Սըր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոք (անգլ.՝ Sir Alfred Joseph Hitchcock, օգոստոսի 13, 1899(1899-08-13), Լեյթոնսթոուն, London Borough of Waltham Forest, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 29, 1980(1980-04-29), Բել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), անգլիացի և ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է, շատ հաճախ նրան վերագրում են «Սասպենսի Վարպետ» մականունը։ Նա հիմնադրել է սասպենսի և հոգեբանական թրիլերի շատ էլեմենտներ։ Նա ունեցավ հաջողված կարիերա բրիտանական կինոմատոգրաֆիայում և ճանաչվեց Անգլիայի լավագույն ռեժիսոր։ Հիչքոքը տեղափոխվեց Հոլիվուդ 1939 թ.
և դարձավ Ամերիկայի քաղաքացի 1955 թ.: Հիչքոքը ստեղծել էր իրեն հատուկ ռեժիսորական ոճ։ Նա կարողանում էր իր ֆիլմերում վարպետորեն ստեղծել տագնապային անորոշության և լարված սպասումի մթնոլորտ կինոդիտողի համար։ Կյանքի վերջում Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ստացել է պատվո մրցանակ, իսկ Անգլիայի թագուհի Էլիզաբեթ II-ը նրան տվել է ասպետի կոչում։
Ալֆրեդ Հիչքոք անգլ.՝ Alfred Hitchcock | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1899[…] |
Ծննդավայր | Լեյթոնսթոուն, London Borough of Waltham Forest, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 29, 1980[…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Բել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Լոնդոնի համալսարան, Tower Hamlets College? (1914) և Salesian College? (1908) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոդերասան, հեռուստառեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, ռեժիսոր և պրոդյուսեր |
Ոճ(եր) | թրիլեր, suspense film? և սարսափ ֆիլմ |
Ամուսին | Ալմա Ռևիլ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000033 |
Իր կարիերայի 60 տարիների ընթացքում Հիչքոքը նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ և հաճախ դիտվում է որպես կինոմատոգրաֆիայի պատմության ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկը։ Համաձայն 2007 թ. Բրիտանիայում արված հարցմանը, Հիչքոքը համարվում է Բրիտանիայի լավագույն ռեժիսորը։
Ալֆրեդ Հիչքոքը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 13-ին Լոնդոնում։ Ընտանիքում երկրորդ որդին էր և երեք երեխաներից ամենափոքրը։ Նրա հայրը նպարավաճառ էր։ Հիչքոքը դաստիարակվել էր որպես կաթոլիկ։ Սովորել է Բատտերսիի Սալեսիան քոլեջում և Լոնդոնի Ս. Իգնատիուսի անվ. քերականական դպրոցում։ Նրա ծնողները անգլա-իռլանդական ծագում ունեին։ Իր մանկությունը Հիչքոքը նկարագրում է միայնակ և փակված միջավայրում ձևավորված, որը ավելի էր վատթարանում իր գիրության պատճառով։ Հինգ տարեկան հասակում Հիչքոքի հայրը տղային պատժելու համար ուղարկել էր նրան ոստիկանություն և խնդրել, որ ոստիկանները Հիչքոքին 5 րոպեով փակեն բանտախցում։ Այս պատահարը սերմանեց Հիչքոքի մեջ վախ ոստիկանների նկատմամբ, որը ձգվեց մինչ իր կյանքի ավարտը։
Հոր մահից հետո Հիչքոքը թողեց Ս. Իգնատիուսը Լոնդոնի համալսարանում ճարտարագիտություն ուսանելու համար։
Դեռ դեռահասության տարիներից Հիչքոքը սիրում էր ֆիլմեր և 1920 թվականից աշխատել է կինոստուդիայում։ Սկզբում նա քարտեր էր նկարում դերասանների անունով ֆիլմի տիտրերի համար, հետո սկսեց սցենարներ գրել և աշխատել որպես ռեժիսորի օգնական։ Այս վերելքը տևեց ընդամենը 5 տարի։ «Կինը կնոջը» (1923), «Սպիտակ Ստվերը»(1924), «Կրքոտ ավանտյուրա»(1924), «Սրիկա»(1925) ֆիլմերի շարքում եղել է ռեժիսորի օգնական։
Հիչքոքի առաջին ֆիլմերը նրան հաջողություն չբերեցին։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Հիչքոքը 1927 թվականին նկարահանեց իր առաջին թրիլեր ֆիլմը՝ «Վարձով բնակվողը. պատմություն Լոնդոնյան մառախուղի մասին»։ Կինովարձույթում այս ֆիլմն ունեցավ ցնցող հաջողություն։
1926 թվականի դեկտեմբերի 2-ին ամուսնացել է մասնագիտությամբ կինոմոնտաժող Ալմա Ռեվիլի հետ, ում հետ ծանոթացել էր 1923 թվականին «Կինը կնոջը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 1928 թվականին նրանք ունեցան մեկ աղջիկ՝ Պատրիսիա Հիչքոք, ով հետագայում դարձավ դերասանուհի։
Բրիտանական առաջին ձայնային ֆիլմի հեղինակը Ալֆրեդ Հիչքոքն է՝ «Շանտաժ» (1929), որն ի դեպ ունեցավ հաջողություն կինովարձույթում։
1933 թվականին Հիչքոքը կրկին սկսեց աշխատել Մայքլ Բալքոնի հետ։ Իր առաջին ֆիլմը Բալքոնի կազմակերպության համար եղել է
«Մարդն, ով չափից շատ գիտեր» (1934) ֆիլմը, որը հաջողություն վայելեց, իսկ երկրորդը՝ «39 աստիճաններ» (1935) համարվում է Հիչքոքի վաղ շրջանի լավագույն ֆիլմերից։ Հաջորդ հաջողված ֆիլմը եղել է «Կինն անհետանում է» (1938)։ Ֆիլմը նկարագրվել է որպես «ժանրի ոսկե դարաշրջանի լավագույն ֆիլմերից մեկը»։
Հիչքոքի ռեժիսորական ձեռագրի առանձնահատկություններից է ֆիլմում ձայնի աշխատանքը, նա օգտագործում էր անսպասելի ձայնային էֆեկտներ կարևոր տեսարանները առավել տպավորիչ դարձնելու համար։ Նույն նպատակին էր ծառայեցնում նաև երաժշտությունը, որ իր ֆիլմերի համար հիմնականում գրում էր Բերնարդ Հերրմանը։ Հիչքոքի հերոսները հիմնականում մարդիկ էին, ովքեր հայտնվել են իրադարձությունների թակարդում։ Ֆիլմերի սյուժեները կարելի է բաժանել 3 հիմնական մասի։
Հիչքոքը սիրում էր երևալ իր ֆիլմերում էպիզոդիկ դերերով՝ կամեո և նկարահանվել է իր վերջին շրջանի գրեթե բոլոր ֆիլմերում։ Իր ամբողջ կյանքի ընթացքում, հատկապես վերջին տարիներին Հիչքոքը սիրում էր իրեն պարուրել խորհրդավոր, առեղծվածային մթնոլորտով։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Հիչքոք» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Հիչքոք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 415)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ալֆրեդ Հիչքոք, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.