Մերիլին Մոնրո: դերասանուհի

Մերիլին Մոնրո (անգլ.՝ Marilyn Monroe), ի ծնե անունը՝ Նորմա Ջին Մորտենսեն (անգլ.՝ Norma Jeane Mortensen), մկրտվել է որպես Նորմա Ջին Բեյքեր (անգլ.՝ Norma Jeane Baker), հունիսի 1, 1926(1926-06-01), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 4, 1962(1962-08-04) կամ օգոստոսի 5, 1962(1962-08-05), Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասանուհի, մոդել և երգչուհի։ Ճանաչում ձեռք բերելով շիկահեր գեղեցկուհիների (անգլ.՝ blonde bombshell) կատակերգական դերերի շնորհիվ՝ Մերիլին Մոնրոն դարձել է 1950-ական թվականների ամենահայտնի սեքս-խորհրդանիշերից մեկը և սիմվոլիկ այդ դարաշրջանում սեքսուալության հանդեպ վերաբերմունքի տեսանկյունից։ Չնայած նա եղել է առաջատար դերասանուհի ընդամենը մեկ տասնամյակ՝ նրա ֆիլմերը հավաքել են 200 մլն դոլար մինչև դերասանուհու մահը 1962 թվականին (համարժեք է 2 մլրդ դոլարի 2018 թվականի դրությամբ)։ Տասնամյակներ անց նա շարունակում է մնալ փոփ մշակույթի գլխավոր խորհրդանիշը։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ
Մերիլին Մոնրո
անգլ.՝ Marilyn Monroe
Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ
Ծնվել էհունիսի 1, 1926(1926-06-01)[…]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 4, 1962(1962-08-04) (36 տարեկան) կամ օգոստոսի 5, 1962(1962-08-05) (36 տարեկան)
Մահվան վայրԲրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
ԿրթությունՀամալսարանի ավագ դպրոց, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1962), Վան Նույսի ավագ դպրոց և դերասանության ստուդիա
ՔաղաքացիությունՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ ԱՄՆ
Կրոնհրեական աթեիզմ և քրիստոնեություն
Մասնագիտությունկինոդերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր, երգչուհի, ինքնակենսագիր, Փլեյբոյի փլեյմեյթ, ֆոտոմոդել և դերասանուհի
ԸնտրանիՋենտլմենները նախընտրում են շիկահերներին, The Seven Year Itch?, Արքայազնն ու պարուհին, Ջազում միայն աղջիկներ են և The Misfits?
Ծնողներհայր՝ Charles Stanley Gifford?, մայր՝ Gladys Monroe?
Ամուսին(ներ)James Dougherty?, Ջո ԴիՄաջիո և Արթուր Միլլեր
Համատեղ ապրող(ներ)JFK
Պարգևներ և մրցանակներ
marilynmonroe.com

Ծնվելով և հասակ առնելով Լոս Անջելեսում՝ Մոնրոն իր մանկության մեծ մասն անցկացրել է որդեգիր ընտանիքներում և մանկատներում, իսկ տասնվեց տարեկանում ամուսնացել է։ Պատերազմի ժամանակ «Radioplane Co.» ընկերության ավիացիոն գործարանում աշխատելու ընթացքում՝ 1944 թվականին, նա ներկայացվել է First Motion Picture Unit-ի լուսանկարչին և սկսել փին-ափ մոդելի հաջող կարիերա։ Հետագայում նա կարճաժամկետ պայմանագրեր է կնքել Twentieth Century-Fox (1946-1947) և Columbia Pictures (1948) ընկերությունների հետ։ Մի շարք փոքր դերերից հետո Մոնրոն պայմանագիր է կնքել Fox ընկերության հետ 1951 թվականին։ Հաջորդ երկու տարիների ընթացքում նա դարձել է ճանաչված դերասանուհի և նկարահանվել մի շարք կատակերգություններում, ինչպիսիք են՝ «Այնքան երիտասարդ, որքան դու ես զգում» (անգլ.՝ «As Young as You Feel») և «Կապկի գործ» (անգլ.՝ «Monkey Business»), ինչպես նաև «Ընդհարում գիշերը» (անգլ.՝ «Clash by Night») և «Կարելի է չթակել» (անգլ.՝ «Don't Bother to Knock») դրամաներում։ Մոնրոն հայտնվել է սկանդալի կիզակետում, երբ բացահայտվել է, որ նա մերկ լուսանկարվել է նախքան աստղ դառնալը, բայց այդ պատմությունը ստվեր չի գցել նրա կարերայի վրա, այլ ընդհակառակը, ավելի է մեծացրել հետաքրքրությունը նրա ֆիլմերի նկատմամբ։

Մինչ 1953 թվականը Մոնրոն դարձել է ամենապահանջված հոլիվուդյան աստղերից մեկը․ նա ստացել է գլխավոր դերեր «Նիագարա» նուար ֆիլմում, որում շեշտը դրվել է նրա գրավչության ցուցադրման վրա, ինչպես նաև «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» և «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ», որոնց շնորհիվ ստեղծվել է «հիմար շիկահերի» նրա աստղային կերպարը։ Նույն թվականին նրա նկարները հայտնվել են Playboy տղամարդկանց ամսագրի առաջին համարի շապիկին և մեջտեղի էջում։ Չնայած Մոնրոն կարևոր դեր է կատարել իր հանրային կերպարի ստեղծման ու հետագա պահպանման գործում, իր ամբողջ կարիերայի ընթացքում նա բացասաբար է ընդունել իրեն այդ կերպարի հետ նույնացնելու և ստուդիաների կողմից քիչ վճարվելու փաստերը։ 1954 թվականի սկզբին նա կարճ ժամանակով հեռացվել է աշխատանքից նախագիծը մերժելու պատճառով, բայց վերադարձել է և նկարահանվել իր կարիերայի ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկում՝ «Յոթ տարվա տենչ» կինոնկարում (1955)։

Ստուդիայի՝ պայմանագիրը փոխել չցանկանալու հետ կապված խնդիրների պատճառով Մոնրոն 1954 թվականի վերջին հիմնադրել է իր կինոընկերությունը, որը կոչել է Marilyn Monroe Productions (MMP)։ 1955 թվականը նա նվիրել է իր ընկերության զարգացմանն ու սկսել է սովորել դերասանական մեթոդ Դերասանական ստուդիայում։ 1955 թվականի վերջին Fox-ը Մոնրոյի հետ կնքել է նոր պայմանագիր, որը նրան տվել է ավելի մեծ վերահսկողություն և բարձր աշխատավարձ։ Նրա հետագա աշխատանքների թվում են եղել քննադատության արժանացած դերը «Ավտոբուսի կանգառ» (1956) ֆիլմում և MMP ընկերության առաջին անկախ արտադրանքը՝ «Արքայազնն ու պարուհին» (անգլ.՝ «The Prince and the Showgirl», 1957) ֆիլմը։ Մոնրոն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի որպես լավագույն դերասանուհի «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմում իր դարակատարման համար (1959), որն ունեցել է հաջողություն քննադատների շրջանում, ինչպես նաև կոմերցիոն տեսանկյունից։ Նրա վերջին ավարտուն աշխատանքը եղել է «Անհանգիստները» (1961) ֆիլմը։

Մերիլին Մոնրոյի՝ խնդիրներով լի անձնական կյանքն արժանացել է մեծ ուշադրության։ Նա պայքարել է հոգեմետ նյութերի չարաշահման, դեպրեսիայի և տագնապի դեմ։ Նախկին բեյսբոլիստ Ջո ԴիՄաջիոյի և դրամատուրգ Արթուր Միլլերի հետ նրա համապատասխանաբար երկրորդ և երրորդ ամուսնությունները մեծ արձագանք են ստացել հանրության շրջանում, և երկուսն էլ ավարտվել են ամուսնալուծությամբ։ 1962 թվականի օգոստոսի 5-ին Մերիլին Մոնրոն մահացել է 36 տարեկան հասակում բարբիտուրատների չարաշահումից Լոս Անջելեսի իր տանը։ Չնայած Մոնրոյի մահը համարվել է հավանական ինքնասպանություն, նրա մահվանից հետո առաջարկվել են մի շարք դավադրության տեսություններ։

Կենսագրություն

Վաղ կյանք և առաջին ամուսնություն (1926-1943)

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Մոնրոն 1927 թվականին

Մերիլին Մոնրոն (ծննդյան անունը՝ Նորմա Ջին Մորտենսոն) ծնվել է 1926 թվականի հունիսի 1-ին Լոս Անջելեսում։ Նա եղել է Գլեդիս Փյորլ Բեյքերի (օրիորդական ազգանունը՝ Մոնրո, 1902-1984) երրորդ երեխան։ Գլեդիսը եղել է Միջին Արևմուտքից Կալիֆոռնիա տեղափոխված աղքատ ընտանիքի դուստր։ Տասնհինգ տարեկանում նա ամուսնացել է իրենից ինը տարով մեծ Ջոն Նյուտոն Բեյքերի հետ և նրանից ունեցել երկու երեխա՝ Ռոբերտը (1917-1933) և Բերնիսը (ծնվել է 1919 թվականին)։ 1921 թվականին Գլեդիսը դիմել է ամուսնալուծության և Բեյքերը երեխաներին իր հետ տարել է իր հայրենի Կենտուկի։ Մոնրոն մինչև 12 տարեկանը չի իմացել, որ ունի քույր, որին առաջին անգամ հանդիպել է չափահաս տարիքում։ Ամուսնալուծությունից հետո Գլեդիսն աշխատել է որպես մոնտաժող Consolidated Film Industries-ում։ 1924 թվականին նա ամուսնացել է Մարտին Էդվարդ Մորտենսենի հետ, բայց մի քանի ամիս անց նրանք բաժանվել են և ամուսնալուծվել 1928 թվականին։ Մերիլին Մոնրոյի հոր ինքնությունն անհայտ է և նա ավելի հաճախ օգտագործել է Բեյքեր ազգանունը։

Չնայած Գլեդիսը հոգեբանորեն և ֆինանսապես պատրաստ չէր երեխայի ծննդին, Մոնրոյի վաղ մանկությունն եղել է կայուն ու երջանիկ։ Դստեր ծննդից կարճ ժամանակ անց Գլեդիսը նրան տեղավորել է խնամակալների՝ Ալբերտ և Իդա Բոլենդերների ընտանիքում, որ ապրել են Հոթորն գյուղաքաղաքում։ Վերջիններս ունեցել են այլ որդեգիր երեխաներ ևս և նրանց դաստիարակել են ավետարանական քրիստոնեության սկզբունքներով։ Սկզբում Գլեդիսն ապրել է Բոլենդերների մոտ և մեկնել աշխատանքի Լոս Անջելես, բայց աշխատանքային երկար հերթափոխերը նրան ստիպել են վերադառնալ քաղաք 1927 թվականի սկզբին։ Դրանից հետո նա այցելել է դստերն ազատ օրերին, նրան հաճախ տարել կինո կամ Լոս Անջելեսի տեսարժան վայրեր։ Չնայած Բոլենդերները ցանկացել են որդեգրել Մոնրոյին, մինչև 1933 թվականը Գլեդիսն իր ֆինանսական դրությունը համարել է բավական կայուն և աղջկան տարել է իր մոտ ու գնել փոքր տուն Հոլիվուդում։ Այդ տանը բնակվել են նաև դերասաններ Ջորջ և Մոդ Ատկինսոնները ու նրանց դուստրը՝ Նելլին։ Մի քանի ամիս անց՝ 1934 թվականի հունվարին, Գլեդիսի մոտ նկատվել է հոգեկան խանգարում և ախտորոշվել է պարանոյիդ շիզոֆրենիա։ Հանգստյան տանը մի քանի ամիս անցկացնելուց հետո նա տեղափոխվել է Մետրոպոլիտան պետական հիվանդանոց։ Իր կյանքի մնացած մասը Գլեդիսն անցկացրել է հիվանդանոցներում կամ դրանցից դուրս, և քիչ է շփվել Մոնրոյի հետ։

Երբ ես հինգ տարեկան էի, կարծում եմ՝ այդ ժամանակ էլ սկսել եմ ցանկանալ դերասանուհի լինել։ Ես սիրում էի խաղալ։ Ես չէի սիրում իմ շուրջը եղած աշխարհը, որովհետև այն մի քիչ մռայլ էր, բայց ես սիրում էի խաղալ տանը։ Կարծես դու կարող էիր ստեղծել քո սեփական սահմանները․․․ Երբ ես լսեցի, որ դա դերասանություն է, ես ասացի՝ դա այն է, ինչ ես ուզում եմ լինել․․․ Իմ խնամակալ ընտանիքներից մի քանիսը ինձ ուղարկում էին կինո, որպեսզի ինձ հանեն տնից, որտեղ ես նստում էի ամբողջ օրը և ամբողջ գիշերը։ Առջևում, այնքան մեծ էկրանի մոտ փոքր երեխա բոլորովին մենակ, և ես սիրեցի այն։

Մոնրոն անցել է պետության խնամակալության տակ, և Գլեդիսի ընկերուհին՝ Գրեյս ՄաքՔի Գոդարդը նրա և նրա մոր գործերի պատասխանատվությունը վերցրել է իր վրա։ Հաջորդ չորս տարիների ընթացքում նա ապրել է մի քանի խնամակալ ընտանիքներում և հաճախ տեղափոխվել մի դպրոցից մյուսը։ Առաջին տասնվեց ամիսներին նա շարունակել է ապրել Ատկինսոնների հետ․ այդ ընթացքում նա ենթարկվել է սեռական բռնության։ Մոնրոն, որ միշտ եղել էր ամաչկոտ, սկսել է նաև կակազել և դարձել է ավելի ինքնամփոփ։ 1935 թվականի ամռանը նա մի կարճ ժամանակ ապրել է Գրեյսի ու նրա ամուսնու՝ Էրվին «Դոք» Գոդարդի և երկու այլ ընտանիքների մոտ, ինչից հետո՝ 1935 թվականի սեպտեմբերին, Գրեյսը նրան տեղավորել է Լոս Անջելեսի որբանոցում (Հոլիվուդում)։ Որբանոցը, որ եղել է «օրինակելի կառույց» և նրա տարեկիցների կողմից նկարագրվել դրականապես, Մոնրոն բնորոշել է բացասական։

Կարծելով, որ Մոնրոն ավելի երջանիկ կլինի ընտանիքում՝ մանկատան աշխատակիցները Գրեյսին համոզել են դառնալ նրա օրինական խմամակալը 1936 թվականին, բայց նա կարողացել է աղջկան մանկատնից վերցնել միայն 1937 թվականի ամռանը։ Մոնրոն երկրորդ անգամ Գրեյսի տանն ապրել է ընդամենը մի քանի ամիս, որովհետև ենթարկվել է բռնության Դոքի կողմից։ Իր ազգականների ու Գրեյսի ընկերների ու ազգականների մոտ Լոս Անջելեսում ու Քոմպթոնում մի քանի ամիս մնալուց հետո Մոնրոն գտել է համեմատաբար կայուն ընտանիք 1938 թվականի սեպտեմբերին, երբ սկսել է ապրել Գրեյսի մորաքրոջ՝ Աննա Անչինսոն Լոուերի մոտ՝ Սոթելում։ Նա սկսել է հաճախել էմերսոնի միջին դպրոց, գնացել քրիստոնեական գիտության ամենշաբաթյա պատարագներ Լոուերի հետ։ Մոնրոն եղել է միջակ սովորող աշակերտ, բայց գրական ընդունակություններ է ցուցաբերել և գրել է դպրոցի թերթի համար։ Լոուերի առողջական խնդիրների պատճառով Մոնրոն 1940 թվականի վերջին կամ 1941 թվականի սկզբին վերադարձել է ապրելու Գոդարդների մոտ Վան Նայսում։ Էմերսոնի դպրոցն ավարտելուց հետո նա սկսել է հաճախել Վան Նայսի ավագ դպրոց։

1942 թվականի սկզբին ընկերությունը, որտեղ աշխատում էր Դոք Գոդարդը, նրան տեղափոխել է Արևմտյան Վիրջինիա։ Կալիֆոռնիայի՝ երեխաների պաշտպանությանը վերաբերող օրենքները նրանց արգելել են Մոնրոյին տանել նահանգից դուրս, և նա հայտնվել է նորից մանկատուն վերադառնալու հեռանկարի առաջ։ Որպես լուծում՝ նա ամուսնացել է իր հարևանի որդու՝ գործարանի բանվոր, 21-ամյա Ջեյմս «Ջիմ» Դոգերթիի հետ 1942 թվականի հունիսի 19-ին՝ իր 16-ամյակից մեկ օր անց։ Ամուսնությունից հետո Մոնրոն հեռացել է դպրոցից և դարձել տնային տնտեսուհի։ Նա հետագայում ասել է, թե «ամուսնությունն ինձ տխրություն չբերեց, բայց և երջանիկ նույնպես չդարձրեց։ Իմ ամուսինն ու ես հազվադեպ էիք խոսում միմյանց հետ։ Դրա պատճառն այն չէր, որ մենք զայրացած էինք։ Մենք ոչինչ չունեինք ասելու։ Ես մեռնում էի ձանձրույթից»։ 1943 թվականին Դոգերթին ընդունվել է ծառայության առևտրային նավի վրա և ուղարկվել Սանտա Կատալինա կղզի, ուր Մոնրոն մեկնել է նրա հետ։

Մոդելային կարիերա և առաջին դերեր կինոյում (1944-1949)

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Մոնրոյի՝ Քոնովերի կողմից արված լուսանկարը «Radioplane Co.» ընկերության գործարանում աշխատելու ընթացքում՝ 1944 թվականի կեսերին

1944 թվականի ապրիլին Դոգերթին ուղարկվել է Խաղաղ օվկիանոս, և մնացել այնտեղ հաջորդ երկու տարիների մեծ մասը։ Մոնրոն տեղափոխվել է իր ծնողների մոտ և սկսել է աշխատել Վան Նայսում՝ «Radioplane Co.» ընկերության ավիացիոն գործարանում։ 1944 թվականի վերջին նա հանդիպել է լուսանկարիչ Դևիդ Քոնովերին, որին ԱՄՆ բանակի օդային ուժերի Առաջին կինեմատոգրաֆիական միությունն (անգլ.՝ First Motion Picture Unit) ուղարկել էր ռազմական գործարանների կին բանվորների՝ պրոպագանդիստական լուսանկերներ անելու։ Չնայած Մոնրոյի ոչ մի լուսանկար չի օգտագործվել, նա հեռացել է գործարանից 1945 թվականի հունվարին և սկսել է աշխատել որպես մոդել Քոնովերի ու նրա ընկերների մոտ։ Ամուսնու կամքին հակառակ Մոնրոն շարունակել է մոդելի կարիերան և պայմանագիր է կնքել Blue Book մոդելային գործակալության հետ 1945 թվականի օգոստոսին։

Որպես մոդել՝ ՄՄոնրոն հազվադեպ օգտագործել է Ջին Նորման անունը։ Նա ուղղացրել է իր գանգուր թուխ մազերը, իսկ հետագայում դարձել է շիկահեր, որպեսզի ավելի համապատասխանի աշխատանք առաջարկողների պահանջներին։ Նրա մարմնի կազմվածքն ավելի համապատասխան է եղել որպես փին-ափ, ոչ թե նորաձևության մոդել հանդես գալու համար, և նա ավելի շատ լուսանկարվել է գովազդի ու տղամարդկանց ամսագրերի համար։ Ըստ գործակալության սեփականատեր Էմելայն Սնիվելիի՝ Մոնրոն եղել է ամենիզ ամբիցիոզ և ամենաաշխատասեր մոդելներից մեկը․ մինչև 1946 թվականի սկիզբը նա արդեն հայտնվել էր 33 ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ Pageant, U.S. Camera, Laff և Peek։

Սնիվելիի միջոցով Մոնրոն 1946 թվականի հունիսին պայմանագիր է կնքել դերասանական գործակալության հետ։ Paramount Pictures-ի անհաջող հարցազրույցից հետո նա հրավեր է ստացել 20th Century-Fox ստուդիայի տնօրեն Բեն Լիոնից։ Ստուդիայի գործադիր տնօրեն Դերիել Ֆ․ Զանուկը կողմ չի եղել դրան, բայց նրան համոզել են, որ Մոնրոյի հետ պետք է կնքել վեցամսյա ատանդարտ պայմանագիր, որպեսզի կանխեն նրա համագործակցությունը իրենց մրցակից RKO Pictures ստուդիայի հետ։ Մոնրոյի պայմանագիրն ուժի մեջ է մտել 1946 թվականի օգոստոսին, և նա Լիոնի հետ ընտրել է Մերիլին Մոնրո բեմական անունը․ անունն ընտրել է Լիոնը, որը վերցրել է Բրոդվեյի աստղա Մերիլին Միլլերի անունից, իսկ ազգանունն ընտրել է Մոնրոն՝ վերցնելով իր մոր օրիորդական ազգանունը։ 1946 թվականի սեպտեմբերին Մոնրոն բաժանվել է Դոգերթիից, որը դեմ էր նրա կարիերային։

Մոնրոն լուսանկարվում է բացիկի համար իր մոդելային կարիերայի շրջանակներում
Մոնրոն ստուդիայի գովազդային լուսանկարում․ լուսանկարն արվել է 1947 թվականին, երբ նա 20th Century-Fox ստուդիայի պայմանագրային աշխատող էր

Պայմանագիր կնքելուց հետո Մոնրոն առաջին ամիսներին դերեր չի ստացել և իր ժամանակը նվիրել է դերասանական վարպետության, երգի ու պարի դասերին։ Ցանկանալով ավելի շատ սովորել կինոարտադրության մասին և սեփական ուժերով նպաստել իր առաջընթացին՝ նա շատ ժամանակ է անցկացրել ստուդիայում՝ հետևելով այլ դերասանների աշխատանքին։ Նրա ապայմանագիրը վերակնքվել է 1947 թվականի փետրվարին, և նա ստացել է իր առաջին երկու կինոդերերը՝ կատարելով փոքր դերեր «Վտանգավոր տարիներ» (անգլ.՝ «Dangerous Years», 1947) և «Scudda Hoo! Scudda Hay!» (1948) ֆիլմերում Ստուդիան Մոնրոյին ուղարկել է Actors' Laboratory Theatre՝ դերասանական դպրոց, որտեղ ուսուցանվել է Խմբային թատրոնի (անգլ.՝ Group Theatre) տեխնիկան․ Մոնրոն հետագայում ասել է․ «Դա իմ առաջին փորձն էր, թե ինչպիսին կարող է լինել իսկական դերասանական խաղը իրական դրամայում, և դա գրավեց ինձ»։ Չնայած Մոնրոյի խանդավառությանը՝ ուսուցիչները նրան համարել են չափազանց ամաչկոտ և ոչ ինքնավստահ դերասանուհի դառնալու համար, և Fox-ը հրաժարվել է երկարաձգել նրա հետ պայմանագրի ժամկետը 1947 թվականի օգոստոսին։ Մոնրոն վերադարձել է մոդելային կարիերային՝ միաժամանակ կատարելով պատահական ոչ մեծ դերեր կինոստուդիաներում, օրինակ՝ նկարահանվելով որպես պարուհի երաժշտական տեսարաններում։

Հստակ որոշելով դառնալ դերասանուհի՝ Մոնրոն շարունակել է սովորել Դերասանական լաբորատորիայում՝ դասերի համար վճարելով ինքնուրույն։ 1947 թվականի հոկտեմբերին նա պետք է կատարեր շիկահեր վամպիրի դեր Բլիսս-Հայդեն թատրոնի Glamour Preferred ներկայացման մեջ, բայց այն չի արժանացել ոչ մի նշանակալի հրատարակության ուշադրությանը և փակվել է մեկ ներկայաացումից հետո։ Իր առաջընթացին նպաստելու համար Մոնրոն հաճախակի այցելել է պրոդյուսերների գրասեյակներ, մտերմացել բամբասանքների սյունակի հեղինակ Սիդնի Սկոլսկու հետ և շփվել ազդեցիկ տղամարդկանց հետ ստուդիական երեկույթների ժամանակ, ինչպես սովորել էր Fox-ում աշխատելու ընթացքում։ Նա մտերմացել է նաև Fox-ի գործադիր տնօրեն Ջոզեֆ Մ․ Ժենկի հետ (որի հետ ունեցել է սեռական կապ), որն իր ընկերոջը՝ Columbia Pictures ստուդիայի գործադիր տնօրեն Հարրի Քոնին համոզել է նրա հետ պայմանագիր կնքել 1948 թվականի մարտին։

Fox-ում «հարևան աղջկա» դերեր կատարելուց հետո Columbia ստուդիայում Մոնրոն նմանվել է Ռիտա Հեյուորթին։ Նրա մազագիծը բարձրացվել է, իսկ մազերի գույնը դարձվել պլատինագույն շիկահեր։ Նա սկսել է աշխատել ստուդիայի դերասանական վարպետության գլխավոր դասավանդող Նատաշա Լայտեսի հետ, որը մնացել է նրա ուսուցիչը մինչև 1955 թվականը։ Ստուդիայում նրա միակ ֆիլմը եղել է «Երգչախմբի լեդիները» (անգլ.՝ Ladies of the Chorus, 1948) փոքրաբյուջե մյուզիքլը, որում նա առաջին անգամ կատարել է գլխավոր դեր՝ մարմնավորելով երգչախմբի աղջիկներից մեկին, որին սիրահետում է հարուստ տղամարդ։ Նա կինոփորձերի է մասնակցել «Երեկ ծնվածը» (անգլ.՝ Born Yesterday, (1950) ֆիլմի համար, բայց 1948 թվականի սեպտեմբերին ստուդիան չի երկարաձգել պայմանագրի ժամկետը։ «Երգչախմբի լեդիները» թողարկվել է հոկտեմբերին և հաջողություն չի ունեցել։

Columbia ստուդիայից հեռանալուց հետո Մոնրոն դարձել է Ջոնի Հայդի հովանավորյալը, որը Ուիլյամ Մորիսի գործակալության փոխտնօրենն էր։ Շուտով նրանց միջև սկսվել է սիրավեպ, և Հայդը նույնիսկ ամուսնության առաջարկություն է արել։ Նա վճարել է Մոնրոյի ծնոտի սիլիկոնե պրոթեզի ու գուցե նաև ռինոպլաստիկայի համար և նրա համար փոքր դեր ապահովել Մարքս եղբայրների «Երջանիկ սեր (անգլ.՝ Love Happy, 1950) ֆիլմում։ Մոնրոն շարունակել է նաև մոդելի կարիերան, և 1949 թվականի մայիսին մերկ լուսանկարվել է Թոմ Քելլի կողմից։ Չնայած «Երջանիկ սեր» ֆիլմում Մոնրոյի դերը եղել է էպիզոդիկ, նա ընտրվել է նույն թվականին մասնակցելու ֆիլմի պրոմոարշավին Նյու Յորքում։

Առաջընթացի տարիներ (1950-1952)

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Մոնրոն Ջոն Հյուստոնի «Ասֆալտային ջունգլիներ» ֆիլմում (1950)՝ գանգստերի ընկերուհի Անջելայի դերում, որը եղել է քննադատների ուշադրությանն արժանացած նրա առաջին դերերից մեկը

1950 թվականին Մոնրոն կատարել է էպիզոդիկ դերեր «Երջանիկ սեր», «Թոմահոքի տոմս» (անգլ.՝ A Ticket to Tomahawk), «Աջ քրոս» (անգլ.՝ Right Cross) և «Կրակե գունդ» (անգլ.՝ The Fireball) ֆիլմերում, ինչպես նաև կատարել երկրորդական դերեր քննադատների կողմից բարձր գնահատված երկու ֆիլմերում՝ Ժոզեֆ Մանկևիչի «Ամեն ինչ Եվայի մասին» (անգլ.՝ All About Eve) դրամայում և Ջոն Հյուսթոնի «Ասֆալտային ջունգլիներ» (անգլ.՝ The Asphalt Jungle) քրեական ֆիլմում։ Չնայած վերջինում Մոնրոն, որ մարմնավորել է ծերացող հանցագործի ընկերուհի Անջելային, էկրանին հայտնվել է ընդամենը մի քանի րոպե, նա հիշատակվել է Photoplay ամսագրում և ըստ Սպոտոյի՝ «հաջողությամբ վերածվել կինոմոդելից լուրջ դերասանուհու»։ 1950 թվականի դեկտեմբերին Հայդը կարողացել է պայմանավորվել, որ 20th Century-Fox ստուդիան Մոնրոյի հետ կնքի յոթամյա պայմանագիր։ Նա մահացել է սրտի կաթվածից մի քանի օր անց, ինչը Մոնրոյին հասցրել է հուսահատության։

Fox ստուդիայի հետ պայմանագիրն ավելի մեծ ճանաչում է բերել Մոնրոյին։ 1951 թվականի մարտին նա վարել է «Օսկարի» 23-րդ մրցանակաբաշխությունը, իսկ սեպտեմբերին Collier's պարբերականը դարձել է առաջին ազգային ամսագիրը, որ տպագրել է Մոնրոյի ամբողջական պրոֆիլ լուսանկարը։ Նույն թվականին Մոնրոն ատարել է երկրորդական դերեր չորս փոքրաբյուջե ֆիլմերում՝ MGM ընկերության «Հայրենի քաղաքում» (անգլ.՝ Home Town Story) դրամայում և Fox ստուդիայի՝ հաջողություն ունեցած երեք կատակերգություններում՝ «Այնքան երիտասարդ, որքան դու ես զգում» (անգլ.՝ As Young as You Feel), «Սիրո բույն» (անգլ.՝ Love Nest) և «Եկեք օրինականացնենք դա» (անգլ.՝ Let's Make It Legal)։ Ըստ Դոնալդ Սպոտոյի՝ բոլոր չորս ֆիլմերում Մոնրոն ներկայացվել է «հիմնականում [որպես] sexy ornament», բայց նա ստացել է մի շարք գովաբանական խոսքեր քննադատներից․ The New York Times-ից Բոսլի Քրաութերը նրան նկարագրել է որպես «սքանչելի» (անգլ.՝ superb) «Այնքան երիտասարդ, որքան դու ես զգում» ֆիլմում, իսկ Los Angeles Daily News պարբերականից Էզրա Գուդմանը նրան կոչել է «ամենավառ սկսնակ դերասանուհիներից մեկը» «Սիրո բույն» ֆիլմում դերակատարման համար։ Իր դերասանական վարպետության զարգացման նպատակով Մոնրոն շարունակել է սովորել Միխայիլ Չեխովի և Լոտի Գոսլարի (դիմախոսություն) մոտ։ Հանդիսատեսի շրջանում նրա ժողովրդականությունը նույնպես շարունակել է մեծանալ․ նա երկրպագուներից շաբաթական ստացել է մի քանի հազար նամակ և ճանաչվել «Միսս փին-ափ 1951» Stars and Stripes բանակային թերթի կողմից՝ հիմնվելով Կորեական պատերազմի մասնակից զինվորների կարծիքների վրա։ Այդ ընթացքում Մոնրոն հարաբերություններ է ունեցել ռեժիսոր Էլիա Կազանի հետ, ինչպես նաև կարճատև հարաբերություններ մի քանի այլ մարդկանց հետո, որոնց թվում են եղել ռեժիսոր Նիկոլաս Ռեյը և դերասաններ Յուլ Բրիններն ու Փիթեր Լոուֆորդը։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Մոնրոն հոգեկան խնդիրներ ունեցող դայակի դերում «Կարելի է չթակել» ֆիլմում (1952)

Իր պայմանագրի երկրորդ տարում Մոնրոն դարձել է առաջատար դերասանուհի։ Բամբասանքների սյունակի լրագրող Ֆլորաբել Մյուիրը նրան կոչել է 1952 թվականի «it girl» իսկ Հեդա Հոփերը նրան նկարագրել է որպես «փին-ափ թագուհի» (անգլ.՝ cheesecake queen), որի ֆիլմերը պետք է ունենան մեծ շահույթ։ Փետրվարին նա կոչվել է ամենաշատ դրամարկղային շահույթ բերող ամենաերիտասարդ դերասանուհի Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից և սկսել հանրության շրջանում մեծ արձագանքի արժանացած սիրավեպ Նյու Յորք Յանկիս թիմի նախկին բասկետբոլիստ Ջո Դիմաջիոյի հետ, որն այդ ժամանակ եղել է ամենահայտի մարզիկներից մեկը։

1952 թվականի մարտին սկանդալ է բռնկեվել, երբ Մոնրոն հարցազրույցի ժամանակ պատմել է, որ 1949 թվականին ինքը մերկ լուսանկարվել է, և այդ լուսանկարներն օգտագործվում են օրացույցներում։ Ստուդիան օրացույցի սպասվող հրատարակության մասին իմացել է մի քանի շաբաթ անց, և Մոնրոյի հետ միասին որոշվել է, որ նրա կարիերային սպառնացող վտանգը կանխելու համար նա բացահայտորեն ասի այդ մասին՝ նշելով, որ ինքն այդ ժամանակ եղել է վատ վիճակում։ Այդ ռազմավարության շնորհիվ նա արժանացել է հանրության համակրանքին, ու մեծացել է հետաքրքրությունը նրա ֆիլմերի նկատմամբ․ հաջորդ ամսին նա լուսանկարվել է Life ամսագրի շապիկի համար որպես «The Talk of Hollywood»։ Մոնրոն ներկայացել է որպես նոր սեքս-խորհրդանիշ, ինչպես նաև գործի են դրվել փիար-հնարքներ․ նա հագել է բաց զգեստ «Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթի շքերթը գլխավորելու ժամանակ և բամբասանքների սյունակի լրագրող Էրլ Ուիլսոնին ասել է, թե ինքը սովորաբար ներքնազգեստ չի հագնում։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Քիթ Էնդսն ու Մոնրոն «Ընդհարում գիշերը» (անգլ.՝ Clash by Night, 1952) ֆիլմում

Չնայած իր ժողովրդականությանն ու սեքսուալությանը՝ Մոնրոն ցանկացել է իրեն ավելի շատ դրսևորել որպես դերասանուհի։ 1952 թվականի ամռանը նա նկարահանվել է կոմերցիոն տեսանկյունից հաջողություն ունեցած երկու դրամաներում։ Դրանցից առաջինը եղել է Ֆրից Լանգի «Ընդհարում գիշերը» ֆիլմը, որի համար նա վարձավճարով աշխատել է RKO ընկերությունում և կատարել Մոնտերեյում ձկան պահածոների պատրաստման գործարանի բանվորուհու դեր։ Այդ դերակատարման համար Մոնրոն արժանացել է դրական արձագանքների․ The Hollywood Reporter պարբերականը նշել է, որ «նա արժանի է եղել գլխավոր դերի իր գերազանց մեկնաբանման շնորհիվ»։ Երկրորդ ֆիլմը եղել է «Կարելի է չթակել» (անգլ.՝ «Don't Bother to Knock») թրիլլերը, որում նա կատարել է հոգեկան խանգարումներ ունեցող դայակի դեր, որը Զանուկը Մոնրոյին տվել էր հանձնել էր նրան ավելի ծանր դրամատիկ դերում փորձելու համար։ Այն արժանացել է խառը արձագանքների քննադատների կողմից, Քրաուզերը նրան համարել է բավական անփորձ նման դժվար դերի համար, իսկ Variety-ի լրագրողը ֆիլմի խնդիրների պատճառ է համարել վատ սցենարը։

1952 թվականին ստեղծված մյուս երեք ֆիլմերում Մոնրոն կատարել է կատակերգական դերեր, որոնցում շեշտը դրվում էր նրա սեքսուալ հմայքի վրա։ «Մենք ամուսնացած չենք» (անգլ.՝ We're Not Married!) ֆիլմում Մոնրոն կատարել է գեղեցկության մրցույթի մասնակցի դեր, որը, ըստ գրող Նանելլի Ջոնսոնի, ստեղծվել էր միայն «Մերիլինի երկու լողազգեստներով ներկայացնելու» համար։ Հովարդ Հոուքսի «Կապկի գործ» (անգլ.՝ Monkey Business) ֆիլմում, որում Մոնրոն նկարահանվել է Քերի Գրանտի հետ միասին, նա մարմնավորել է քարտուղարուհու, որը «հիմար, մանկամիտ շիկահեր է, և միամտորեն անտեղյակ է, թե ինչ քաոս է առաջացրել իր շուրջն իր սեքսութալությունը»։ «Օ․ Հենրիի ողջ տունը» (անգլ.՝ O. Henry's Full House) ֆիլմում Մոնրոն կատարել է մարմնավաճառի փոքր դեր։

Այդ ժամանակաշրջանում Մոնրոն ձեռք է բերել դերասանուհու համբավ, որը խնդիրներ է առաջացնում նկարահանման հրապարակում․ այդ խնդիրներն ավելի են սրվել նրա կարիերայի առաջընթացին զուգահեռ։ Նա հաճախ ուշացել է կամ ընդհանրապես չի ներկայացել, մոռացել է իր խոսքերը և պահանջել է մի քանի անգամ վերանկարահանել, մինչև հավանել է իր խաղը։ Ռեժիսորներին զայրացրել է նաև Մոնրոյի կախվածությունը դերասանական վարպետության իր ուսուցիչներից՝ նախ Նատաշա Լայտեսից, ապա Պաուլա Ստրասբերգից։ Մոնրոյի խնդիրները բացատրվում են պերֆեկցիոնիզմի, ցածր ինքնագնահատականի և բեմից ունեցած վախով։ Նրան դուր չի եկել նաև նկարահանման հրապարակում իր աշխատանքը նկատմամբ վերահսկողության բացակայությունը, չնայած նա երբեք դա չի զգացել լուսանկարվելու ժամանակ, երբ կարող էր իր պահել ազատ, քանի որ պարտավոր չէր հետևել սցենարին։ Անհանգստության ու քրոնիկ անքնության դեմ պայքարելու համար Մոնրոն սկսել է օգտագործել բարբիտուրատներ, ամֆետամիններ ու ալկոհոլ, որոնք ավելի են խորացրել նրա խնդիրները, չնայած նա կախվածություն չի ունեցել նախքան 1956 թվականը։ Ըստ Սառա Չերչվելի՝ Մոնրոյի վարքի (հատկապես նրա կարիերայի ուշ շրջանում) պատճառը եղել են նրա տղամարդ խաղընկերների ու ռեժիսորների ներողամտությունն ու սեքսիզմը։ Նմանապես Լոիս Բենները պնդել է, որ նրա հանդեպ ծաղրական վերաբերմունք են ցուցաբերել բազմաթիվ ռեժիսորներ։

Ճանաչված աստղ (1953)

Մոնրոն Ռոս Լումիսի դերում «Նիագարա» նուար ֆիլմում (1953)
Մոնրոն կատարում է «Diamonds Are a Girl's Best Friend» երգը «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմում (1953)
Մոնրոն և Ջեյն Ռասելը ցեմենտի մեջ իրենց ձեռքերը դաջելուց հետո Գրաումանի չինական թատրոնի մոտ

Մոնրոն նկարահանվել է երեք ֆիլմերում, որ թողարկվել են 1953 թվականին և դարձել խոշորագույն սեքս-խորհրդանիշն ու Հոլիվուդի ամենաեկամտաբեր դերասաններից մեկը։ Այդ ֆիլմերից առաջինը եղել է «Նիագարա» տեխնիքոլոր նուար ֆիլմը, որում նա կատարել է ճակատագրական կնոջ դեր, որը ծրագրում է սպանել իր ամուսնուն, որին մարմնավորում է Ջոզեֆ Քոթենը։ Մինչ այդ Մոնրոն ու իր դիմահարդար Ալան «Ուայթի» Սնայդերը մշակել են մի դիմահարդարում, որ ասոցացվում էր նրա հետ․ նետաձև մուգ ունքեր, գունատ մաշկ, փայլող կարմիր շրթունքներ և խալ։ Ըստ Սառա Չերչվելի՝ «Նիագարան» եղել է ամենաբաց սեքսուալ ֆիլմը Մոնրոյի կարիերայում և ներառում է տեսարաններ, որոնցում Մոնրոյի մարմինը ծածկված է միայն սավանով կամ սրբիչով, ինչը ցնցող տպավորություն է թողել ժամանակի հանդիսատեսի վրա։ Ֆիլմի ամենահայտնի տեսարանը 30 վայրկյանանոց հատվածն է, երբ Մոնրոն քայլում է կոնքերն օրորելով, ինչը շատ է օգտագործվել ֆիլմի մարքեթինգում։

Երբ հունվարին «Նիագարան» թողարկվել է, կանանց ակումբները բողոքել են կինոնկարի անբարոյական լինելու պատճառով, բայց ֆիլմը մեծ ժողովրդականություն է վայելել և ունեցել 6 մլն դոլար դրամարկղային մուտք։ Variety-ն այն կոչել է «շաբլոն» և «հիվանդագին», իսկ The New York Times պարբերականը նշել է, թե «անկումներն ու միսս Մոնրոն արժե դիտել․․․», թեև Մոնրոն չի կարող լինել «կատարյալ դերասանուհի տվյալ պահին․․․ նա կարող է լինել գրավիչ, նույնիսկ երբ նա քայլում է»։ Մոնրոն շարունակել է ուշադրություն գրավել հանրային միջոցառումների ժամանակ բաց զգեստներ կրելով, որոնցից ամենահայտնին 1953 թվականի հունվարին տեղի ունեցած Photoplay մրցանակաբաշխությունն է, երբ նա արժանացել է «Ամենաարագ առաջադիմող աստղ» (անգլ.՝ Fastest Rising Star) մրցանակի։ Նա հագել էր մարմինը կիպ ընդգրկող ոսկեգույն լամեից զգեստ, որը Ջոան Քրոուֆորդին ստիպել է նրա վարքը բնութագրել որպես «դերսանուհուն և լեդիին ոչ պատշաճ»։

Մինչ «Նիագարան» Մոնրոյին դարձրել է սեքս-խորհրդանիշ և սկիզբ դրել նրա հատուկ «արտաքինին», նույն թվականին թողարկված նրա երկրորդ ֆիլմը՝ «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (անգլ.՝ Gentlemen Prefer Blondes) սատիրական երաժշտական կատակերգությունը, սկիզբ է նրա՝ «հիմար շիկահերի» բեմական կերպարին։ Անիտա Լոոսի համանուն բեսթսելլերի և նրա բրոդվեյյան տարբերակի հիման վրա նկարահանված ֆիլմում շեշտը դրվել է երկու շոու-աղջիկների՝ Լորելեյ Լիի և Դորոթի Շոուի վրա, որոնց մարմնավորում են Մերիլին Մոնրոն ու Ջեյն Ռասելը։ Լորելեյի դերն սկզբում նախատեսված է եղել Բեթի Գրեյբլի համար, որը եղել է 20th Century-Fox ստուդիայի ամենահայտնի «blonde bombshell» դերասանուհին 1940-ական թվականներին․ Մոնրոն կարճ ժամանակում առաջ է անցել նրանից, որը սիրված էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց կողմից։ Ֆիլմի գովազդային արշավի շրջանակներում Մոնրոն ու Ռասելը հունիսին դաջել են իրենց ձեռքերի ու ոտքերի հետքերը ցեմենտի վրա Գրաումանի չինական թատրոնի մոտ։ «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմը թողարկվել է կարճ ժամանակ անց և դարձել այդ տարվա՝ շահույթի տեսանկյունից ամենահաջողակ ֆիլմերից մեկը՝ հավաքելով 5,3 մլն դոլար, ինչը ավելի քան երկու անգամ ավելին էր դրա ստեղծման համար ծախսված գումարից։ The New York Times պարբերականի լրագրող Քրաուզերը և Variety-ից Ուիլյամ Բրոգդոնը դրական են գնահատել Մոնրոյի աշխատանքը՝ հատկապես նշելով «Diamonds Are a Girl's Best Friend» երգի կատարումը։

Սեպտեմբերին Մոնրոն կատարել է իր նորամուտը հեռուստատեսությունում՝ Jack Benny Show-ում կատարելով Ջեքի երևակայած կնոջ դերը «Ուղևորություն դեպի Հոնոլուլու» (անգլ.՝ Honolulu Trip) էպիզոդում։ Մոնրոն Բոթի Գրեյբլի ու Լորեն Բեքոլի հետ նկարահանվել է 1953 թվականի իր երրորդ ֆիլմում՝ «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ» (անգլ.՝ How to Marry a Millionaire), որը թողարկվել է նոյեմբերին։ Մոնրոն կատարել է պարզամիտ մոդելի դեր, որը միանում է իր ընկերուհիների հետ՝ հարուստ ամուսին գտնելու համար՝ կրկնելով «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմի հաջողության բանաձևը։ Դա եղել է երկրորդ ֆիլմը, որ թողարկվել է CinemaScope (լայնէկրան) ձևաչափով, որի օգնությամբ Fox-ը հույս ուներ վերադարձնել հանդիսատեսին կինոթատրոններ, քանի որ հեռուստատեսությունը սկսել էր վնաս պատճառել կինոընկերություններին։ Չնայած խառը արձագանքներին՝ ֆիլմը դարձել է Մոնրոյի՝ մինչ այդ թողարկված ամենաեկամտաբեր ֆիլմը՝ հավաքելով 8 մլն դոլար ամբողջ աշխարհում։

Մոնրոն ընդգրկվել է ամենաշահութաբեր աստղերի տասնյակում (Top Ten Money Making Stars Poll) 1953 և 1954 թվականներին և ըստ Fox-ի պատմագիր Օբրի Սոլոմոնի՝ դարձել է ստուդիայի «խոշորագույն ակտիվը» CinemaScope ձևաչափի հետ միասին։ Մոնրոյի կարգավիճակը՝ որպես առաջատար սեքս-խորհրդանիշ, հաստատվել է 1953 թվականի դեկտեմբերին, երբ Հյու Հեֆները նրա նկարը զետեղել է Playboy ամսագրի առաջին համարի շապիկին և մեջտեղի էջում։ Շապիկին տեղ է գտել Մոնրոյի՝ 1952 թվականին գեղեցկության մրցույթի շքերթը գլխավորելու ժամանակ արված լուսանկարը, իսկ մեջտեղի էջում՝ 1949 թվականի նրա մերկ լուսանկարներից մեկը։

Կոնֆլիկտ 20th Century-Fox ստուդիայի հետ և ամուսնությունը Ջո Դիմաջիոյի հետ (1954-1955)

Ջո Դիմաջիոն և Մոնրոն Սան Ֆրացիսկոյի քաղաքապետարանում ամուսնությունից հետո, 1954 թվականի հունվար
Մերիլին Մոնրոն Կորեայում USO-ի զինվորների համար ելույթից հետո, 1954 թվականի փետրվար

Չնայած Մոնրոն դարձել էր 20th Century-Fox ստուդիայի խոշորագույն աստղերից մեկը, նրա պայմանագիրը չէր փոխվել 1950 թվականից ի վեր, և նա ստանում էր ավելի քիչ աշխատավարձ, քան իր կարգավիճակի մյուս աստղերը, ինչպես նաև չի կարողացել ընտրել իր նախագծերն ու այն անձանց, ում հետ պետք է աշխատեր։ Նա նաև հոգնել էր նույն տիպի դերեր կատարելուց, բայց կատակերգություններից ու մյուզիքլներից բացի ուրիշ ֆիլմերում հանդես գալու նրա փորձերն արգելել է Զանուկը, որն անձնական ուժեղ հակակրանք ուներ Մոնրոյի նկատմամբ և չէր կարծում, թե Մոնրոն կարող է ստուդիայի համար նույնպիսի եկամուտ ապահովել դրամաներում նկարահանվելով։ Երբ Մոնրոն հրաժարվել է նկարահանվել հերթական երաժշտական կատակերգությունում՝ «Վարդագույն զուգագուլպաներով աղջիկը» (անգլ.՝ The Girl in Pink Tights) ֆիլմում, որում պետք է նկարահանվեր Ֆրենկ Սինատրայի հետ, ստուդիան հեռացրել է նրան աշխատանքից 1954 թվականի հունվարի 4-ին։

Մոնրոյի՝ աշխատանքից հեռացվելու լուրը տեղ է գտել լրագրերի առաջին էջերում, և դերասանուհին անմիջապես սկսել է գովազդային արշավ՝ կանխելու համար բացասական արձագանքներ մամուլում և ամրապնդելու համար իր դիրքերը ստուդիայի հետ կոնֆլիկտում։ Հունվարի 14-ին նա և Ջո Դիմաջիոն, որոնց հարաբերությունները զանգվածային լրատվամիջոցների մշտական ուշադրության առարկա էին 1952 թվականից սկսած, ամուսնացել են Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանում։ Դրանից հետո նրանք մեկնել են Ճապոնիա՝ մեղրամիսը համատեղելով գործնական ուղևորության հետ։ Այնտեղից նա մենակ մեկնել է Կորեա, որտեղ կատարել է երգեր իր ֆիլմերից USO-ի շոուի շրջանակներում, որ կազմակերպվել էր ավելի քան 60 000 ամերիկացի ծովայինների համար չորս օրով։ Փետրվարին Հոլիվուդ վերադառնալուց հետո նա ստացել է Photoplay-ի մրցանակ որպես «Ամենաճանաչված կին աստղ»։ Մոնրոն ստուդիայի հետ համաձայնություն է ձեռք բերել մարտին․ այն ներառել է նոր պայմանագիր, որը պետք է կնքվեր ավելի ուշ՝ նույն թվականին, և գլխավոր դեր Բրոդվեյի «Յոթ տարվա տենչ» (անգլ.՝ The Seven Year Itch) պիեսի էկրանավորման մեջ, որի համար նա որպես հավելավճար ստացել է 100 000 դոլար։

Մոնրոյի հաջորդ ֆիլմը եղել է Օտտո Պրեմինգերի «Գետը, որ չի վերադառնում» (անգլ.՝ River of No Return) վեսթերնը, որում նա նկարահանվել էր աշխատանքից հեռացվելուց առաջ Ռոբերտ Միտչեմի հետ միասին։ Դերասանուհին այդ ֆիլմն անվանել է «Z դասի կովբոյական ֆիլմ, որում դերասանական արվեստը գրավել է երկրորդ տեղը դեկորացիաներից և CinemaScope տեխնոլոգիաներից հետո», բայց այն ժողովրդականություն է վայելել հանդիսատեսի շրջանում։ Առաջին ֆիլմը, որում Մոնրոն նկարահանվել է Fox վերադառնալուց հետո, եղել է «Չկա այնպիսի բիզնես, ինչպիսին շոու-բիզնեսն է» (անգլ.՝ There's No Business Like Show Business մյուզիքլը, որը նա ընդհանրապես չի հավանել, բայց ստուդիան պահանջել է նկարահանվել այդ ֆիլմում «Վարդագույն զուգագուլպայով աղջիկը» ֆիլմի փոխարեն։ Մյուզիքլը, որ թողարկվել է դեկտեմբերին, անհաջողություն է կրել, և բազմաթիվ քննադատներ Մոնրոյի խաղը համարել են գռեհիկ։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
«Յոթ տարվա տենչ» ֆիլմում նկարահանվելու ժամանակ Մոնրոն լուսանկարվում է Մանհեթենի մետրոյի տեսարանում, 1954 թվականի սեպտեմբեր

1954 թվականի սեպտեմբերին Մոնրոն սկսում է նկարահանվել Բիլլի Ուայլդերի «Յոթ տարվա տենչ» կատակերգությունում, որում նկարահանվել է Թոմ Յուելի հետ միասին և մարմնավորել է մի կնոջ, որը դառնում է իր ամուսնացած հարևանի սեքսուալ ֆանտազիաների հերոսուհին։ Չնայած ֆիլմը նկարահանվել է Հոլիվուդում, ստուդիան որոշել է նախապես հանդիսատեսի գրավելու նպատակով նկարահանել տեսարան Մանհեթենում՝ Լեքսինգտով ավենյուում (Նյու Յորք)։ Այդ տեսարանը, որում Մոնրոն կանգնած է մետրոյի ճաղավանդակի վրա, և օդի հոսանքը բարձրացնում է նրա սպիտակ զգեստի փեշերը, դարձել է ամենահայտնիներից մեկը նրա կարիերայում։ Նկարահանումը տևել է մի քանի ժամ, որի ընթացքում հավաքվել է մոտ 2 000 մարդուց բաղկացած ամբոխ, որոնց շարքում կային նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչներ։

Գովազդային այդ հնարքը, արժանանալով միջազգային լրատվամիջոցների ուշադրությանը, միևնույն ժամանակ վերջ է դրել Դիմաջիոյի հետ նրա ամուսնությանը, որը խիստ զայրացել է այդ պատճառով։ Ամուսնությունը հենց սկզբից հարթ չի եղել Դիմաջիոյի խանդի ու վերահսկող վերաբերմունքի պատճառով․ Ուիլյամ Սպոտոն և Լուիս Բանները նաև նշել են, որ նա ֆիզիկական բռնություն է կիրառել։ Մոնրոյի՝ Հոլիվուդ վերադառնալուց հետո նա վարձել է հայտնի փաստաբան Ջերի Գիսլերին և 1954 թվականի հոկտեմբերին հայտարարել, որ դիմել է Դիմաջիոյից ամուսնալուծվելու համար ինը ամիս տևած ամուսնությունից հետո։ «Յոթ տարվա տենչ» ֆիլմը թողարկվել է հաջորդ հունիսին և հավաքել ավելի քան 4,5 մլն դոլար՝ դառնալով այդ տարվա ամենամեծ կոմերցիոն հաջողություններից մեկը։

«Յոթ տարվա տենչ» ֆիլմում նկարահանվելուց հետո, որ ավարտվել է նոյեմբերի, Մոնրոն սկսել է նոր պայքար իր կարիերայի վերահսկողության համար և հեռացել Հոլիվուդից՝ մեկնելով Արևելյան ծովափ, որտեղ լուսանկարիչ Միլթոն Գրինի հետ միասին նրանք հիմնել են իրենց սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ Marilyn Monroe Productions (MMP), ինչը հետագայում կոչվել է «գործիքային» (անգլ.՝ instrumental) գործողություն ստուդիական համակարգի փլուզման մեջ։ 1955 թվականի հունվարին իր հիմնադրած ընկերության մասին հայտարարելով մամուլի ասուլիսում՝ Մոնրոն նշել է, որ ինքը «հոգնել է նույն հին սեքսուալ դերերից։ Ես ուզում եմ անել ավելի լավ բաներ»։ Նա պնդել է, որ ինքն այլև պայմանագրային պարտավորություններ չունի Fox ստուդիայի հանդեպ, որովհետև ստուդիան չի վճարել իր պարտքերը, ինչպիսին է խոստացված հավելավճարը «Յոթ տարվա տենչ» ֆիլմի համար։ Դրանցի հետո սկսվել է մեկ տարի տևած իրավաբանական պայքար նրա ու ստուդիայի միջև։ Մամուլը հիմնականում ծաղրել է Մոնրոյի գործողությունները, և նա ծաղրանմանակվել է «Յոթ տարվա տենչ» ֆիլմի սցենարի հեղինակ Ջորջ Աքսելրոդի «Կփչացնի արդյոք հաջողությունը Ռոք Հանթերին» (անգլ.՝ Will Success Spoil Rock Hunter?, 1955) ֆիլմում, որում արտաքինով Մոնրոյին նման Ջեյն Մենսֆիլդը կատարում է հիմար դերասանուհու դեր, որն ստեղծում է իր սեփական պրոդյուսերական ընկերությունը։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Մոնրոն Դերասանական ստուդիայում, որտեղ նա սկսել է սովորել 1955 թվականին

1955 թվականը Մոնրոն նվիրել է իր մասնագիտությունն ուսումնասիրելուն։ Նա տեղափոխվել է Մանհեթեն և դերասանական դասեր առել Կոնստանտ Կոլլերի մոտ, ինչպես նաև հաճախել է դերասանական մեթոդի վորքշոփների Դերասանական ստուդիայում, որ ղեկավարում էր Լի Ստրասբերգը։ Նա մտերմացել է Ստրասբերգի ու նրա կնոջ՝ Պաուլայի հետ, մասնավոր դասեր է առել նրանց տանը իր ամաչկոտության պատճառով և շուտով դարձել է նրանց ընտանիքի անդամ։ Նա դադարել է աշխատել դրամայի իր նախկին ուսուցչի՝ Նատաշա Լայտեսի հետ, որին փոխարինել է Պաուլան․ Ստրասբերգները մեծ ազդեցություն են ունեցել նրա հետագա կարիերայի վրա։ Մոնրոն սկսել է նաև անցնել հոգեվերլուծության սեանսներ Ստրասբերգի խորհրդով, որը հավատում էր, որ դերասանը պետք է իր էմոցիոնալ տրավմաներն ու դրանք օգտագործի իր ներկայացումներում

Մոնրոն շարունակել է իր հարաբերությունները Դիմաջիոյի հետ, չնայած ամուսնալուծության գործընթացը չի դադարեցվել։ Նա հանդիպել է նաև դերասան Մառլոն Բրանդոյի և դրամատուրգ Արթուր Միլլերի հետ։ Միլլերի հետ նրան ծանոթացրել է Կազանը 1950-ական թվականների սկզբին։ Մոնրոյի ու Միլլերի սիրավեպը սկսել է լրջանալ 1955 թվականի հոկտեմբերից հետո, երբ Մոնրոն ամուսնալուծվել է Դիմաջիոյից, իսկ Միլլերը բաժանվել է կնոջից։ Հետաքննությունների դաշնային բյուրոն գործ է բացում ընդդեմ Մոնրոյի։ Ստուդիան վախենում էր, որ Մոնրոն կընդգրկվի սև ցուցակում և փորձում է նրան ստիպել վերջ տալ Միլլերի հետ սիրավեպին, որովհետև վերջինս հետաքննվում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից՝ մեղադրվելով կոմունիզմի մեջ և դատական ծանուցագիր էր ստացել Հակաամերիկյան գործունեության հետաքննության հանձնաժողովի կողմից։ Չնայած իր կարիերային սպառնացող վտանգին՝ Մոնրոն հրաժարվել է բաժանվել Միլլերից՝ հետագայում ստուդիայի ղեկավարներին կոչելով «ի ծնե վախկոտներ»։

Քննադատների ճանաչում և ամուսնությունն Արթուր Միլլերի հետ

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Արթուր Միլլերն ու Մերիլին Մոնրոն Վեսթչեսթեր շրջանում իրենց հարսանիքի ժամանակ, 29 հունիսի, 1956 թվական

Մոնրոն 1956 թվականի սկզբին հայտարարել է 20th Century-Fox ստուդիայի դեմ տարած հաղթանակի մասին. մամուլը, որ նախկինում ծաղրում էր նրան, սկսել է դրական արտահայտվել ստուդայի հետ պայքարելու նրա մտադրության վերաբերյալ։ Time ամսագիրը նրան կոչել է «խորաթափանց բիզնեսվուման» (անգլ.՝ shrewd businesswoman), իսկ Look ամսագիրը կանխատեսել է, որ նրա հաղթանակը կդառնա «հոտի դեմ անհատի տարած հաղթանակի» օրինակ երկար տարիներ։ Մարտին նա պաշտոնապես փոխել է իր անունը՝ դարձնելով Մերիլին Մոնրո։ Միլլերի հետ նրա հարաբերությունները արժանացել են մի քանի բացասական արձագանքների մամուլում, նրանց թվում էր նաև Ուոլթեր Ուինչելը, որն ասել է, թե «Ամերիկայի ամենահայտնի շիկահերը, որ դարձել է կինոաստղ, այժմ ձախաթևյան մտավորականության սիրելին է»։ Մոնրոն ու Միլլերն ամուսնացել են քաղաքացիական արարողությամբ Վեսթչեսթեր շրջանում 1956 թվականի հունիսի 29-ին, իսկ երկու օր անց տեղի է ունեցել հրեական հարսանեկան արարողոթյուն Միլլերի գործակալի տանը (Նյու Յորք)։ Ամուսնանալու հետ միասին Մոնրոն ընդունել է հուդայականություն, ինչի պատճառով Եգիպտոսում նրա բոլոր ֆիլմերն արգելվել են։ Մամուլը նրանց միությունը համարել է անհամապատասխան՝ հաշվի առնելով Մոնրոյի աստղային կերպարը որպես սեքս-սիմվոլ և Միլլերի կարգավիճակը որպես մտավորական, ինչի մասին վկայում է Variety պարբերականի գլխագիրը՝ «Egghead Weds Hourglass»։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Մոնրոյի դրամատիկական խաղը «Ավտոբուսի կանգառ» (1956) ֆիլմում գնահատվել է որպես հեռացում ավելի վաղ շրջանի նրա կատակերգություններից

«Ավտոբուսի կանգառ» (անգլ.՝ Bus Stop) դրաման եղել է առաջին ֆիլմը, որ Մոնրոն ընտրել է նոր պայմանագրով աշխատելու համար և թողարկվել է 1956 թվականի օգոստոսին։ Ֆիլմում Մոնրոն մարմնավորել է Շերիին՝ սալոնային երգչուհու, որի՝ փառքի հասնելու երազանքների իրականացմանը խոչընդոտում է նրան սիրահարված նաիվ կովբոյը։ Այդ դերի համար սովորել է Օզարկի առոգանություն, ընտրել զգեստներ և դիմահարդարում, որոնք գլամուրի տեսանկյունից զիջում էին իր նախկին ֆիլմերին և կանխամտածված կերպով ապահովել է միջակ երգեցողություն ու պար։ Բրոդվեյյան ռեժիսոր Ջոշուա Լոգանը համաձայնել է նկարահանել ֆիլմը, չնայած հենց սկզբից կասկածում էր նրա դերասանական ունակություններին և գիտեր, որ նրա հետ աշխատելը դժվար է։ Նկարահանումներն անցկացվել են Այդահո և Արիզոնա նահանգներում 1956 թվականի սկզբին. Մոնրոն զուգահեռաբար հանդես է եկել որպես MMP-ի ղեկավար, իսկ Լոգանը հարմարվել է նրա քրոնիկական ուշացումներին ու պերֆեկցիոնիզմին։

Մոնրոյի հետ աշխատելու ընթացքում Լոգանը փոխել է կարծիքը նրա մասին և հետագայում նրան համեմատել Չարլի Չապլինի հետ կատակերգությունն ու ողբերգությունը համատեղելու նրա ունակության համար։ «Ավտոբուսի կանգառ» ֆիլմը հաջողություն է ունեցել՝ հավաքելով 4,25 մլն դոլար և արժանանալով հիմնականում դրական արձագանքների։ The Saturday Review of Literature գրել է, թե Մոնրոյի խաղն «արդյունավետ կերպով մեկընդմիշտ փարատել է այն պատկերացումը, թե նա ընդամենը գլամուրային անհատականություն է», իսկ Քրաուզերը հայտարարել է. «Բռնվեք ձեր աթոռներից բոլորդ և պատրաստվեք անակն և ապշեցուցիչ անակնկալի։ Մերիլին Մոնրոն վերջապես իրեն դրսևորել է որպես դերասանուհի»։ Այդ ֆիլմի համար Մոնրոն արժանացել է «Ոսկե գլոբուսի» լավագույն դերասանուհի անվանակարգում։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Լոուրենս Օլիվիեն և Մոնրոն մամուլի կոնֆերանսի ժամանակ, երբ ներկայացրել են իրենց համատեղ նախագիծը՝ «Արքայազնն ու պարուհին» (1957)

1956 թվականի օգոստոսին Մոնրոն Անգլիայի Pinewood Studios ստուդիայում սկսել է նկարահանվել MMP-ի առաջին անկախ նախագծում՝ «Արքայազնն ու պարուհին» (անգլ.՝ The Prince and the Showgirl) ֆիլմում։ Այն ստեղծվել է Տերենս Ռետտիգենի «Քնած արքայազնը» պիեսի հիման վրա, որը պատմում է 1910-ական թվականներին արքայազնի ու շոուի պարուհու միջև սկսված սիրավեպի մասին։ Գլխավոր դերերը թատրոնում կատարել են Լոուրենս Օլիվիե և Վիվիեն Լի։ Ֆիլմում Օլիվիեն կատարել է իր դերը, ինչպես նաև հանդես է եկել որպես ռեժիսոր և համապրոդյուսեր։ Արտադրության գործընթացը բարդացել է նրա ու Մոնրոյի կոնֆլիկտների պատճառով։ Օլվիեն զայրացրել է Մոնրոյին իր արտահայտությամբ, թե նա ընդամենը պետք է լինի սեքսուալ (անգլ.՝ All you have to do is be sexy), ինչպես նաև նրանով, որ փորձել է Մոնրոյին ստիպել խաղալ Լիի նման։ Օլիվիեին դուր չի եկել նաև Մոնրոյի դերասանական վարպետության ուսուցիչ Պաուլա Ստրասբերգի մշտական ներկայությունը նկարահանումների ժամանակ։

Որպես վրեժ Օլիվիեի այդ վերաբերմունքի համար՝ Մոնրոն միտումնավոր կերպով ուշացել է մի քանի ժամ և դադարել է համագործակցել՝ հետագայում պատճառաբանելով, թե «եթե դու չես հարգում քո դերասաններին, նրանք չեն կարող լավ աշխատել»։ Մոնրոյի թմրամոլությունն սրվել է, և ըստ Սպոտոյի՝ նա հղիացել է, բայց տեղի է ունեցել վիժում նկարահանումների ժամանակ։ Մոնրոն նաև վիճել է Գրինի հետ այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է աշխատի MMP-ը, ներառյալ այն հարցը, թե արդյոք Միլլերը պետք է միանա ընկերությանը։ Չնայած դժվարություններին՝ ֆիլմն ավարտին է հասցվել նախատեսված ժամանակում՝ մինչև տարվա վերջ։ Այն թողարկվել է 1957 թվականի հունիսին՝ արժանանալով խառը արձագանքների և ժողովրդականություն չվայելելով ամերիկացի հանդիսատեսի շրջանում։ Այն ավելի լավ է ընդունվել Եվրոպայում, որտեղ Մոնրոն արժանացել է իտալական «Դավիդ դի Դոնատելլո» ու ֆրանսիական «Crystal Star Award» մրցանակների և ներկայացվել BAFTA մրցանակի։

Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո Մոնրոն 18 ամսով դադար է վերցրել աշխատանքից, որպեսզի կենտրոնանա ընտանեկան կյանքի վրա Արևելյան ափին։ Նա և Միլլերն իրենց ժամանակն անցկացրել են Մանհեթենի բնակարանում և 18-րդ դարի ագարակատանը, որ նրանք գնել էին Ռոքսբերիում (Կոնեկտիկուտ), իսկ ամառն անցկացրել են Ամագանսեթում (Լոնգ Այլենդ)։ Մոնրոն հղիացել է 1957 թվականի կեսերին, բայց դա եղել է արտարգանդային հղիություն, որն ստիպված են եղել ընդհատել։ Մեկ տարի անց տեղի է ունեցել վիժում։ Նրա գինեկոլոգիական խնդիրների հիմնական պատճառը եղել է էնդոմետրիոզ հիվանդությունը, որով նա տառապել է իր հասուն կյանքի ընթացքում։ Այդ ժամանաընթացքում Մոնրոն կարճ ժամանակով հոսպիտալացվել է բարբիտուրատների չարաշահման պատճառով։ Արձակուրդի ընթացքում Մոնրոն MMP-ից հեռացրել է Գրինին և գնել է ընկերության նրա մասնաբաժինը, քանի որ նրանք չեն կարողացել հարթել իրենց տարաձայնությունները, և Մոնրոն սկսել է կասկածել, որ նա յուրացնում է ընկերության փողերը։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Մերիլին Մոնրոն Թոնի Քերթիսի և Ջեք Լեմոնի հետ Բիլլի Ուայլդերի «Ջազում միայն աղջիկներ են» (1959) ֆիլմում, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուսի»

Մոնրոն վերադարձել է Հոլիվուդ 1958 թվականի հուլիսին՝ Թոնի Քերթիսի և Ջեք Լեմոնի հետ կատարելու գլխավոր դերերը Բիլլի Ուայլդերի «Ջազում միայն աղջիկներ են» (1959) կատակերգությունում։ Չնայած նա Շուգար Քեյնի (Sugar Kane) դերը համարել է «հիմար շիկահերի» ևս մեկ օրինակ, նա հանձն է առել կատարել այդ դերը Միլլերի քաջալերման և իր աշխատավարջից բացի ֆիլմի եկամտի 10 %-ն ստանալու առաջարկի շնորհիվ։ Ֆիլմի նկարահանումների ընթացքում ծագած դժվարությունները եղել են «առասպելական»։ Մոնրոն պահանջել է բազմիցս վերանկարահանել տեսարանները և չի կարողացել հիշել իր տեքստը կամ խաղալ ցուցումներին համապատասխան. Թոնի Քերթիսն ասել է, թե նրան համբուրելը նման է եղել «Հիտլերին համբուրելուն» բազմաթիվ վերանկարահանումների պատճառով։ Մոնրոն նկարահանումները համեմատել է խորտակվող նավի հետ և իր խաղընկերներին ու ռեժիսորին պատասխանել, թե «ինչու պետք է ես անհանգստանամ, ես չունեմ ֆալլուսային խորհրդանիշ, որ կարող եմ կորցնել»։ Խնդիրների մեծ մասի պատճառը եղել է Մոնրոյի խաղի վերաբերյալ նրա ու Ուայլդերի կոնֆլիկտը, որը նույնպես ունեցել է բարդ բնավորություն ունեցողի համբավ։ Մոնրոն զայրացրել է Ուայլդերին՝ խնդրելով փոխել իր բազմաթիվ տեսարաններ, ինչը սրել է բեմից նրա ունեցած վախն, և ենթադրվում է, որ նա կանխամտածված կերպով փչացրել է որոշ տեսարաններ, որպեսզի դրանք կատարի իր ուզած ձևով։

Ի վերջո Ուայլդերը գոհ է եղել Մոնրոյի խաղից և հայտարարել է. «Յուրաքանչյուր ոք կարող է հիշել իր խոսքերը, բայց իսկական դերասանական տաղանդ է պահանջվում, որ գաս նկարահանման հրապարակ և չիմանալ քո խոսքերն ու այնուամենայնիվ ներկայացում տալ, և նա արեց այդ»։ Չնայած նկարահանման ժամանակ եղած դժվարություններին՝ «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմը, թողարկվելով 1959 թվականի մարտին, հաջողություն է ունեցել քննադատների շրջանում և կոմերցիոն տեսանկյունից։ Իր դերակատարման համար Մոնրոն արժանացել է «Ոսկե գլոբուսի» որպես լավագույն դերասանուհի և Variety ամսագրի կողմից կոչվել կատակերգակ սեքսուալ արտաքինի ու ճիշտ կողմնորոշման այնպիսի համադրությամբ, որին պարզապես անհնար է հաղթել»։ Այն ճանաչվել է երբևէ նկարահանված լավագույն ֆիլմերից մեկը BBC-ի, Ամերիկյան կինոյի ինստիտուտի ևSight & Sound-ի հարցումների համաձայն։

Կարիերայի անկում և անձնական խնդիրներ (1960-1962)

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Իվ Մոնտանն ու Մոնրոն «Արի զբաղվենք սիրով» երաժշտական կատակերգությունում (1960), որում նկարահանվել նա համաձայնել է միայն Fox-ի հետ իր պայմանագրի պահանջները կատարելու համար

«Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմից հետո Մոնրոն նոր արձակուրդ է վերցրել մինչև 1959 թվականի վերջ, երբ վերադարձել է Հոլիվուդ և սկսել է նկարահանվել «Արի զբաղվենք սիրով» (անգլ.՝ Let's Make Love) երաժշտական կատակերգությունում, որը պատմում է դերասանուհու և միլիոնատիրոջ մասին, որը սիրահարվում է դերասանուհուն սատիրական ներկայացման փորձերին մասնակցելու ժամանակ։ Մոնրոն որպես ռեժիսոր ընտրել է Ջորջ Կյուկորին, իսկ Միլլերը փոխել է սցենարի այն հատվածները, որոնք Մոնրոն համարել է թույլ. վերջինս համաձայնել է նկարահանվել միայն այն պատճառով, որ պայմանագիր ուներ Fox ստուդիայի հետ և նկարահանվել էր խոտացված չորս ֆիլմերից միայն մեկում։ Ֆիլմի արտադրությունը ձգձգվել է նկարահանման հրապարակից Մոնրոյի հաճախակի բացակայությունների պատճառով։ Մոնրոն ու նրա խաղընկեր Իվ Մոնտանը սիրավեպ են ունեցել, որ լայնորեն լուսաբանվել է մամուլում և օգտագործվել ֆիլմի գովազդային արշավում։ «Արի սիրով զբաղվենք» ֆիլմը թողարկվել է 1960 թվականի սեպտեմբերին և անհաջողություն ունեցել։ Քրաուզերը Մոնրոյի խաղը նկարագրել է որպես «բավական թափթփված» և «հին Մոնրոյի դինամիզմի... պակասությունն զգացնել տվող», Հեդա Հոթերը ֆիլմը կոչել է «ամենագռեհիկ ֆիլմը», որում Մոնրոն երբևէ նկարահանվել է։ Թրումեն Կապոտեն պնդել է, որ Մոնրոն կատարի Հոլի Գոլայթլիի դերը «Նախաճաշ Տիֆանիի հետ» վեպի էկրանավորման մեջ, բայց դերը տրվել է Օդրի Հեփբերնին, որովհետև պրոդյուսերները մտավախություն են ունեցել, որ Մոնրոն խնդիրներ կստեղծի ֆիլմի նկարահանումների ընթացքում։

Վերջին ֆիլմը, որ Մոնրոն հասցրել է ավարտել, եղել է Ջոն Հյուսթոնի «Անդադրումները» (անգլ.՝ The Misfits), որը Միլլերը գրել է Մոնրոյի համար դրամատիկական դեր ապահովելու նպատակով։ Վերջինս մարմնավորել է Ռոզլինին, որն ամուսնուց բաժանվելուց հետո ընկերանում է երեք կովբոյների հետ, որոնց դերերում հանդես են եկել Քլարկ Գեյբլը, Էլի Ուոլլակը և Մոնտգոմերի Կլիֆտը։ Նկարահանումներն անցկացվել են Նևադա անապատում 1960 թվականի հուլիսից նոյեմբեր և նորից հագեցած եղել դժվարություններով։ Չորս տարի տևած ամուսնությունից հետո Մոնրոյի ու Միլլերի հարաբերություններն ավարտվել են, և Միլլերը սիրավեպ է սկսել ֆիլմի լուսանկարիչ Ինգե Մորատի հետ։ Մոնրոյին դուր չի եկել այն հանգամանքը, որ Միլլերն իր դերն ստեղծելիս մասամբ հիմնվել է իր կյանքի վրա և մտածել է, թե այն զիջում է տղամարդկանց դերերին։ Մոնրոն նաև պայքարել է Միլլերի՝ նկարահանման նախորդ գիշերը սցենարը փոխելու սովորության դեմ։ Նրա առողջական վիճակը նույնպես վատացել է. նրան անհանգստացրել են լեղաքարերից առաջացած ցավերը, և նրա թմրամոլությունն այնքան է ուժեղացել, որ սովորաբար ստիպված են եղել նրա դիմահարդարումը կատարել այն ընթացքում, երբ նա քնած է եղել բարբիտուրատների ազդեցության տակ։ Օգոստոսին նկարահանումները մեկ շաբաթով դադարեցվել են, որպեսզի Մոնրոն կարողանա մեկ շաբաթ դետոքսիկացիա անցնել Լոս Անջելեսի հիվանդանոցում։ Չնայած նրա խնդիրներին՝ Հյուսթոնը նշել է, թե երբ Մոնրոն մարմնավորել է Ռոզլինին, նա «չի ձևացրել իր էմոցիաները։ Դա եղել է իրական։ Նրան պետք է եղել խորանալ իր մեջ, գտնել դրանք և բերել գիտակցություն»։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Էսթել Վինվուդը, Էլի Ուոլլակը, Մոնտգոմերի Կլիֆտը, Մոնրոն և Քլարկ Գեյբլ «Անդադրումները» ֆիլմում

Մոնրոն և Միլլերը բաժանվել են նկարահանումների ավարտից հետո, և նա ստացել է արագ ամուսնալուծություն Մեքսիկայում 1961 թվականի հունվարին։ «Անդադրումները» ֆիլմը թողարկվել է հաջորդ ամիս, բայց անհաջողություն է ունեցել կոմերցիոն տեսանկյունից։ Այն արժանացել է խառը արձագանքների, Variety-ն բողոքել է հաճախ «փոփոխվող» բնավորության զարգացումից, իսկ Բոսլի Քրոութերը Մոնրոյին կոչել է «բոլորովին դատարկ և անհասկանալի» և նշել, որ ֆիլմի կառուցվածքի համար բացասական է եղել այն, որ «ամեն ինչ պտտվում է նրա շուրջը»։ Չնայածա սկզբնական շրջանում ֆիլմի կրած անհաջողությանը՝ այն դրական արձագանքներ է ստացել քննադատներից և կինոգետներից 21-րդ դարում։ Բրիտանական կինոյի ակադեմիայից Ջեֆ Էնդրյուն այն կոչել է դասական, գիտնական Թոնի Թրեյսին Մոնրոյի խաղը նկարագրել է որպես «ամենահասունը նրա կարիերայում», իսկ The Independent-ից Ջեֆրի Մաքնաբը գովաբանել է Մոնրոյին Ռոզլին «էմպաթիայի ուժը» արտասովոր կերպով ներկայացնելու համար։ 2018 թվականի օգոստոսին գտնվել է Մոնրոյի և Քլքրկ Գեյբլի մասնակցությամբ մերկ տեսարանի տեսագրությունը, որը համարվել է կորած։

Հաջորդիվ Մոնրոն պետք է նկարահանվեր Սոմերսեթ Մոեմի պատմվածքի հեռուստատեսային «Անձրև» եկրանավորման մեջ NBC ալիքի համար, բայց նախագիծը տապալվել է, որովհետև հեռուստաալիքը չի ցանկացել աշխատել Մոնրոյի ընտրած ռեժիսորի՝ Լի Ստրասբերգի հետ։ 1961 թվականի առաջին վեց ամիսները Մոնրոն աշխատելու փոխարեն անցկացրել է իր առողջական խնդիրների լուծմամբ։ Նա ենթարկվել է վիրահատության էնդոմետրիոզի պատճառով, անցել խոլեցիստէկտոմիա, չորս շաբաթ անցկացրել հիվանդանոցում, այդ թվում նաև եղել է հոգեբուժարանում դեպրեսիայի պատճառով։ Նրան օգնել է իր նախկին ամուսինը՝ Ջո Դիմաջիոն, որի հետ նա վերսկսել է իր ընկերությունը։ 1961 թվականի գարնանը Մոնրոն վերադարձելէ Կալիֆոռնիա վեց տարի Արևելյան ափին անցկացնելուց հետո։ Նա հանդիպել է Ֆրենկ Սինատրայի հետ մի քանի ամիս, իսկ 1962 թվականի սկզբին տուն է գնել Բրենթվուդում (Լոս Անջելես)։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Մոնրոն «Մի բան պիտի պատահի» ֆիլմի նկարահանման ժամանակ

Մոնրոն նորից հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում 1962 թվականի գարնանը. նա ստացել է «World Film Favorite» Ոսկե գլոբուս մրցանակ և սկսել է նկարահանվել 20th Century Fox ստուդիայի նոր ֆիլմում՝ «Մի բան պիտի պատահի» (անգլ.՝ Something's Got to Give), որ «Իմ ամենասիրելի կինը» (անգլ.՝ My Favorite Wife, 1940) ֆիլմի ռեմեյքն էր։ Այն պետք է նկարահանվեր MMP-ի հետ համատեղ, որպես ռեժիսոր պետք է հանդես գար Ջորջ Կյուկորը, իսկ Մոնրոյից բացի դիլմում պետք է նկարահանվեին Դին Մարտինը և Սիդ Չարիսը։ Նկարահանումների սկսվելուց օրեր առաջ Մոնրոյի մոտ սկսվել է սինուսիտ. չնայած բժիշկները խորհուրդ են տվել հետաձգել նկարահանումները, Fox ստուդիան դրանք սկսել է ապրիլի վերջին, ինչպես նախատեսել էր։ Մոնրոն հիվանդության պատճառով ի վիճակի չի եղել աշխատել հետագա վեց շաբաթների ընթացքում, բայց չնայած բազմաթիվ բժիշկների զգուշացումներին, ստուդիան փորձել է նրա վրա ճնշում գործադրել՝ հրապարակայնորեն հայտարարելով, թե նա կեղծում է։ Մայիսի 19-ին դադար է վերցրել, որպեսզի կատարի «Happy Birthday» երգը Ջոն Ֆ. Քենեդու ծննդյան տոնին, որ նշվել է Մեդիսոն Սքվերում (Նյու Յորք)։ Նա ուշադրություն է գրավել իր զգեստի շնորհիվ. նա հագել էր բեժ գույնի, մարմինը կիպ ընդգրկող և արհեստական քարերով պատված զգեստ, որն այնպիսի կարծիք էր ստեղծում, թե նա մերկ է։ Մոնրոյի ուղևորությունն ավելի է զայրացրել Fox ստուդիայի ղեկավարությանը, որ ցանկանում էր Մոնրոյին ստիպել չեղարկել այն։

Հետագայում Մոնրոն նկարահանվել է «Մի բան պիտի պատահի» ֆիլմի մի տեսարանում, որտեղ մորկ լողում է ջրավազանում։ Հանրության ուշադրությունը գրավելու նպատակով մամուլի ներկայացուցիչներին առաջարկվել է լուսանկարել այդ տեսարանը, և լուսանկարը տպագրվել է Life-ում. դա եղել է առաջին դեպքրը, երբ առաջատար աստղը մերկ լուսանկարվել է իր կարիերայի գագաթնակետին գտնվելու ժամանակ։ Երբ Մոնրոն հիվանդության պատճառով նորից հեռացել է մի քանի օրով, Fox ստուդիան որոշել է, որ այլևս չի կարող թույլ տալ, որ ևս մեկ ֆիլմ հետ մնա գրաֆիկից, քանի որ արդեն իսկ ստիպված էր փակել «Կլեոպատրա» (1963) ֆիլմի աճող ծախսերը։ Հունիսի 7-ին Fox ստուդիան աշխատանքից հեռացրել է Մոնրոյին և հայց ներկայացրել նրա դեմ՝ պահանջելով 750 000 դոլար՝ որպես վնասի փոխհատուցում։ Նրան փոխարինել է Լի Ռեմիքը, բայց երբ Դին Մարտինը հրաժարվել է նկարահանվել առանց Մոնրոյի, և Fox ստուդիան հայց է ներկայացրել նաև նրա դեմ և փակել նախագիծը։ Ստուդիան Մոնրոյին է մեղադրել ֆիլմի ձախողման համար և սկսել է բացասական լուրեր տարածել նրա մասին՝ հայտարարելով նույնիսկ, որ նա ունեցել է հոգեկան խնդիրներ։

Fox-ը շուտով զղջացել է իր որոշման համար և հունիսի վերջին վերսկսել է բանակցությունները Մոնրոյի հետ. ամառվա վերջին ձեռք է բերվել համաձայնություն նոր պայմանագրի վերաբերյալ, որով նախատեսվել է վերսկսել «Մի բան պիտի պատահի» նախագիծն ու նրան տալ գլխավոր դերը «Ի՜նչ ճանապարհ է» (անգլ.՝ What a Way to Go!, 1964) սև կատակերգությունում։ Իր համբավը վերականգնելու համար Մոնրոն մասնակցել է մի քանի գովազդային արշավների, այդ թվում հարցազրույց է տվել Life և Cosmopolitan ամսագրերի համար և առաջին անգամ լուսանկարվել Vogue ամսագրի համար։ Vogue-ի համար նա և լուսանկարիչ Բերտ Շտերնը կազմել են լուսանկարների երկու շարք՝ ստանդարտ և մերկ լուսանկարների շարքեր, որոնք երկուսն էլ տպագրվել են հետմահու The Last Sitting խորագրով։ Իր կյանքի վերջին շաբաթներին Մոնրոն ծրագրել է նաև նկարահանվել Ջին Հարլոուի մասին կենսագրական ֆիլմում։

Մահ

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
New York Mirror պարբերականի 1962 թվականի օգոստոսի 6-ի համարի առաջին էջը

Իր կյանքի վերջին ամիսներին Մերիլին Մոնրոն ապրել է Լոս Անջելեսի մոտ՝ Բրենթվուդում՝ 12305 Fifth Helena Drive հասցեում։ Նրա տանտիրուհի Յունիս Մյուրրեը մնացել է տանը 1962 թվականի օգոստոսի 4-ի՝ շաբաթ օրվա երեկոյան։ Մյուրրեյն արթնացել է օգոստոսի 5-ի գիշերվա ժամը 3:00-ին և զգացել, որ ինչ-որ բան այնպես չէ։ Չնայած նա տեսել է, որ Մոնրոյի ննջասենյակի դռան տակից լույս է երևում, նա պատասխան չի ստացել, իսկ դուռը կողպված է գտել։ Մյուրրեը զանգահարել է Մոնրոյի հոգեբույժին՝ Ռալֆ Գրինսոնին, որը կարճ ժամանակ անց եկել և լուսամուտով մտել ննջասենյակ՝ Մոնրոյին գտնելով մահացած իր անկողնում։ Մյուրեյը դերասանուհու մահվան մասին հայտնել է նրա բժշկին՝ Հայման Էնգելբերգին, որը հասել է նրանց տուն մոտ 3:50։ Ժամը 4:25 նրանք հայտնել են Լոս Անջելեսի ոստիկանությանը։

Մոնրոն մահացել է օգոստոսի 4-ի երեկոյան՝ ժամը 20:30-ի և 22:30-ի միջև ընկած ժամանակահատվածում և թունագիտական անալիզի արդյունքում պարզվել է, որ նրա մահվան պատճառը եղել է բարբիտուրատներով գերդոզավորումը։ Նրա արյան մեջ հայտնաբերվել է 8 մգ% (միլիգրամ 100 միլիլիտր լուծույթում) քլորալհիդրատ և 4,5 մգ% պենտոբարբիտալ (Նեմբութալ) և 13 մգ% պենտոբարբիտալ լյարդում։ Դեղի դատարկ սրվակները գտնվել են նրա մահճակալի մոտ։ Հնարավորությունը, թե Մոնրոյի գերդոզավորումը կարող էր լինել պատահական, բացառվել է, քանի որ նրա մարմնում հայտնաբերված դեղի քանակը մի քանի անգամ գերազանցել են թույլատրելի չափաբաժինը։

Լոս Անջելեսի շրջանային դատաքննչական գրասենյակին օգնել է Լոս Անջելեսի ինքնասպանությունների կանխման թիմը, որն ունեցել է մասնագիտական գիտելիքներ ինքնասպանությունների վերաբերյալ։ Մոնրոյի բժիշկները փաստել են, որ նա հակված է եղել «լուրջ վախերի ու հաճախակի դեպրեսիաների», ինչպես նաև նրա մոտ նկատվել են «տրամադրության կտրուկ և անկանխատեսելի փոփոխություններ», և նախկինում էլ մի քանի անգամ նրա մոտ եղել է գերդոզավորում, հավանաբար ոչ կանխամտածված։ Այդ փաստերի և սպանության հետքերի բացակայության հիման վրա շրջանային դատաքննիչ Թոմաս Նոգուչին նրա մահը հայտարարել է հավանական ինքնասպանություն։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Մոնրոյի դամբարանը Վեսթվուդուում

Մոնրոն եղել է միջազգային ճանաչում ունեցող դերասանուհի և նրա հանկարծակի մահը եղել է թիվ մեկ լուրը Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ Ըստ Լոիս Բեների՝ «ասում են, թե Լոս Անջելեսում ինքնասպանությունների թիվը կրկնապատկվել է նրա մահվանը հաջորդող ամսվա ընթացքում. բազմաթիվ թերթերի վաճառքն ավելացել է այդ ամիս» և Chicago Tribune-ը հայտնել է, որ իրենք ստացել են հարյուրավոր հեռախոսազանգեր այն անձանցից, որոնք խնդրել են տեղեկություններ նրա մահվան վերաբերյալ։ Ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն ասել է, թե նրա մահը «պետք է սարսափելի դաս լինի բոլոր նրանց համար, որոնց հիմնական զբաղմունքը կինոաստղերին լրտեսելն ու տանջելն է»։ Մոնրոյի նախկին խաղընկեր Լոուրենս Օլիվիեն նրան համարել է «դատարկ աղմուկի ու սենսացիայի» զոհ, իսկ «Ավտոբուսի կանգառ» ֆիլմի ռեժիսոր Ջոշուա Լոգանն ասել է, թե Մոնրոն եղել է «ամենաթերագնահատված մարդկանցից մեկն աշխարհում»։ Մոնրոյի հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վեսթվուդ Վիլիջում՝ Վեսթվուդի գերեզմանատանը. այն եղել է փակ, և ներկա են եղել միայն նրա ամենամոտ ծանոթները։ Արարողությունը կազմակերպել են Ջո Դիմաջիոն ու Մոնրոյի նախկին բիզնես մենեջեր Ինեզ Մելսոնը։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել են գերեզմանատանը հարող փողոցներում։ Ավելի ուշ Մոնրոն թաղվել է Հիշատակի միջանցքի № 24 դամբարանում։

Հաջորդ տասնամյակներում առաջարկվել են մի շարք դավադրության տեսություններ, ներառյալ սպանությունն ու ոչ կանխամտածված գերդոզավորումը, որոնք հակադրվել են Մոնրոյի ինքնասպանության վարկածին։ Մոնրոյի՝ սպանված լինելու վարկածն առաջին անգամ ուշադրության է արժանացել Նորման Միլլերի՝ 1973 թվականին հրատարակված «Մերիլին։ Կենսագրություն» գրքի լույս տեսնելուց հետո, և հետագա տարիներին այնքան է տարածվել, որ Լոս Անջելեսի շրջանային դատախազ Ջոն Վան դե Կամպն անցկացրել է նախնական հետաքննություն 1982 թվականին, որպեսզի պարզի, թե արդյոք կարիք կա սկսել քրեական հետաքննություն։ Կանխամտածված սպանության ոչ մի ապացույց չի գտնվել։

Ճանաչում և համբավ

Ես երբեք չեմ հասկացել դա, այդ սեքս-խորհրդանիշը։ Ես միշտ մտածել եմ, թե խորհրդանիշներն այն իրերն են, որոնց դու բախվում ես։ Դա է խնդիրը, սեքս-խորհրդանիշը դառնում է իր։ Ես պարզապես ատում եմ իր լինելը։ Բայց եթե ես պետք է լինել ինչ-որ բանի խորհրդանիշ, ավելի լավ է լինեն սեքսի խորհրդանիշ։

Մոնրոյի՝ Life ամսագրին տված հարցազրույցից, 1962 թվական

Երբ 20th Century-Fox ստուդիան սկսել է ստեղծել Մոնրոյի աստղային կերպարը, նրանք ցանկացել են, որ Մոնրոն փոխարինի արդեն տարիքով Բեթի Գրեյբլին, որը նրանց ամենահայտնի «blonde bombshell»-ն էր 1940-ական թվականներին։ 1940-ական թվականներն այն դերասանուհիների ժամանակն էր, որոնք ընկալվում էին որպես խիստ ու խելացի, ինչպիսիք էին Քեթրին Հեփբորնն ու Բարբարա Սթենվիկը, և այն կինոաստղերի, որոնք դիմում այն այն հանդիսատեսին, որտեղ գերակշռում էին կանայք։ Ստուդիան ցանկանում էր, որ Մոնրոն լինի նոր տասնամյակի աստղը, որը տղամարդկանց կստիպի գնալ կինոթատրոն։ Հենց սկզբից նա կարևոր դերակատարում է ունեցել իր կերպարի ստեղծման գործում, և մինչև իր կարիերայի վերջը Մոնրոն գրեթե ամբողջովին վերահսկել է։ Մոնրոն ինքն է մշակել իր գովազդային ռազմավարություններից շատերը, ընկերական հարաբերություններ է հաստատել ասեկոսեներ տարածող լրագրողների հետ, ինչպիսիք էին Սիդնի Սկոլսկին և Լուելլա Պարսոնսը, ինչպես նաև վերահսկել է իր լուսանկարներ օգտագործումը։ Գրեյբլից բացի նա հաճախ համեմատվել է մեկ այլ հայտնի շիկահերի՝ 1930-ական թվականների կինոաստղ Ջին Հարլոուի հետ։ Համեմատության նախաձեռնողը մասամբ եղել է հենց Մոնրոն, որը Հարլոուին կոչել է իր մանկության կուռք, ցանկացել է կատարել Հարլոուի դեր նրա մասին պատմող կենսագրական ֆիլմում և նույնիսկ աշխատանքի է ընդունել Հարլոուի վարսահարդար-ոճաբանին, որ նա ներկի իր մազերը։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
«Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (1953) ֆիլմում Մոնրոն մարմնավորել է գրավիչ ու նաիվ «հիմար շիկահերի»

Մոնրոյի բեմական կերպարը հիմնվել է նրա շիկահեր մազերի և դրա հետ ասոցացվող կարծրատիպերի հետ, ինչպիսիք են հիմարությունը, պարզամտությունը, մատչելիությունն ու արհեստականությունը։ Նա հաճախ է օգտագործել մանկական ձայն իր ֆիլմերում, իսկ հարցազրույցների ժամանակ ստեղծվել է այնպիսի տպավորություն, թե նրա բոլոր ասածները «անմեղ ու չմտածված» են, նա ծաղրանմանակել է որոշակի երկակիությամբ, որը հետագայում կոչվել են «Մոնրոիզմ»։ Օրինակ՝ երբ նրան հարցրել են, թե ինչ կար նրա հագին 1949 թվականին մերկ լուսանկարվելիս, նա պատասխանել է. «Ես միացրել էի ռադիոն» (անգլերեն բառախաղ՝ what she had on - ինչ էր հագել և I had the radio on)։ Մոնրոն իր կարիերան սկսել է որպես փին-ափ մոդել, և ավազի ժամացույցի նման նրա մարմնակազմվածքը հաճախ եղել է նրա ամենահիշվող առանձնահատկությունը։ Կինոգետ Ռիչարդ Դայերը գրել է, թե Մոնրոն լուսնկարվերլիս հաճախ այնպիսի դիրք է ընդունել, որ ընդգծվի իր մարմնի գեղեցիկ կառուցվածքը, և գովազդային նկարներում նա հաճախ ունեցել է փին-ափ մոդելի դիրք։ Կոնքերն օրորելով նրա քայլվածքը նույնպես ուշադրությունը գրավել է նրա մարմնի վրա և պատճառ դարձել, որ նա ստանա «հորիզոնական քայլվածքով աղջիկ» մականունը։

Հագուստը նույնպես կարևոր դեր է ունեցել Մոնրոյի աստղային կերպարում։ Նա հաճախ է հագել սպիտակ, որպեսզի ընդգծի իր շիկահերությունը և ուշադրություն է գրավել բաց ու կառուցվածքն ընդգծող հագուստներով։ Նրա գովազդային հնարքները հաճախ հիմնվել են հագուստի վրա, որ ավելի շատ ցուցադրել է նրա մարմինը, ինչպես նաև հագուստի թվացյալ թերությունների վրա, օրինակ՝ նրա ուսակապերից մեկը հանկարծ բացվել է մամուլի ասուլիսի ժամանակ։ Մամուլում Մոնրոն ներկայացվել է որպես ամերիկյան երազանքի մարմնացում, մի աղջիկ, որ դժբախտ մանկություն ունենալուց հետո հասել է Հոլիվուդյան ճանաչման։ Իր ստուդիական կենսագրություններում հաճախ չափազանցվել են որդեգիր ընտանիքներին ու մանկատանն անցկացրած ժամանակների վերաբերյալ պատմությունները և նույնիսկ մասամբ հորինվել։

Չնայած Մոնրոյի՝ հիմար, բայց գրավիչ շիկահերի բեմական կերպարը եղել է մանրամասն մշակված, հանդիսատեսն ու կինոքննադատները հավատացել են, թե դա նրա իսկական էությունն է, և նա չի խաղում իր կատակերգություններում։ Դա դարձել է խոչընդոտ ուշ շրջանի իր կարիերայի համար, երբ նա ցանկացել է փոխել իր կերպարն ու կատարել այլ դերեր կամ հանդես գալ որպես գործարար կին։ Ակադեմիկոս Սառա Չերչվելը, ուսումնասիրելով Մոնրոյի վերաբերյալ տարածված պատմությունները, ասել է.

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ  Ամենամեծ առասպելը եղել է այն, թե նա հիմար էր։ Երկրորդն այն էր, թե նա եղել է փխրուն, երրորդը, թե նա խաղալ չգիտեր։ Նա հեռու էր հիմար լինելուց, չնայած պաշտոնական կրթություն չէր ստացել, և նա ծանր էր տանում այդ հանգամանքը։ Բայց նա իրականում շատ խելացի էր և շատ խիստ։ Նա պետք է ունենար այդ երկու որակները, որ կարողանար հաղթել Հոլիվուդի ստուդիական համակարգին 1950-ականներին։ ....Հիմար շիկահերը դեր էր. նա դերասանուհի էր, աստծու սիրուն։ Այնքան լավ դերասնաուհի, որ ներկայում ոչ ոք չի հավատում, թե այնպիսին չէր, ինչպես ներկայանում էր էկրանին։
.
Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 

Լոիս Բենները գրել է, թե Մոնրոն հաճախ նրբորեն ծաղրանմանակել է սեքս-խորհրդանիշի իր կարգավիճակն իր ֆիլմերում և հանրային ելույթներում, ինչպես նաև ասել է, թե «Մորիլին Մոնրոն» կերպարը, որ նա ստեղծել էր, եղել է փայլուն նախատիպ, որ կանգնած է Մեյ Ուեսթի և Մադոննայի միջև»։ Մոնրոն իր մասին ասել է, թե ինքը կրել է Ուեսթի ազդեցությունը՝ սովորելով «նրանից մի քանի հնարքներ, ինչպիսիք են իր սեփական գրավչության վրա ծիծաղելու կամ ծաղրելու ազդեցությունը»։ 1950-ական թվականներին նա սովորել է կատակերգություն նմանակող և պարող Լոտե Գոսլարի մոտ, որը հայտնի էր իր կատակերգական ներկայացումներով և նրան ստիպել է ուղեկցել իր նկարահանումների ժամանակ, որ շարունակի սովորեցնել ճիշտ խաղալ։ «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (1953) ֆիլմում, որում Մոնրոն մարմնավորել է նախատիպային հիմար շիկահերներից մեկին, նրա կերպարի համար ավելացվել է հետևյալ արտահայտությունը. «Ես կարող եմ լինել խելացի, եթե դա կարևոր է, բայց տղամարդկանց մեծ մասին դա դուր չի գալիս»։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Մոնրոն Լուելլա Փարսոնսի երեկույթին Ciro's ակումբում 1953 թվականի մայիսին

Դայերն ասել է, թե Մոնրոյի բեմական կերպարն ստեղծված է եղել տղամարդկանց համար, և նա սովորաբար ֆիլմերում մարմնավորել է այն աղջկան, որը գտնվել է տղամարդկանց ուշադրության կենտրոնում։ Նրա գրեթե բոլոր դերերը եղել են երգչախմբի աղջիկներ, քարտուղարուհիներ կամ մոդելներ, այսինքն՝ այնպիսի մասնագիտությունների ներկայացուցիչներ, որտեղ «կինը ներկայացվում է այնպես, որպեսզի հաճույք պատճառի տղամարդկանց»։ Կինոգետ Թոմաս Հարրիսը, որ վերլուծել է Մոնրոյի բեմական կերպարը 1957 թվականին, գրել է, թե աշխատավոր դասից ծագած լինելու և ընտանիք չունենալու հանգամանքների պատճառով նա թվացել է ավելի մատչելի, «իդալական խաղընկեր», ի տարբերություն իր ժամանակակից Գրեյս Քելլիի, որը նույնպես ներկայացվում էր որպես գրավիչ շիկահեր, բայց իր բարձր ծագման պատճառով ընդունվում էր որպես նրբաճաշակ դերասանուհի, որը հասնաելի չէ տղամարդ հանդիսատեսների մեծամասնության համար։

Ըստ Դայերի՝ Մոնրոն դարձել է «հասարակ անուն սեքսի համար» 1950-ական թվականներին և «նրա պատկերը պետք է տեղադրվի հիսունականներին Ամերիկայում տիրող բարոյականության ու սեքսուալության վերաբերյալ գաղափարների հոսանքում», ինչպիսիք են Ֆրոյդի գաղափարները սեքսի մասին, Քինսիի հաշվետվությունը (1953) և Բեթի Ֆրիդանի «Ֆեմինիստական միստիկան» (անգլ.՝ The Feminine Mystique, 1963)։ Մոնրոն դարձել է առաջին սեքս-խորհրդանիշը, որ սեքսը ներկայացրել է որպես բնական ու անվտանգ՝ ի հակադրություն 1940-ական թվականների «ճակատագրական կանանց»։ Սպոտոն նրան նկարագրում է նաև որպես «ամերիկացի աղջկա հետպատերազմյան իդեալ, նուրբ, բացահայտ կարիքավոր, տղամարդկանց երկրպագող, նաիվ, առանց պահանջների սեքս առաջարկող», ինչը կրկնվում է Մոլլի Հասկելի մոտ, թե «նա եղել է հիսունականների հորինվածք, սուտ, թե կանայց չունեն սեքսուալ պահանջներ», թե նա պատրաստ է բավարարել տղամարդկանց պահանջմունքները։ Մոնրոյի ժամանակակից Նորման Մեյլերն գրել է, թե «Մոնրոն ասում էր, թե սեքսը կարող է լինել դժվար ու վտանգավոր ուրիշների հետ», բայց ոչ իր հետ, իսկ Գրաուչո Մարքսը նրան բնութագրել է որպես Մայա Ուեսթը, Թեդա Բարան ու Բո Փիփը միասին։ Ըստ Հասկելի՝ սեքս-խորհրդանիշի իր կարգավիճակի շնորհիվ Մոնրոն քիչ ժողովրդականություն է վայելել կանանց շրջանում, քան տղամարդկանց, քանի որ նրանք չէին կարող «իրենց նույնացնել նրա հետ և չէին սատարում նրան», ինչը փոխվել է նրա մահվանից հետո։

Դայերը նաև նշել է, թե Մոնրոյի շիկահեր մազերը նրան դարձրել են «ռասայական տեսանկյունից միարժեք» (racially unambiguous) և բացառապես սպիտակ, երբ դեռ նոր էր սկսվել պայքարը քաղաքացիական իրավունքների համար, և նրան պետք է դիտարկել որպես ռասիզմի խորհրդանիշ 20-րդ դարի փոփ մշակույթում։ Բենները նույնպես այն կարծիքն է հայտնել, թե Մոնրոյի կողմից շիկահերության թրենդի տարածումը կարող էր պատահական չլինել քաղաքացիական իրավունքների համար պայքարի ժամանակ, բայց նա նաև քննադատել է Դայերին՝ նշելով, որ մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող իր անձնական կյանքում Մոնրոն ասոցացվել է այնպիսի մարդկանց հետ, որոնք եղել են «սպիտակամորթ էթնիկներ», ինչպիսիք էին Ջո Դիմաջիոն (իտալա-ամերիկացի) և Արթուր Միլլերը (հրեա)։ Ըստ Բենների՝ նա երբեմն մարտահրավեր է նետել ռասայական նորմերին իր լուսանկարներում, օրինակ՝ 1951 թվականին Look ամսագրում տպագրված լուսանկարում նա կրում է բաց հագուստ և վոկալ է պարապում է աֆրոամերիկացի ուսուցչի՝ Ֆիլ Մուրի հետ։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Մոնրոն գովազդում է շամպուն 1953 թվականին

Մոնրոն ընկալվել է որպես Ամերիկային հատուկ աստղ, «ազգային ինստիտուտ, որ այնքան հայտնի է, որքան հոթ դոգը, խնձորի կարկանդակն ու բեյբոլը»՝ ըստ Photoplay-ի։ Բենները նրան կոչել է populuxe-ի խորհրդանիշ, աստղ, որի երջանիկ ու գլամուրային հանրային կերպարը «ազգին օգնել է հաղթահարել իր պարանոյան 1950-ականներին, որ կապված էր Սառը պատերազմի, ատոմային ռումբի և կոմունիստական տոտալիտար Խորհրդային Միության հետ»։ Պատմաբան Ֆիոնա Հենդիսայդը գրում է, թե ֆրանսիացի կանայք Մոնրոյի շիկահերությունը կապել են ամերիկյան արդիականության և մաքրության հետ, և Մոնրոն սկսել է խորհրդանշել ժամանակակից, ազատ կնոջը, որի կյանքը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։ Կինոյի պատմաբան Լաուրա Մալվին գրել է, թե նա եղել է ամերիկյան սպառողական մշակույթի հաստատում.

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ  Եթե Ամերիկան գլամուրի դեմոկրատիան արտահաներ հետպատերազմյան, աղքատացած Եվրոպա, ապա ֆիլմերը կարող էին դառնալ նրա ցուցափեղկերը... Մերիլին Մոնրոն իր բոլոր ամերիկյան հատկանիշներով ու ռացիոնալ սեքսուալությամբ դարձել է տնտեսական, քաղաքական ու էրոտիկ պահանջմունքների այդ բարդ փոխներգործության մարմնավորումը մեկ կերպարի մեջ։ Մինչև 1950-ականների կեսերը նա դարձել է խորհրդանիշը ոչ դասակարգային գլամուրի, որ հասանելի է բոլորին, որոնք օգտագործում են ամերիկյան դիմահարդարման միջոցներ, նեյլոն և պերօքսիդ։
Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 

20th Century Fox ստուդիան, օգտագործելով Մոնրոյի ճանաչվածությունը, նման կերպարներ է մշակել մի շարք դերասանուհիների համար, ինչպիսիք են Ջեյն Մենսֆիլդը և Շիրի Նորթը։ Ուրիշ ստուդիաներ նույնպես ստեղծել են իրենց Մոնրոները. Universal Pictures-ը՝ Մամի Վան Դորենին, Columbia Pictures-ը՝ Քիմ Նովակին, Rank Organisation-ը՝ Դիանա Դորսին։

Մերլին Մոնրոյի ընկերուհի և քարտուղար Պատրիսիա Նյուքոմբի վկայությամբ Մոնրոն իրենից վերջին հարցազրույցը վերցրած թղթակցին խնդրել է, որ նա իր մասին հոդվածն ավարտի իր հետևյալ արտահայտությամբ, բայց խնդրանքը չի կատարվել.

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ  Այն, ինչի կարիքն իսկապես ունի աշխարհը, հարազատության իրական զգացումն է։ Բոլորը՝ աստղերը, բանվորները, նեգրերը, հրեաները, արաբները, մենք բոլորս եղբայրներ ենք։ Խնդրում եմ՝ ինձ անլուրջ չհամարեք։ Ավարտեք հարցազրույցը նրանով, ինչին ես հավատում եմ։ Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 

Մոնրոն սևամորթ ջազ-երգչուհի Էլլա Ֆիցջերալդի ընկերուհին էր և նրան օգնում էր իր կարիերայում։ Հետագայում Էլլա Ֆիցջերալդը պատմել է.

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ  Ես իսկապես պարտական եմ Մերիլին Մոնրոյին... նրա շնորհիվ ես սկսեցի երգել 50-ականներին բավականին հայտնի «Mocambo» ակումբում։ Նա անձամբ զանգեց ակումբի տիրոջը և ասաց նրան, որ ցանկանում է, որ ես անհապաղ ընդունվեմ ակումբ։ Մոնրոն ասաց, որ եթե ակումբի տերը ընդունի ինձ, ինքը կզբաղեցնի առաջին շարքի սեղանիկը այդ ակումբում ամեն գիշեր։ Նա նաև ասաց, և դա ճշմարտություն էր իր սուպերաստղի կարգավիճակի շնորհիվ, որ մամուլի խելագար ուշադրության կարժանացնի ակումբին։ Ակումբի տերն «այո» պատասխանեց, և Մերլինն ամեն գիշեր այնտեղ էր՝ իր սեղանիկի մոտ։ Մամուլն իսկապես նրա շուրջն էր։ Դրանից հետո ես այլևս երբեք ստիպված չէի երգել փոքր ջազ-ակումբներում։ Նա անսովոր կին էր՝ մի փոքր առաջ ընկած իր ժամանակից։ Եվ այդ մասին ինքը չգիտեր։ Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 

1962 թվականին Մեքսիկայում նա բացահայտորեն կապված էր ՀԴԾ-ի կողմից որպես կոմունիստներ ճանաչված ամերիկացիների հետ, ինչպիսին էր Ֆրեդերիկ Վանդերբիլդ Ֆիլդը։ Մոնրոյի վերջին հոգեբանի դուստրը՝ Ջոանա Գրինսոնը, ասել է, որ Մոնրոն հետաքրքրված էր իրավունքների հավասարությամբ, սևամորթների իրավունքներով, աղքատների իրավունքներով և իրեն նույնացնում էր աշխատավորների հետ։

Ժառանգություն

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Մոնրոյի գովազդային լուսանկար, 1953 թվական

Համաձայն «Միացյալ Նահանգների փոփ մշակույթի ուղեցույցի» (անգլ.՝ The Guide to United States Popular Culture)՝ «որպես ամերիկյան փոփ մշակույթի խորհրդանիշ՝ ժողովրդականության տեսանկյունից Մոնրոյի քիչ մրցակիցների թվում են Էլվիս Փրեսլին ու Միկի Մաուսը... ոչ մի այլ աստղ երբևէ չի ոգեշնչել այդքան տարբեր զգացմունքներ՝ կրքից մինչև խղճահարություն, նախանձից մինչև խղճի խայթ։ Արվեստի պատմաբան Գեյլ Լևինը նշել է, որ Մոնրոն հավանաբար եղել է «20-րդ դարի ամենաշատ լուսանկարված մարդը», իսկ Ամերիկյան կինոյի ինստիտուտը նրան կոչել է վեցերորդ մեծագույն էկրանային կին լեգենդն ամերիկյան կինոյի պատմության մեջ։ Սմիթսոնյան ինստիտուտը նրա անունը ներառել է «Բոլոր ժամանակների 100 ամենակարևոր ամերիկացիների» ցանկում, իսկ Variety-ն և VH1-ը դերասնուհուն ներառել են 20-րդ դարի փոփ մշակույթի մեծագույն գործիչների լավագույն տասնյակում։

Հարյուրավոր գրքեր են գրվել Մերիլին Մոնրոյի մասին։ Նրան նվիրվել են ֆիլմեր, ներկայացումներ, օպերաներ և երգեր, նրա ազդեցությունն են կրել այնպիսի դերասաններ և էստրադային արտիստներ, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը և Մադոննան։ Նրա անունը շարունակում է մնալ թանկարժեք բրենդ. նրա նկարն ու անունը արտոնագրվել են հարյուրավոր ապրանքների համար, և նա գովազդել է տարբեր ընկերություններ ու ապրանքանիշներ, ինչպիսիք են՝ Max Factor, Շանել, Mercedes-Benz և Absolut Vodka։

Մոնրոյի ժողովրդականության տևականությունը կապված է նրա հասարակական կերպարի հակասականության հետ։ Մի կողմից նա մնում է սեքս-խորհրդանիշ, գեղեցկության օրինակ ու Հոլիվուդյան դասական կինոյի ամենահայտնի աստղերից մեկը, իսկ մյուս կողմից նա հիշվում է նաև իր անձնական կյանքում ու մանկության տարիներին ունեցած խնդիրների, մասնագիտական ոլորտում հարգանքի արժանանալու համար պայքարի, ինչպես նաև իր մահվան և դրա շուրջը ձևավորված դավադրության տեսությունների շնորհիվ։ Նրա մասին գրել են մի շարք գիտնականներ ու լրագրողներ, որ հետաքրքրվել են գենդերային ու ֆեմինիզմի հարցերով. այդ գրողներից են Գլորիա Սթեյնեմը, Ժաքլին Ռոուզը, Մոլլի Հասկելը, Սառա Չերչվելը և Լոիս Բենները։ Ոմանք, ինչպիսին է Սթեյնեմը, նրան համարում են ստուդիական համակարգի զոհ։ Մյուսները, օրինակ՝ Հասկելը, Ռոուզը և Չերչվելը, դրա փոխարեն ընդգծում են Մոնրոյի ակտիվ դերն իր կարիերայում և իր հանրային կերպարի ստեղծման գործում։

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Փոփ նկարիչ Ջեյմս Գիլի «Մերիլինի եռապատկերի» ձախ հատվածը (1962)

Մոնրոն շարունակում է համարվել մշակույթի ամենահայտնի գործիչներից մեկը, բայց քննադատները տարբեր կարծիքներ են հայտնել նրա՝ որպես դերասանուհու ժառանգության վերաբերյալ։ Դեյվիդ Թոմսոնը նրա աշխատանքը կոչել է «ոչ էական», իսկ Պոլին Քեյլը գրել է, թե նա չէր կարողանում խաղալ, այլ ավելի շուտ «օգտագործում էր դերասանական ունակությունների բացակայությունը հանրությանը զվարճացնելու համար։ Նա ուներ հնարամտություն կամ տգիտություն կամ անխոհեմություն՝ չիզքեյքը վերածելու դերասանության և հակառակը, նա անում էր այն, ինչը չանելու համար ուրիշներն ունեին լավ ճաշակ»։ Փիթեր Բրեդշոուն, ընդհակառակը, գրել է, թե Մոնրոն եղել է տաղանդավոր կատակերգակ, որ «հասկացել էր, թե ինչպես է կատակերգությունը հասնում իր էֆեկտին», իսկ Ռոջեր Էբերթը գրել է, թե «նկարահանման հրապարակում Մոնրոյի տարօրինակություններն ու նևրոզները դարձել էին տխրահռչակ», բայց ստուդիաներն ի վերջո հաշտվում էին այդ հանգամանքի հետ, «որովհետև այն, ինչ ստացվում էր էկրանին, կախարդական էր»։ Ջոնաթան Ռոզենբաումը նշել է, թե «նա նրբորեն աղավաղում էր իր նյութի սեքսիստական բովանդակությունը», և որ ոմանց կողմից նրա խելացիության դժվար ընդունումը պայմանավորված էր այն կարծրատիպով, թե «սուպերկանացի» կինը չի կարող լինել խելացի։

Մերիլին Մոնրոյին են նվիրված Լեդի Գագայի «Government Hooker» և «Dance in the Dark», Blue System խմբի «The Wind Cries (Who Killed Norma Jean)», Մարկ Էշլիի «Marilyn’s Dream», Ֆլորան Մոտի «Marylin», Գլեն Դանցիգի «Who Killed Marylin», Էլթոն Ջոնի «Candle in the Wind», Ջեյն Բիրկինի «Norma Jean Baker», Նիքի Մինաժի «Marilyn Monroe», Լանա Դել Ռեյի «Marilyn Monroe», Ֆարել Վիլյամսի «Marilyn Monroe», Ամանդա Լեպորի «Marilyn» երգերը, Անդրեյ Վոզնեսենսկու «Մերիլին Մոնրոյի մենախոսությունը» (ռուս.՝ «Монолог Мерлин Монро») բանաստեղծությունը և այլն։ 2010 թվականին թողարկվել է «Coco Mademoiselle» հոլովակը, որի սյուժեի հիմքում ընկած է Մոնրոյի ու լուսանկարիչ Դուգլաս Քիրքլանդի ռոմանտիկ հարաբերությունների պատմությունը։ 2011 թվականի հունիսի 19-ին Մոնրոյի հայտնի սպիտակ զգեստը («Յոթ տարվա տենչ» ֆիլմից) Լոս Անջելեսում՝ «Profile in History» աճուրդի տանը, վաճառվել է 4,6 մլն դոլարով։ 2011 թվականի հուլիսի 5-ին Չիկագոյում բացվել է Մոնրոյի արձանը, որում նա ներկայացվում է «Յոթ տարվա տենչ» ֆիլմի այն տեսարանում, երբ նա կանգնած է մետրոյի ճաղավանդակի վրա, և օդի հոսանքը բարձրացնում է նրա զգեստի փեշերը։ Քանդակագործը Սյուարդ Ջոնսոնն է։

Ամերիկացի լուսանկարիչ Ֆիլիպ Հալսմանը 1952 թվականին ստեղծել է «Մերիլինը Մաոյի կերպարում» նկարը, որի հիման վրա Սալվադոր Դալին ստեղծել է «Ինքնանկար» (1972)։ Ավստրալիացի լուսանկարիչ Պոլիքսենի Պապապետրուն ստեղծել է «Որոնելով Մերիլինին» (անգլ.՝ «Seaching for Marilyn», 2002) շարքը՝ լուսանկարելով տարնսվեստիտ-նմանակողը (Բեն Յակոբսոն)։ 2011 թվականին թողարկվել է «Մեկ շաբաթ Մերլինի հետ» ֆիլմը, որում Մոնրոյի դերը կատարել է Միշել Ուիլյամսը։ Ֆիլմը պատմում է դերասանուհու՝ Լոուրենս Օլիվիեի անցկացրած ժամանակի մասին «Արքայազնն ու պարուհին» (1957) ֆիլմի նկարահանումների ընթացքում։

Ֆիլմագրություն

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ  – գլխավոր դեր

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1947 ֆ Վտանգավոր տարիներ Dangerous Years Իվի
1948 ֆ Սքուդդա-հու՛, սքուդդա-հե՛յ Scudda Hoo! Scudda Hay! Բեթի
1948 ֆ Երգչախմբի լեդիները Ladies of the Chorus Պեգի ՄարտինՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1949 ֆ Երջանիկ սեր Love Happy Գրունիոնի հաճախորդուհի
1950 ֆ Թոմահոքի տոմս A Ticket to Tomahawk Կլարա
1950 ֆ Ասֆալտային ջունգլիներ The Asphalt Jungle Անջելա Ֆինլեյ
1950 ֆ Ամեն ինչ Եվայի մասին All About Eve Կլաուդիա Կասուել
1950 ֆ Կրակե գունդ The Fireball Փոլի
1950 ֆ Աջ քրոս Right Cross աղջիկ
1951 ֆ Հայրենի քաղաքում Home Town Story Այրիս Մարտին
1951 ֆ Այնքան երիտասարդ, որքան դու ես զգում As Young as You Feel Հարիետ
1951 ֆ Սիրո բույն Love Nest Ռոբերտա «Բոբի» ՍթիվենսՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1951 ֆ Արի անենք դա ըստ օրենքի Let’s Make It Legal Ջոյս Մաներինգ
1952 ֆ Ընդհարում գիշերը Clash by Night Պեգի
1952 ֆ Մենք ամուսնացած չենք We’re Not Married Անաբել Ջոունս ՆորիսՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1952 ֆ Կարելի է չթակել Don’t Bother to Knock Նել ՖորբսՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1952 ֆ Կապկի գործ Monkey Business Լոուիս ԼորելՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1952 ֆ Օ. Հենրիի ողջ տունը O. Henry’s Full House մարմնավաճառուհի
1953 ֆ Նիագարա Niagara Ռոուզ ԼումիսՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1953 ֆ Ջենտլմենները նախընտրում են շիկահերների Gentlemen Prefer Blondes Լորելեյ ԼիՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1953 ֆ Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ How to Marry a Millionaire Պոլա ԴեբեվուազՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1954 ֆ Գետը, որ չի վերադառնում River of No Return Քեյ ՈւեստոնՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1954 ֆ Չկա այնպիսի բիզնես, ինչպիսին շոու-բիզնեսն է There’s No Business Like Show Business Վիկտորյա ՀոֆմանՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1955 ֆ Յոթ տարվա տենչ The Seven Year Itch աղջիկՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1956 ֆ Ավտոբուսի կանգառ Bus Stop ՇերիՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1957 ֆ Արքայազնն ու պարուհին The Prince and the Showgirl Էլսի ՄարինաՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1959 ֆ Ջազում միայն աղջիկներ են Some Like It Hot Դանա ԿովալչուկՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1960 ֆ Արի զբաղվենք սիրով Let’s Make Love Ամանդա ԴելՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1961 ֆ Անդադրումները The Misfits Ռոզլին ԹեյբերՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
1962 ֆ Մի բան պիտի պատահի Something's Got to Give Էլեն ԱրդենՄերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 

Հեռուստատեսությունում

Տարի Անվանում Դեր Ցանց Նշումներ Աղբ.
13 սեպտեմբերի, 1953 The Jack Benny Program իր դերում CBS
2 հոկտեմբերի, 1954 The Bob Hope Show իր դերում NBC
8 ապրիլի, 1955 Person to Person իր դերում CBS հարցազրույց Էդվարդ Ռ. Մարրոուի հետ
19 մայիսի, 1962 President Kennedy’s Birthday Salute իր դերում CBS «Happy Birthday, Mr. President» երգ

Մրցանակներ և անվանակարգեր

Ցանկը ներկայացված է ըստ IMDb.com կայքէջի տվյալների.

Մրցանակ Տարի Անվանակարգ Աշխատանք Արդյունք
BAFTA 1956 Լավագույն օտարերկրացի արտիստուհի Յոթ տարվա տենչ Առաջադրված
1958 Լավագույն օտարերկրացի արտիստուհի Արքայազնն ու պարուհին Առաջադրված
Ոսկե գլոբուս 1954 Հենրիետայի մրցանակ Չկա տվյալ Առաջադրված
1957 Կնոջ լավագույն դերակատարում կատակերգությունում կամ մյուզիքլում Ավտոբուսի կանգառ Առաջադրված
1960 Կնոջ լավագույն դերակատարում կատակերգությունում կամ մյուզիքլում Ջազում միայն աղջիկներ են Հաղթանակ
1962 Հենրիետայի մրցանակ Չկա տվյալ Հաղթանակ
Դավիթ դի Դոնատելլո 1958 Լավագույն օտարերկրացի արտիստուհի Արքայազնն ու պարուհին Հաղթանակ
Laurel Awards 1959 Լավագույն կատակերգական դերասանուհի Արքայազնն ու պարուհին 4-րդ տեղ
1960 Լավագույն կատակերգական դերասանուհի Ջազում միայն աղջիկներ են 2-րդ տեղ
Photoplay Awards 1952 Ծագող աստղ Չկա տվյալ Հաղթանակ
1953 Ամենաժողովրդական աստղ Չկա տվյալ Հաղթանակ
1954 Լավագույն դերասանուհի Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին
Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ
Հաղթանակ
Look American Magazine Award 1952 Ամենահեռանկարային սկսնակ երգչուհի Չկա տվյալ Հաղթանակ
Crystal Star Award 1959 Լավագույն օտարերկարցի դերասանուհի Արքայազնն ու պարուհին Հաղթանակ
Հոլիվուդյան «Փառքի ծառուղի» 1960 Անվանական աստղ՝ կինոարտադրությունում ներդրած ավանդի համար Չկա տվյալ Հաղթանակ

Նշումներ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մերիլին Մոնրո հոդվածին
Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիլին Մոնրո» հոդվածին։
Մերիլին Մոնրո: Կենսագրություն, Մահ, Ճանաչում և համբավ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիլին Մոնրո» հոդվածին։

Tags:

Մերիլին Մոնրո ԿենսագրությունՄերիլին Մոնրո ՄահՄերիլին Մոնրո Ճանաչում և համբավՄերիլին Մոնրո ԺառանգությունՄերիլին Մոնրո ՖիլմագրությունՄերիլին Մոնրո ՀեռուստատեսությունումՄերիլին Մոնրո Մրցանակներ և անվանակարգերՄերիլին Մոնրո ՆշումներՄերիլին Մոնրո ԾանոթագրություններՄերիլին Մոնրո ԳրականությունՄերիլին Մոնրո Արտաքին հղումներՄերիլին Մոնրո19261962d:Q4616d:Q909975Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԼոս ԱնջելեսԿալիֆոռնիաՀունիսի 1Մերիլին Մոնրոյի մահՕգոստոսի 4Օգոստոսի 5

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դավիթ ՄուրադյանՌափայել ՊատկանյանՀայկ և ԲելԹվաբանական պրոգրեսիաՊարբերական հիվանդությունԶուգահեռագիծՇարահյուսությունՄողեսներՍևանի իշխանԹթվածինԴանիել ՎարուժանՊոլ ՄորֆիԹաջ ՄահալՀեշտոցային արտադրությունԿայծակՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ԻնքնաթիռՍիամանթոԱրցախյան ազատամարտՄիքայել ՆալբանդյանՋրծաղիկՀերպեսԱնուղղակի խնդիրՄարդ բանականՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԿրծքագեղձի քաղցկեղԲագրատ ԳալստանյանԳևորգ Մարզպետունի (վեպ)Կրիշտիանու ՌոնալդուԿոտորակ (մաթեմատիկա)ԻտալիաԱմերիկայի Միացյալ ՆահանգներԴաունի համախտանիշԲացառական հոլովՖեռնան ՄագելանԽատուտիկ սովորականԵրաժշտությունՀայերՆԱՏՕՍտորոգյալՍուրբ ծնունդՕշական (գյուղ)Բողոքի ցույցեր Տավուշում (2024)ՀովհաննավանքՓղերԴվինՀայոց այբուբենի հուշարձանԳայլերՔրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիաԱնդրեյ ԲիտովՀայկական դիցաբանությունԱռնո ԲաբաջանյանԳյումրիԹաթուլ ԿրպեյանԱշխարհի բնակչությունՍինդրիկԴուբայՄթնոլորտի աղտոտումԴոմինիկյան ՀանրապետությունԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՆշիկաբորբՀատապտուղԱրյան ճնշումՊղինձԵվրոպայի դրոշներՍեղան (երկրաչափություն)Աշխարհի մայրաքաղաքների ցանկՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱրարատ-73-ին նվիրված արձանախումբՀամո ՍահյանԱմբերդ (ամրոց)ՐաֆֆիԴարձվածքԱզոտական թթուՄԻԱՎԵրկկենցաղներ🡆 More