓոշոտումԻնքնապաշտպանական մարտեր (1915)ԱրարատԱրևմտյան ՀայաստանԵրկրաշարժՀայկական մշակույթՀայկական լեռնաշխարհՀոմանիշԱլբերտ ԱյնշտայնԱրտադրյալԹաջ ՄահալԿրեատինինՖիդայական շարժումԺողովրդավարությունՀայաստանի առաջին հանրապետություն🡆 More