CEO (անգլ.՝ chief executive officer, բառացիորեն՝ գլխավոր գործադիր տնօրեն), տնօրեն, ընկերության բարձրագույն պաշտոնյա, որը գոյություն ունի անգլո-սաքսոնական տնտեսական մոդել ունեցող երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլն)։ Կիրառվում է պետական, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և կորպորացիաներում։ Գլխավոր գործադիր տնօրենը ընդունում է ընդհանուր պատասխանատու որոշումներ, որոնք պետք է ապահովեն ընկերության կայուն աճը։ Փաստացի, յուրաքանչյուր կոնկրետ կազմակերպության համար գլխավոր գործադիր տնօրենի նշանակման/ազատման պարտականությունները և կարգը որոշվում են նրա ներքին կանոնակարգերով և կանոններով։
Համաձայն կառավարման տեսության՝ գլխավոր գործադիր տնօրենի հիմնական գործառույթն ընկերության և արտաքին միջավայրի (հասարակության, տնտեսության, տեխնոլոգիաների, շուկայի և սպառողների) միջև կապող օղակ հանդիսանալն է։ Այսպիսով, այս պաշտոնը ստանձնող անձի խնդիրների և պարտականությունների շրջանակը ընդգրկում է ընկերության գործողությունների համապատասխանության ապահովումը տարբեր արտաքին շահառուների չափանիշներին և ստանդարտներին։
Գլխավոր գործադիր տնօրենը բաժնետիրական ընկերությունների կառավարման երկրորդ՝ վարչական մակարդակի պաշտոն է, այսինքն՝ իրոք ղեկավար պաշտոն է (կառավարման առաջին մակարդակը տնօրենների խորհուրդն է, որն ընտրվում է տվյալ ընկերության բաժնետերերի ժողովի կողմից)։ Սովորաբար գլխավոր գործադիր տնօրենի ենթակայության տակ են գտնվում՝ Գլխավոր տնօրենը (COO), Գլխավոր ֆինանսական տնօրենը (CFO), Գլխավոր տեխնոլոգիական տնօրենը (CTO) և ընկերության այլ պատասխանատու ղեկավարներ։
Բաժնետիրական ընկերություններում գլխավոր գործադիր տնօրենը սովորաբար նշանակվում է Բաժնետերերի ժողովի կամ Տնօրենների խորհրդի կողմից։ Երբեմն տնօրենի ընտրության ժամանակ օգտագործվում է կումուլյատիվ քվեարկություն։ Հաճախ Տնօրենների խորհուրդը գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի համար ընտրում է Տնօրենների խորհրդի նախագահին կամ ընկերության նախագահին (ընկերության նախագահը, որն ընտրվել է գլխավոր գործադիր տնօրեն, պաշտոնով ավելի բարձր է, քան Տնօրենների խորհրդի նախագահը), իսկ երբեմն այս երեք պաշտոնները զբաղեցնում է միևնույն անձը։ Գլխավոր գործադիր տնօրենին պաշտոնից ազատումը կախված է տվյալ կազմակերպությունում ստեղծված իրավիճակից և կազմակերպության ներքին քաղաքականությունից։ Ըստ մի շարք հեղինակների, որոնք ուսումնասիրում են ամերիկյան ընկերությունների վարչակազմի կառուցվածքը, այդ ընկերությունների կառավարման առանձնահատկություններից մեկն այն է, որ գլխավոր գործադիր տնօրենի և նրան ենթակա COO, CFO, CTO միջև կորպորատիվ փոխհարաբերություններն ավելի բարդ են, քան շատ երկրներում մշակված «ղեկավար-ենթակա» համակարգը։
Գլխավոր գործադիր տնօրենի գործառույթների նկարագրությունն ըստ Ա. Լաֆլիի(«Procter & Gamble» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն)
«Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը յուրահատուկ է առաջադրանքների սահմանման, արժեքների, հաջողության չափանիշների տեսանկյունից՝ ընկերության բիզնեսի առանձնահատկություններին և ներկայիս ու ապագա ժամանակաշրջանների պահանջներին համապատասխան։ Նա պետք է վերահսկի և կատարի ճշգրտումներ, որոնք կապահովեն ընկերության անհրաժեշտ դիրքն արտաքին միջավայրում, ապահովի ստանդարտների և չափանիշների մշակում, որոնք ուղղված են կայուն աճի և կայուն մրցակցային առավելությունների պահպանմանը»։
Փաստացի յուրաքանչյուր կոնկրետ գործակալության, ձեռնարկության և այլնի համար գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի գործառույթները որոշվում են կազմակերպության կանոնադրության (անգլ.՝ articles of association, articles of incorporation) և նրա ներքին կանոնների (անգլ.՝ by-laws) համաձայն. շատ դեպքերում կախված է նաև տվյալ ընկերության կառուցվածքից։ Այդ պատճառով գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը կարող է նշանակել ինչպես կազմակերպության առաջին անձ, այնպես էլ նրա տնօրեններից միայն մեկը, որը կատարում է որոշակի պարտականություններ։
Համաձայն 20-րդ դարի ազդեցիկ կառավարման տեսաբան Փիթեր Դրաքերի՝ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը հանդիսանում է ներքին միջավայրի՝ սեփական կազմակերպության և արտաքին միջավայրի՝ հասարակության, տնտեսության, տեխնոլոգիաների, շուկայի և սպառողների միջև կապող օղակ. ընդ որում, «ներսում միայն ծախսեր են, իսկ արդյունքը միայն դրսում է»։ Համաձայն «Procter & Gamble»-ի ղեկավար Ալան Ջորջ Լաֆլիի՝ գլխավոր գործադիր տնօրենը հաճախ ընկալվում է որպես ուսուցիչ և օգնական կազմակերպությունում առաջացած խնդիրների լուծման հարցում, բայց իրականում նա ունի ավելի յուրահատուկ անելիքներ, որոնց յուրահատկության հարցում Լաֆլին համակարծիք է Դրաքերի հետ։
2009 թվականին «Harvard Business Review» ամսագրում Լաֆլին տպագրեց հոդված՝ նվիրված գլխավոր գործադիր տնօրենի գործառույթներին, որտեղ նա նկարագրում է այդ պաշտոնը որպես միակը, որ լիարժեք զգում է արտաքին միջավայրի ազդեցությունն ընկերության վրա և ապահովում կազմակեպության պատշաճ արձագանքը՝ կայուն վաճառքի և շահույթի տեսքով։ Համաձայն հեղինակի՝ բարձր օղակի մյուս պաշտոնյաներն ունեն ավելի նեղ մտահորիզոն, հիմնականում պատասխանատու են միայն մեկ ուղղության համար։ Գլխավոր գործադիր տնօրենը մնացածներից ամենալավն է ունակ տեսնել ընկերության հնարավորությունները, դատողություններ անել և ցուցումներ տալ․ նա միակն է, որ պատասխանատու է ընկերության գործողությունների հետևանքների և տարբեր արտաքին շահառուների չափանիշներին և ստանդարտներին այդ հետևանքի համապատասխանության համար։ Ընդհանուր պատասխանատու որոշումները, որոնք կայացնում է գլխավոր գործադիր տնօրենը, պետք է ուղղված լինեն դեպի արտաքին լսարանը, հակառակ պարագան վնասաբեր է ընկերության աճի համար։ Ալան Ջորջ Լաֆլիի կարծիքով գործնականում գլխավոր գործադիր տնօրենի դերը որպես կապող օղակ, բաժանված է հետևյալ առաջադրանքների, որոնց կատարումը կարող է խլել նրա աշխատաժամանակի մեծ մասը․
Անգլոսաքսոնական իրավական համակարգի կորպորատիվ իրավունքում գոյություն ունի տնօրենի շահագրգռվածություն հասկացությունը (անգլ.՝ director's interest): Վերջինս ի հայտ է գալիս այն դեպքում, երբ ընկերության ղեկավարները (հնարավոր է նաև CEO-ն) բաժնետոմսեր և պարտատոմսեր ունեն իրենց կազմակերպությունում։ Այս արժեթղթերով գործարքներ կատարելիս ղեկավարությունն ավելի շատ ինֆորմացիա ունի, քան շարքային բաժնետերերը և կարող է որոշ տեղեկություններ օգտագործել ի շահ անձնական նպատակների։ Այդ պատճառով, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունում բաժնետոմսեր ունենալը ղեկավարության շրջանում սովորաբար խրախուսվում է, նրանց ցանկացած անձնական գործողություն գտնվում է խիստ վերահսկողության ներքո։
1934 թվականից ԱՄՆ-ում գործում է «Արժեթղթերով առևտրի մասին օրենք» (անգլ.՝ Securities Exchange Act of 1934), որը նպատակ ունի բարելավել ներդրողների տեղեկացվածության մակարդակը և ուժեղացնել չարաշահողների դեմ պայքարը։ Ի թիվս այլ բաների, այն պահանջում է ընկերության տնօրենների գործարքների վերաբերյալ տեղեկատվության կանոնավոր տրամադրում։ Նաև ցանկացած ընկերության 10%-ից ավելի բաժնետոմսեր ունեցողները և բոլոր այն տնօրենները, որոնք ընկերությունում ունեն արժեթղթեր, պարտավոր են Արժեթղթերի և բորսայական գործունեության հանձնաժողովին (անգլ.՝ Securities and Exchange Commission) և համապատասխան բորսային տրամադրել հաշվապահական հաշվառման 3-րդ ձևը։
1977 թվականին ԱՄՆ-ում հիմնադրվել է «Կորպորացիաների տնօրենների ազգային ասոցացիա» կոչվող պրոֆեսիոնալ կազմակերպությունը (անգլ.՝ National Association of Corporate Directors)։ 2015 թվականին այն միավորում էր շուրջ 17 000 կառավարման մարմինների ներկայացուցիչների, տնօրենների, ինչպես նաև այլ ղեկավար անձնակազմի և իրավաբանների։ Կազմակերպությունը հավաքագրում և տարածում է տեղեկատվություն գործարար շրջանակների գործունեության վերաբերյալ, անց է կացնում սեմինարներ, ամեն ամիս թողարկում է երկու հրատարակություն` «Corporate Directors’ Special Report Series» և «Director Monthly»։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Գլխավոր գործադիր տնօրեն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.