Ջոն Մեյնարդ Քեյնս: բրիտանացի տնտեսագետ

Ջոն Մեյնարդ Քեյնս, առաջին բարոն Քեյնս (հունիսի 5, 1883(1883-06-05), Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 21, 1946(1946-04-21), Ֆիրլ, Լյուիս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), բրիտանացի տնտեսագետ, ում հայացքներն արմատապես փոխեցին մակրոտնտեսագիտության տեսությունը, պրակտիկան և պետությունների վարած տնտեսական քաղաքականությունները։ Նա ընդարձակել և մեծապես հղկել է բիզնես ցիկլերի պատճառների վերաբերյալ գոյություն ունեցած աշխատանքները, 20-րդ դարի ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկն էր և ժամանակակից մակրոտնտեսագիտության հիմնադիրը։ Նրա առաջ քաշած գաղափարները կազմում են Քեյնսյան տնտեսագիտություն կոչվող մտքի դպրոցի և դրա տարբեր ճյուղերի հիմքը։

Ջոն Մեյնարդ Քեյնս
անգլ.՝ John Maynard Keynes
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1883(1883-06-05)[…]
ԾննդավայրՔեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 21, 1946(1946-04-21)[…] (62 տարեկան)
Մահվան վայրՖիրլ, Լյուիս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունՋոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԻթըն քոլեջ, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ (1905), Քեմբրիջի համալսարան և St Faith's School?
ԵրկերԶբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն, Indian Currency and Finance?, The Economic Consequences of the Peace?, A Treatise on Probability? և A Treatise on Money?
Մասնագիտությունտնտեսագետ, մաթեմատիկոս, քաղաքական գործիչ, փիլիսոփա, պրոֆեսոր, դիվանագետ, ոչ գեղարվեստական գրող, գործարար և հեղինակ
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան
ԱմուսինԼիդիա Լապուխովա
Ծնողներհայր՝ Ջոն Նևիլ Քեյնս, մայր՝ Ֆլորենս Ադա Քեյնս
Զբաղեցրած պաշտոններԼորդերի պալատի անդամ
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Բատի շքանշանի ասպետ

Ադամ Սմիթի մրցանակ

Էկոնոմետրիկ միության անդամ

և

Բրիտանական ակադեմիայի անդամ

ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Բրիտանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն
Ստորագրություն
Изображение автографа
Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն John Maynard Keynes Վիքիպահեստում

1930-ականների Մեծ ճգնաժամի ժամանակ, Քեյնսը հեղաշրջեց տնտեսագիտական մտածողությունը՝ մարտահրավեր նետելով նոր դասական տնտեսագիտության հայացքներին, համաձայն որոնց՝ ազատ շուկան ինքնուրույն ապահովում է լրիվ զբաղվածություն կարճաժամկետից միջին ժամկետային հատվածում՝ քանի դեռ աշխատողները ճկուն են աշխատավարձի նկատմամբ իրենց պահանջարկի մեջ։ Նա պնդում էր, որ տնտեսական ակտիվության ընդհանուր մակարդակը կախված է ամբողջական պահանջարկից և որ անբավարար ամբողջական պահանջարկը կարող է հանգեցնել երկարատև բարձր գործազրկության մակարդակի։ Քեյնսն առաջարկում էր օգտագործել հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները տնտեսական անկման ու ճգնաժամի բացասական հետևանքները մեղմացնելու  համար։ Նա իր գաղափարներն ամենայն մանրամասնորեն ներկայացրել  է իր ամենանշանավոր աշխատության՝ «Զբաղվածության, տոկոսի և փողի  ընդհանուր տեսության», մեջ, որը տպագրվել է 1936 թվականին։

Առաջատար արևմտյան երկրները 1930-ականների կեսերից մինչև ավարտն առաջնորդվում էին տնտեսական քաղաքականության վարման Քեյնսի առաջարկություններով։ 1946-ին նրա մահվանը հաջորդող երկու տասնամյակների ընթացքում գրեթե բոլոր կապիտալիստական երկրները շարունակում էին հետևել դրանց։ Քեյնսի ազդեցությունը սկսեց թուլանալ 1970-ականներին՝ մասամբ ստագֆլյացիայի պատճառով, որն այդ տասնամյակի ընթացքում քայքայում էր Անգլոսակսոնական երկրների տնտեսությունները  և մասամբ Միլթոն Ֆրիդմանի և այլ մոնետարիստների կողմից Քեյնսյան քաղաքականության հանդեպ հնչեցվող քննադատությունների պատճառով։ Նրանք վիճարկում էին հարկաբյուջետային քաղաքականության միջոցով  բիզնես ցիկլերն արդյունավետորեն կարգավորելու կառավարության ունակությունը։ Ինչևիցե, 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ստիպեց վերանայել Քեյնսի հայացքները։ Քեյնսյան դպրոցի գաղափարների հիման վրա են մշակվել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի, Միացյալ Թագավորության վարչապետ Գորդոն Բրաունի, և այլ  ղեկավարների ձեռնարկած հակաճգնաժամային քաղաքականություները։

Երբ «Թայմ» ամսագիրը 1999 թվականին Քեյնսին ընդգրկեց դարաշրջանի ամենակարևոր մարդկանց ցանկում, գրեց որ «նրա հեղափոխական գաղափարն այն մասին, որ կառավարություններին անհրաժեշտ է ծախսել գումարները, որոնք իրենք չունեն, հնարավոր է փրկեց  կապիտալիզմը»: «Էկոնոմիստ» հանդեսը ներկայացրել է Քեյնսին որպես «20-րդ դարի Բրիտանիայի ամենահայտնի տնտեսագետ»: Տնտեսագետ լինելուց բացի Քեյնսը նաև քաղաքացիական ծառայող էր, Անգլիայի բանկի տնօրենը և մտավորականների Բլումսբերի խմբի անդամ։

Վաղ տարիներ և կրթություն

Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 
Արքայական քոլեջ, Քեմբրիջ Քեյնսի տատը գրել էր նրան, որ քանի որ ինքը ծնվել է Քեմբրիջում, մարդիկ ակնկալելու են իրենից խելոք լինել

Ջոն Մեյնարդ Քեյնսը ծնվել է Քեմբրիջում, Քեմբրիջշիր, Անգլիա վերին միջին խավի ընտանիքում։ Նրա հայրը՝ Ջոն Նևիլ Քեյնսը, տնտեսագետ էր և բարոյագիտության դասախոս Քեմբրիջի համալսարանում, իսկ մայրը՝ Ֆլորենս Ադա Քեյնսը՝ քաղաքական գործիչ։ Քեյնսն ընտանիքի առաջնեկն էր, նրան հաջորդեցին ևս երկու զավակներ. 1885-ին` Մարգարետ Նևիլ Քեյնսը, ով Նոբելյան մրցանակակիր, ֆիզիոլոգ Արչիբալդ Հիլլի կինն էր և 1887 թվականին՝ Ջեֆրի Քեյնսը։ Ջեֆրի Քեյնսը մասնագիտությամբ վիրաբույժ էր։

Համաձայն տնտեսագետ և կենսագիր Ռոբերտ Սկիդելսկիի՝ Քեյնսի ծնողները շատ ուշադիր և հոգատար էին։ Նրանք ողջ կյանքի ընթացքում բնակվել են նույն տանը, որտեղ իրենց երեխաները միշտ սպասված էին։ Քեյնսը մեծ աջակցություն էր ստանում հորից՝ ուսանողական տարիներին մասնագիտական խորհրդատվության տեսքով՝ համալսարանական քննությունները հաջողությամբ հանձնելու համար, և ֆինանսական օգնություն՝ ինչպես երիտասարդ տարիներին, այնպես էլ 1929 թվականի Մեծ Ճգնաժամի շեմին, երբ Քեյնսի միջոցները գրեթե սպառված էին։

1889 թվականի հունվարին՝ հինգ ու կես տարեկան հասակում, Քեյնսը սկսեց հաճախել  Պերսեյի օրիորդաց դպրոցի մանկապարտեզը։ Նա շատ արագ մեծ ընդունակություններ դրսևորեց թվաբանության նկատմամբ, սակայն թույլ առողջության պատճառով ստիպված էր երկար ժամանակով բացակայել դասընթացներից, ինչի պատճառով նա սկսեց տնային ուսուցում ստանալ  մանկավարժ Բիատրիս Մաքինթոշի, և իր մոր կողմից։ 1892-ին ութ ու կես տարեկան հասակում նա սկսեց հաճախել Սուրբ Ֆեյտի նախապատրաստական դպրոցը։ 1894-ի դրությամբ նա իր դասարանի լավագույն աշակերտն էր և մաթեմատիկայում գերազանցում էր բոլորին։ 1896-ին Սուրբ Ֆեյտի տնօրեն Ռալֆ Գուդչայլդը գրում էր, որ Քեյնսը «մի գլուխ բարձր էր դպրոցի մնացած տղաներից» և ինքը վստահ էր, որ Քեյնսը կարող էր Իթոնում սովորելու համար կրթաթոշակ ստանալ։

1897-ին Քեյնսը շահում է կրթաթոշակ Իթոնի քոլեջից, որտեղ ընդունակություններ դրսևորեց շատ առարկաներից, հատկապես մաթեմատիկայից, դասական արվեստագիտությունից ու փիլիսոփայությունից, ինչպես նաև պատմությունից։ Իթոնում Քեյնսն առաջին անգամ սիրահարվեց Դէն Մաքմիլանին՝ ապագա վարչապետ Հարոլդ Մաքմիլանի ավագ եղբորը։ Լինելով միջին խավի ընտանիքից՝ Քեյնսը հեշտությամբ մերվում էր վերին խավի աշակերտների հետ։

1902-ին Քեյնսն ավարտեց Իթոնը և կրթաթաշակ ստացավ՝ Քեմբրիջի համալսարանի Արքայական քոլեջում մաթեմատիկա ուսումնասիրելու համար։ Ալֆրեդ Մարշալը համոզում էր Քեյնսին դառնալ տնտեսագետ, չնայած Քեյնսը հակված էր դեպի փիլիսոփայություն՝ հատկապես դեպի Ջ. Էդ. Մուրի բարոյագիտությունը։ Քեյնսը միացավ Փիթի ակումբին և Քեմբրիջի առաքյալներ ինտելեկտուալ խմբի ակտիվ անդամ էր, վերջինս բանավեճի ակումբ էր՝ նախատեսված ամենափայլուն ուսանողների համար։ Ինչպես ակումբի շատ անդամներ, Քեյնսը ևս ուսումն ավարտելուց հետո կապ էր պահում ակումբի հետ  և շարունակում էր այցելել ժամանակ առ ժամանակ կազմակերպվող հանդիպումներին։ Քեյնսը Քեմբրիջի Միության և Քեմբրիջի համալսարանի լիբերալների ակումբի նախագահն էր։ Համաձայն որոշ կարծիքների՝ նա աթեիստ էր։

1904-ի մայիսին Քեյնսը գերազանցությամբ ավարտում է համալսարանը՝ ստանալով մաթեմատիկայի բակալավրի աստիճան։ Չհաշված ընտանիքի ու ընկերների հետ անցկացրած մի քանի ամսվա արձակուրդը՝ Քեյնսը գալիք երկու տարիների ընթացքում շարունակում էր կապ պահպանել համալսարանի հետ տարբեր միջոցառումների և ծրագրերի շրջանակներում։ Նա մասնակցում էր դեբատների, շարունակում էր ուսումնասիրել փիլիսոփայություն և մեկ կիսամյակ հաճախել է տնտեսագիտության դասախոսությունների, որով և սահմանափակվում է այս առարկայից նրա ստացած ֆորմալ կրթությունը։ 1906-ին նա հանձնում է քաղաքացիական ծառայության քննություններ։

Տնտեսագետ Հարրի Ջոնսոնը գրում է, որ Քեյնսի կյանքի վաղ տարիներից փոխանցված լավատեսությունը շատ կարևոր է հասկանալու համար նրա ուշ տարիների մտածելակերպը։ Քեյնսը միշտ վստահ էր, որ ինքը ցանկության դեպքում կարող էր գտնել ցանկացած խնդրի լուծում և երկար ժամանակ շարունակում էր հավատալ, որ պետական պաշտոնյաները կարող են օգտաբեր լինել։ Քեյնսի լավատեսությունը նաև կապված էր այն մշակույթի հետ, որում նա ծնվել ու մեծացել էր. նա սերում էր իր հզորության բարձունքին գտնվող կայսրության մեծացրած վերջին սերնդից և իր սերնդակիցների հետ միասին պարտավորված էր զգում կրել ժառանգած մշակույթի արժեքները ու ղեկավարվել դրանցով։ Սկիդելսկիի համաձայն՝ 19-րդ դարից մինչև առաջին համաշխարհային պատերազմի ավարտն ընկած  ժամանակաշրջանի Բրիտանիայում տարածված այս մշակութային պատկանելիության զգացումը հասարակության լավ կրթված հատվածներին տալիս էր հնարավորություն կապելու տարբեր բնագավառների գիտելիքները միմյանց և իրական կյանքի հետ, ու պրակտիկ խնդիրներին արձագանքելիս հենվել տարբեր բնագավառների վրա։

Կարիերա

Քեյնսն իր քաղաքացիական ծառայողի կարիերան սկսեց 1906 թվականի հոկտեմբերին՝ որպես քարտուղար Մեծ Բրիտանիայի կառավարության Հնդկաստանի հարցերով գրասենյակում։ Նա ի սկզբանե վայելում էր աշխատանքը, սակայն 1908 թվականին սկսում է ձանձրանալ և թողնում է իր պաշտոնը՝ Քեմբրիջ վերադառնալու և  հավանականությունների տեսության վրա աշխատելու համար։ Այս աշխատանքը սկզբում ֆինանսավորվում էր միայն համալսարանի երկու դասախոսների մասնավոր միջոցների հաշվին. նրա հոր և տնտեսագետ Արթուր Պիգուի։

Քեյնսը 1909 թվականի դրությամբ «Էքոնոմիկ ջորնլ» պարբերականում տպագրել էր իր առաջին տնտեսագիտական հոդվածը՝ Հնդկաստանի վրա վերջին համաշխարհային տնտեսական անկումների ազդեցության վերաբերյալ։ Նա հիմնադրում է Քաղաքական տնտեսության ակումբը, որը շաբաթական քննարկումների ակումբ էր։ Քեյնսը 1909 թվականին նաև ստանձնում է տնտեսագիտության դասախոսի պաշտոն, որը ֆինանսավորվում էր անձամբ Ալֆրեդ Մարշալի կողմից։ Քեյնսը սկսում է նաև մասնավոր դասընթացներ տալ, որի շնորհիվ նրա եկամուտները շարունակում են աճել։

1911 թվականին Քեյնսը նշանակվում է «Էքոնոմիկ ջորնլ» պարբերականի խմբագիր։ 1913 թվականի դրությամբ նա հրատարակում է իր առաջին  «Հնդկական արժույթը և ֆինանսները» գիրքը։ Ավելի ուշ նա աշխատանք է ստանում իր հեղինակած գրքի թեմային համահունչ Հնդկական արժույթի և ֆինանսների հարցերով թագավորական հանձնաժողովում, որտեղ նա դրսևորում է մեծ տաղանդ տնտեսագիտական տեսությունները  խնդիրներ լուծելու նպատակով գործնականում կիրառելու նկատմամբ։ Նրա աշխատանքները տպագրվում էին Ջ. Մ. Քեյնս անվան տակ, չնայած իր ընտանիքի և ընկերների շրջանում նա ճանաչված էր որպես Մեյնարդ։ (Նրա հայրը՝ Ջոն Նևիլ Քեյնսը, ևս միշտ ճանաչված էր իր միջին անունով)։

Առաջին համաշխարհային պատերազմ

Բրիտանական կառավարությունն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դիմում է Քեյնսին խորհրդատվության համար։ Չնայած 1914 թվականին նա պաշտոնապես միացած չի լինում քաղաքացիական ծառայության համակարգին, ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի օր առաջ կառավարության խնդրանքով Քեյնսը ժամանում է Լոնդոն։ Բանկիրներն ակտիվորեն փորձում էին հասնել նրան, որ մետաղադրամներով վճարումներ իրականացնելն (թղթադրամների փոխարկումը ոսկու) արգելվի, բայց Քեյնսի օգնությամբ Գանձապետարանի կանցլերին (այդ տարիներին՝ Լլոյդ Ջորջը) հնարավոր եղավ համոզել, որ դա վատ գաղափար կլիներ, քանի որ քաղաքի հեղինակությունը կվնասվի, եթե վճարումներն արգելվեն մինչև դրա խիստ անհրաժեշտ լինելը։

1915 թվականի հունվարին Քեյնսը ստանձնեց պետական պաշտոն երկրի գանձապետարանում։ Իր պարտականությունների մեջ էին մտնում պատերազմական շրջանում Բրիտանիայի և իր դաշնակիցների միջև վարկային պայմանագրերի պայմանների մշակումը և արժույթների ձեռքբերումը։ Համաձայն տնտեսագետ Ռոբերտ Լեկչմանի՝այս պարտականությունների կատարման շնորհիվ Քեյնսի «ինքնատիրապետումը և վարպետությունը դարձել էին լեգենդար», ինչպես օրինակ այն ժամանակ, երբ նա կարողացավ մեծ դժվարությամբ, բայց ստեղծել իսպանական պեսետաների փոքր առաջարկ։

Գանձապետարանի քարտուղարը շատ ուրախ էր լսել, որ Քեյնսը կարողացել էր հավաքել բավական իսպանական պեսետաներ բրիտանական կառավարության խնդիրները ժամանակավոր լուծելու համար։ Բայց Քեյնսը չփոխանցեց պեսետաները՝ այլ փոխարենը որոշեց դրանք ամբողջությամբ վաճառել՝ շուկայական գները իջեցնելու նպատակով. նրա համարձակությունը արդարացվեց, քանի որ պեսետաների գինը դրանից հետո ընկավ։

1916 թվականի զինվորական զորակոչի ժամանակ նա դիմեց բարոյական սկզբունքներից ելնելով ծառայությունից ազատվելու համար, ինչը նրան թույլ տրվեց պայմանով, որ նա կշարունակի իր պետական ծառայությունը։

1917 թվականին թագավորի ծննդյան առթիվ շնորհվող պարգևների շրջանակում Քեյնսին շնորհվեց Բատի շքանշանի ասպետի կոչում՝ պատերազմական ժամանակներում իր կատարած աշխատանքի համար, նրա հաջողությունները տարան մի նշանակման, որը մեծ ազդեցություն կթողնի Քեյնսի կյանքի և կարիերայի վրա. Քեյնսը նշանակվեց 1999 թվականի Վերսալյան խաղաղության համաժողովում Մեծ Բրիտանիայի գանձապետարանի ֆինանսական մասով ներկայացուցիչ։ Նրան նաև շնորհվեց Բելգիայի թագավորության Լեոպոլդի շքանշանի սպայի աստիճան։

Վերսալյան խաղաղության համաժողով

Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 
Քեյնսի գործընկեր Դեյվիդ Լլոյդ Ջորջը: Քեյնսը սկզբում զգուշավորությամբ էր վերաբերում «Ուելսի հրաշագործին» և նախընտրում էր նրա մրցակից Ասքվիթին, սակայն Վերսալում շատ տպավորված էր Լլոյդ Ջորջով: Ինչևիցե, դա հետ չպահեց Քեյնսին «Խաղաղության տնտեսական հետևանքներում» այն ժամանակվա վարչապետին խիստ քննադատելուց:

Վերսալյան համաժողովի շրջանակներում Քեյնսի գործունեությունը փոխեց սեփական ապագայի վերաբերյալ իր պատկերացումները, մինչդեռ այս փորձը նրա համար անբարեհաջող էր։ Քեյնսի հիմնական նպատակն էր փորձել կանխել Գերմանիայի համար չափազանց մեծ փոխհատուցման վճարների սահմանումը, նա անհանգստանում էր, որ այդ վճարները կլինեն այնքան բարձր, որ կորուստներ կհասցնեն անմեղ գերմանական ժողովրդին, կվնասեն երկրի վճարունակությանը և խիստ կսահմանափակեն ուրիշ երկրներից ներմուծումների համար վճարելու նրա հնարավորությունը՝ այդպիսով վնաս հասցնելով ոչ միայն Գերմանիայի տնտեսությանը, այլև աշխարհի այլ տնտեսություններին։

Սակայն, Մեծ Բրիտանիայում 1918 թվականին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիայի պահպանողական ուժերն այնպես արեցին, որ և՛ Քեյնսը, և՛ Գանձապետարանը մեծ հաշվով դուրս մնան փոխհատուցումների վերաբերյալ բարձր մակարդակով անցկացվող պաշտոնական խոսակցություններից։ Նրանց տեղը զբաղեցրեցին «Երկնային երկվորյակները»՝ դատավոր Լորդ Սամները և բանկիր Լորդ Կանլայֆը, ովքեր իրենց մականունը ստացել են Գերմանիայից «տիեզերական» բարձր փոխհատուցման վճարներ պահանջելու ու ստանալու իրենց ցանկության շնորհիվ։ Քեյնսին ստիպում էին ազդել բանակցությունների վրա մեծապես վարագույրների հետևից։

Վերսալյան համաժողովի երեք գլխավոր դերակատարներն էին Լլոյդ Ջորջը՝ Մեծ Բրիտանիայից, Կլեմանսոն՝ Ֆրանսիայից և Նախագահ Վիլսոնը՝ Ամերիկայից։ Միայն Լլոյդ Ջորջն էր, ում հետ Քեյնսն ուներ ուղիղ կապ. մինչև 1918 թվականի ընտրությունները նա որոշակի համակրանք ուներ Քեյնսի հայացքների նկատմամբ, սակայն ընտրական քարոզարշավների ընթացքում նա հասկացավ, որ հասարակությունը լավ է ընդունում  իր հայացքներն այն դեպքում, երբ  ինքը խոստանում է խիստ պատժել Գերմանիային և հետևապես կարգադրեց իր հանձնախմբին պաշտպանել բարձր փոխհատուցման վճարներ սահմանելու մոտեցումը։

Ամեն դեպքում Լլոյդ Ջորջն արժանանում է որոշ վստահության Քեյնսի կողմից, երբ Փարիզյան համաժողովում հանդես է գալիս Ֆրանսիայի դեմ և երաշխավորվում, որ Գերմանիայի քաղաքացիներին կմատակարարեն չափազանց անհրաժեշտ սննդամթերք։ Կլեմանսոն ևս պնդում էր բարձր փոխհատուցման վճարների մասին, չնայած ոչ այնքան բարձր, որքան առաջարկվում էր Բրիտանիայի կողմից, մինչդեռ անվտանգության մասով Ֆրանսիան ավելի խիստ պայմանների ընդունման համար էր բանակցում, քան Բրիտանիան։

Վիլսոնը ի սկզբանե կողմնակից էր ավելի մեղմ դիրքորոշման Գերմանիայի նկատմամբ։ Նա մտավախություն ուներ, որ չափազանց խիստ պայմանները կարող էին զարկ տալ ծայրահեղականության և ցանկանում էր Գերմանիային թողել բավական միջոցներով՝ ներմուծման համար վճարելու համար։ Ի անհանգստություն Քեյնսի՝ Լլոյդ Ջորջը և Կլեմանսոն կարողացան ճնշում գործադրել Վիլսոնի վրա և ստիպել նրան համաձայնվել ներառել կենսաթոշակները փոխհատուցման մասին փաստաթղթի նախագծում։

Համաժողովի ավարտին Քեյնսը մշակեց ծրագիր, որը, ըստ նրան, ոչ միայն կօգներ Գերմանիային և կենտրոնական Եվրոպայի այլ աղքատացած տերություններին, այլև նպաստավոր կլիներ ամբողջ համաշխարհային տնտեսության համար։ Այդ ծրագրի մի մասը կազմում էր պարտքերի ներումը,  որը բարենպաստորեն կազդեր միջազգային առևտրի վրա, բայց միևնույն ժամանակ Եվրոպայի վերականգնման ամբողջ ծախսերը դնում էր ԱՄՆ ուսերին։

Լլոյդ Ջորջը համաձայնվեց, որ սա կարող էր ընդունելի լինել բրիտանական ընտրազանգվածի համար։ Ինչևիցե, Ամերիկան դեմ էր ծրագրին. ԱՄՆ-ն այդ տարիներին ամենախոշոր վարկատուն էր, բացի այդ այս պահի դրությամբ Վիլսոնը արդեն հակված էր դեպի խաղաղության կոշտ միջոցառումների կիրառումը և գտնում էր, որ իր երկիրն արդեն չափազանց շատ զոհերի էր գնացել։ Հետևաբար, չնայած Քեյնսի լավագույն ջանքերին, համաժողովի արդյունքում ընդունվեց մի ծրագիր, որը հիասթափություն էր նրա համար՝ թե բարոյական, թե տնտեսական առումով և ինչը ստիպեց նրան հեռանալ գանձապետարանից։

1919 թվականի հուլիսին նա մերժեց Հյուսիսային առևտրի բրիտանական բանկի նախագահի պաշտոնը, որի համար կվարձատվեր 2000 ֆունտ ստերլինգ։

Համաժողովի արդյունքում ընդունված համաձայնագրի հնարավոր վնասաբեր հետևանքների վերաբերյալ Քեյնսի տեսակետները 1919 թվականին լույս տեսան իր շատ ազդեցիկ «Խաղաղության տնտեսական հետևանքները» գրքում։ Այս աշխատությունը ներկայացվում էր որպես Քեյնսի լավագույն գիրքը, որտեղ նա կարողացավ ի ցույց դնել իր բոլոր որակները՝ իր կիրքը, ինչպես նաև տնտեսագետի հմտությունները։  Ի լրումն տնտեսական վերլուծությունների՝ գրքում հեղինակը կոչ է անում ընթերցողի կարեկցանքին.

Ես չեմ կարող թողնել այս թեման ասես թե առաջարկվող լուծումների արդարությունն ամբողջովին երաշխավորվում էր մեր կողմից կամ հիմնված էր տնտեսական փաստարկների վրա։ Գերմանիային ստրկացման հասցնելու, միլիոնավոր մարդկանց կյանքերը քայքայելու և մի ամբողջ ազգ երջանիկ լինելու հնարավորությից զրկելու քաղաքականությունը պետք է լինի նողկալի և ատելի. նողկալի և ատելի, նույնիսկ եթե դրա իրականացումը հնարավոր լիներ, նույնիսկ եթե դա հարստացներ մեզ, նույնիսկ եթե չսերմաներ Եվրոպայի ողջ քաղաքակիրթ կյանքի անկումը։

Նաև առկա էին շատ պատկերավոր նկարագրություններ, ինչպես՝ «տարեցտարի Գերմանիան կմնա աղքատ և երեխաները կապրեն սովի մեջ ու կունենան սահմանափակ ընդունակություններ»՝ համարձակ կանխատեսումների հետ միասին, որոնք հետագայում իրականություն դարձան.

Եթե մենք գիտակցաբար նպատակադրենք Կենտրոնական Եվրոպային աղքատության հասցնելը, վրեժխնդրությունը, ես կհամարձակվեմ կանխատեսել, արագ կտարածվի։ Այդ ժամանակ Հակազդեցության ուժերի և Հեղափոխության հուսահատ ջղաձգությունների միջև վերջնական պատերազմն իրեն երկար չի սպասեցնի, ինչը Գերմանական վերջին պատերազմի սարսափների կողքին ոչինչ կթվա։

Քեյնսի հետևորդները կարծում են, որ աղետի վերաբերյալ նրա կանխատեսումներն արդարացվեցին, երբ Գերմանիայի տնտեսությունը 1923 թվականին ենթարկվեց հիպերինֆլյացիայի, և դարձյալ՝ Վայմարյան հանրապետության կործանմամբ ու Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումով։ Ինչևիցե, պատմաբան Ռութ Հենիգը պնդում է, որ «Փարիզյան համաժողովի պատմության մասնագետների մեծ մասը այժմ համամիտ է, որ տնտեսական առումով համաձայնագիրը չափազանց խիստ չէր Գերմանիայի հանդեպ և որ մինչդեռ Փարիզում պարտավորությունները ու վնասները անխուսափելիորեն շատ էին շեշտվում բանավեճերում՝ օրաթերթեր ընթերցող ընտրազանգվածին բավարարելու համար, մտադրությունը Գերմանիային հանգիստ կերպով էական օգնություն տրամադրելն էր՝ իր հաշիվները փակելու համար, ինչպես նաև Գերմանիայի բազմաթիվ առարկություններին արձագանքելը՝ փոխհատուցումների մարման գրաֆիկում փոփոխություններ անելու միջոցով։»

Երբևէ վճարվել է փոխհատուցումների միայն մի փոքր մասը։ Պատմաբան Ստեֆեն Շուկերը «Ամերիկյան «Փոխհատուցումները» Գերմանիային, 1919-33»-ում ցույց է տալիս, որ ամերիկյան վարկերով պայմանավորված կապիտալի ներհոսքը զգալիորեն գերազանցել է Գերմանիայի վճարումների չափը այնպես, որ զուտ հաշվարկով, Գերմանիան ստացել է երկրորդ համաշխարհային պատերազմին հետևող Մարշալի պլանով սահմանված գումարից չորս անգամ ավելի մեծ չափով աջակցություն։

Շուկերը նաև ցույց է տալիս, որ Վերսալյան համաժողովին հաջորդող տարիներին Քեյնսը դարձավ փոխհատուցումների մասով ոչ պաշտոնական խորհրդատու Գերմանիայի կառավարության համար, գրեց Գերմանիայի փոխհատուցման գլխավոր ծանոթագրություններից մեկը, և փաստորեն նպաստեց հիպերինֆլյացիային քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Այնուամենայնիվ, «Խաղաղության տնտեսական հետևանքները» միջազգային ճանաչում բերեց Քեյնսին, չնայած նաև պատճառ հանդիսացավ, որ նրան համարեն հակաիշխանական. երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից հետո էր միայն, որ Քեյնսին առաջարկեցին ստանձնել խոշոր Բրիտանական բանկի տնօրինություն կամ կառավարություն վերադառնալու ընդունելի առաջարկ արեցին։ Ինչևիցե, Քեյնսը դեռ ի վիճակի էր ազդեցություն ունենալ պետական քաղաքականության վրա իր կապերի, տպագրված աշխատանքների և պետական հանձնաժողովներում ներգրավվածության միջոցով. սա ներառում էր, բարձրաստիճան քաղաքական հանդիպումներին մասնակցություն՝ որպես խորհրդատու։

1920-ականներ

Քեյնսն ավարտին հասցրեց  իր «Հավանականության վերաբերյալ տրակտատը» մինչև պատերազմը, բայց տպագրեց այն 1921 թվականին։ Աշխատանքը նշանակալի ավանդ ունեցավ հավանականության տեսության փիլիսոփայական և մաթեմատիկական հիմնավորումներում՝ պաշտպանելով այն կարևոր տեսակետը, որ հավանականությունները ոչ ավել ոչ պակաս իրական արժեքներ են՝ պարզ ճշմարտության և կեղծիքի արանքում։  Բացի գիտական աշխատանքից, 1920-ականներին Քեյնսը նաև ակտիվ լրագրական գործունեություն էր ծավալում՝ վաճառելով իր աշխատանքները միջազգայնորեն, ինչպես նաև աշխատում Լոնդոնում որպես ֆինանսական խորհրդատու։ 1924 թվականին Քեյնսը գրում է իր նախկին դասախոս Ալֆրեդ Մարշալի մահախոսականը, որը Ջոզեֆ Շումպետրը անվանում է «գիտության մարդու ամենափայլուն կյանքը, որը ես երբևէ կարդացել եմ»:Մարշալի այրին «հմայված» էր հուղարկավորության արարողությամբ, մինչդեռ Լիտտոն Ստրեյչին գնահատեց այն որպես Քեյնսի «լավագույն աշխատանքներից» մեկը։

1922 թվականին Քեյնսը շարունակում էր պայքարել Գերմանիայի կողմից վճարվող փոխհատուցումների կրճատման համար «Համաձայնագրի վերանայում» աշխատանքով։ Նա խիստ քննադատում էր առաջին համաշխարհային պատերազմին հետևող դրամավարկային քաղաքականությունները 1923 թվականի իր «Տրակտատ դրամավարկային բարեփոխումների վերաբերյալ» աշխատության մեջ. փաստարկ նրա շուրջ, որ երկրները պետք է թիրախավորեն ներքին գների կայունությունը՝ խուսափելու համար գնանկումից նույնիսկ իրենց արժույթների արժեզրկման գնով:Բրիտանիան տուժում էր բարձր գործազրկությունից 1920-ականների մեծ մասի ընթացքում՝ ստիպելով Քեյնսին առաջարկել ստերլինգի արժեզրկում՝ Բրիտանիայից արտահանվող ապրանքները ավելի մատչելի դարձնելու և երկրում աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով։ 1924 թվականից նա նաև պաշտպանում էր հարկաբյուջետային միջամտությունը, որտեղ պետությունը կարող էր ստեղծել աշխատատեղեր պետական ծախսերը ավելացնելու միջոցով։ 1920-ականների ընթացքում Քեյնսի այս հայացքները միայն սահմանափակ ազդեցություն են ունեցել քաղաքականություն մշակողների և տարածված գիտական կարծիքի վրա. համաձայն Հայման Մինսկիի՝ պատճառներից մեկը այն էր, որ նրա տեսական հիմնավորումները «խճճված էին»։ Տրակտատը նաև կոչ էր անում վերջ տալ ոսկու ստանդարտին։ Քեյնսը ասում էր, որ ոսկու ստանդարտին անդամակցությունն այլևս շահավետ չէ Մեծ Բրիտանիայի համար, քանի որ այն հակասության մեջ է ինքնավար ներքին քաղաքականություն ունենալու անհրաժեշտության հետ։ Այն կարող էր ստիպել երկրներին հետամուտ լինել արժեզրկման քաղաքականության հենց այն պահին, երբ երկիրը որոշում է իրականացնել խթանիչ միջոցառումներ աճող գործազրկության խնդիրներին արձագանքելու համար։ Անգլիայի բանկը և գանձապետարանը դեռ կողմ էին ոսկու ստանդարտին և 1925 թվականին նրանք կարողացան համոզել այն ժամանակ կանցլերի պաշտոն զբաղեցնող Ուինսթոն Չերչիլին վերահաստատել այն, ինչը ճնշող ազդեցություն ունեցավ բրիտանական արդյունաբերության վրա։ Քեյնսը արձագանքեց սրան գրելով «Պարոն Չերչիլի տնտեսական հետևանքները» և շարունակելով հանդես գալ ոսկու ստանդարտի դեմ մինչև Մեծ Բրիտանիան վերջապես հրաժարվեց դրանից 1931 թվականին։

Մեծ ճգնաժամ

Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 
Մեծ ճգնաժամի ֆոնի վրա սկիզբ առավ Քեյնսյան հեղափոխությունը։ Նկարը արվել է 1936–ի մարտին Դորոթեա Լանժի կողմից, նկարում Ֆլորենս Օուենս Թոմսոնն է։

Քեյնսը սկսել էր գործազրկության, փողի և գների միջև հարաբերության ուսումնասիրությունը դեռևս 1920-ականներին։ «Տրակտատ փողի վերաբերյալ» աշխատությունը տպագրվեց 1930 թվականին երկու հատորով։ Աշխատության կենտրոնական գաղափարը այն էր, որ եթե խնայվող փողի մեծությունը գերազանցում է ներդրվող փողի մեծությանը, ինչը կարող է տեղի ունենալ, եթե տոկոսադրույքները շատ բարձր են, ապա գործազրկությունը կաճի։ Սա մասամբ պայմանավորված է նրանով, որ աշխատավարձի ավելի մեծ մասը ծախսելու մարդկանց ցանկության բացակայությունն գործատուների համար դժվարացնում է շահույթի ստեղծումը։ Գրքի մեկ այլ կենտրոնական թեմա է որոշ ժամանակամիջոցում արժույթների գնողունակության փոփոխության վերաբերյալ ստույգ պատկերացումներ ունենալու համար պահանջվող ֆինանսական գործակիցների անվստահելիությունը։ Մասնավորապես, նա քննադատում էր մեծածախ գների գործակցի մինչպատերազմյա շրջանի գնահատականների օգտագործումն արդարացնելու համար 1925 թվականի Մեծ Բրիտանիայի վերադարձը ոսկու ստանդարտին։ Նա պնդում էր, որ գործակիցը թերագնահատում է աշխատուժի և ծառայությունների արժեքների փոփոխությունների հետևանքները։

Քեյնսը խիստ քննադատում էր Մեծ Ճգնաժամի ընթացքում բրիտանական կառավարության վարած կոշտ տնտեսական քաղաքականությունը։ Նա գտնում էր, որ բյուջետային պակասուրդները բնական երևույթ են, որ դրանք տնտեսական անկման արդյունք են։ Նա գրել է. «Կառավարության այս կամ այն տեսակի փոխառությունները, այսպես կոչված, բնական միջոց են՝ այնպիսի ծանր ճգնաժամի ընթացքում, ինչպիսին ներկայիսն է՝ կանխելու համար ձեռնարկատիրական գործունեության կորուստներն այնքան մեծ չափերի հասնելուց, որ դրանք կարողանան ամբողջ արտադրական ոլորտը բերել լճացման»։

1933 թվականին՝ Մեծ Ճգնաժամի ամենածանր պահին, լույս է տեսնում Քեյնսի «Բարգավաճման միջոցները» աշխատությունը, որը ընդգրկում էր կոնկրետ առաաջարկներ համաշխարհային ճգնաժամի պայմաններում գործազրկության բարձր մակարդակի հաղթահարման վերաբերյալ։ «Բարգավաճման միջոցները» աշխատության մեջ տեղ է գտնում բազմապատկչի էֆեկտի առաջին հիշատակություններից մեկը։ Մինչդեռ այն գլխավորապես ուղղված էր բրիտանական կառավարությանը, այն նաև պարունակում էր խորհուրդներ համաշխարհային ճգնաժամից տուժած այլ երկրների համար ևս։ Մի օրինակ ուղղարկվել էր նորընտիր նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտին և այլ համաշխարհային առաջնորդներին։ Ե՛վ ամերիկյան, և՛ բրիտանական կառավարությունները լուրջ վերաբերմունք ցուցաբերեցին աշխատության նկատմամբ, և համաձայն Ռոբերտ Սկիդելսկիի՝ այն օգնեց ճանապարհ հարթել ավելի ուշ քեյնսյան գաղափարների ընդունման համար, չնայած քիչ անմիջական գործնական ազդեցություն ունեցավ։ 1933 թվականի Լոնդոնի տնտեսական համաժողովում կարծիքները մնացին շատ տարբեր՝ գործողությունների միասնական ուղու ընտրության շուրջ համաձայնության գալու համար։

Քեյնսյան քաղաքականությանը նմանվող քաղաքականություններ որդեգրվեցին Շվեդիայի և Գերմանիայի կողմից, բայց Շվեդիան շատ փոքր էր մեծ ուշադրություն գրավելու համար, իսկ Գերմանիայի հաջողված ջանքերի վերաբերյալ Քեյնսը համառորեն լուռ էր, քանի որ անհանգստացած էր երկրի իմպերիալիստական ձգտումներով և հրեաների նկատմամբ վերաբերմունքով։ Մեծ Բրիտանիայից բացի, Քեյնսի ուշադրության կենտրոնում էին նաև Միացյալ Նահանգները։ 1931 թվականին հակացիկլիկ պետական ծախսերի վերաբերյալ իր հայացքների համար նա մեծ աջակցություն է ստանում Չիկագոյում, որն այն ժամանակ  հիմնական՝ ռացիոնալ ընտրության տեսության և նորդասական տնտեսագիտության տեսության հայացքներին, այլընտրանք հանդիսացող առաջնային կենտրոնն էր Ամերիկայում։ Ինչևիցե, օրթոդոքս տնտեսագիտական մտածելակերպն ընդհանուր առմամբ շարունակեց թշնամաբար տրամադրված մնալ ճգնաժամը մեղմացնելու համար հարկաբյուջետային միջամտության նկատմամբ՝ ընդհուպ մինչև պատերազմի սկիզբը։ Ուշ 1933-ին Ֆելիքս Ֆրանկֆուրտերը համոզում էր Քեյնսին դիմել նախագահ Ռուզվելտին անմիջականորեն, ինչը տնտեսագետն արեց նամակի միջոցով և դեմ առ դեմ հանդիպեց նրան 1934 թվականին, որից հետո երկուսն էլ շատ բարձր էին արտահայտվում մեկը մյուսից։ Ինչևիցե, Սկիդելսկիի համաձայն՝ ընդունված կարծիքն այն է, որ Քեյնսի ջանքերը սկսեցին ինչ-որ չափով ազդեցություն ունենալ ԱՄՆ տնտեսական քաղաքականության վրա միայն 1939 թվականից հետո։

Քեյնսի գլխավոր աշխատությունը՝ «Զբաղվածության, տոկոսի և փողի  ընդհանուր տեսությունը», տպագրվեց 1936 թվականին։ Նրան օգնում էր ապագա տնտեսագետ և նրա լավագույն ուսանողներից մեկը՝ Դեյվիդ  Բենսյուզան-Բատտը։ Աշխատանքը ծառայեց որպես տնտեսական անկման շրջանում պետության միջամտողական քաղաքականության համար տեսական հիմնավորում։ Ընդհանուր տեսությունը մարտահրավեր նետեց նոր դասական տնտեսագիտական հայացքներին, համաձայն որոնց՝  շուկան առանց պետական միջամտության բնականոն կերպով կհասնի ռեսուրսների լրիվ զբաղվածության։ Գրքի մեջ առաջ քաշված իր հայացքներով Քեյնսը փաստորեն հակադրվում էր իր նախկին ուսուցիչներ Մարշալին և Պիգուին։ Քեյնսը գտնում էր, որ դասական տեսությունը «մասնավոր դեպք» էր՝ կիրառելի միայն 19-րդ դարում գոյություն ունեցող կոնկրետ պայմանների համար, ի տարբերություն իր առաջ քաշած տեսության, որը ընդհանուր է։  Դասական տնտեսագետները կողմնակից էին Սեյի օրենքին, համաձայն որի՝ «առաջարկը ստեղծում է իր սեփական պահանջարկը» և ազատ շուկայում աշխատողները պատրաստ կլինեն վարձատրվել ավելի ցածր, այնքան, որ գործատուների շահութաբերության համար ձեռնտու լինի վճարվող աշխատավարձերի մակարդակը։ Քեյնսի կողմից նորարարություն էր «կպչուն» գների գաղափարը. այն ընդունում է, որ իրականում աշխատողները հաճախ հրաժարվում են իջեցնել աշխատավարձի իրենց պահանջները, նույնիսկ այն դեպքերում, երբ դասական տնտեսագետների պնդմամբ նման կերպ վարվելը ռացիոնալ է։ Մասամբ գների կպչունության շնորհիվ հիմնավորվեց, որ ամբողջական պահանջարկի և ամբողջական առաջարկի փոխազդեցությունը հնարավոր է տանի կայուն գործազրկության և այս դեպքում պետության և ոչ թե շուկայի վրա պետք է տնտեսությունները իրենց հույսը դնեն խնդրին լուծում տալու համար։

Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 
Ծաղրանկարի հեղինակ Դեյվիդ Լոու, 1934թ․

«Ընդհանուր տեսությունը» պնդում է, որ պահանջարկն, ոչ թե առաջարկն է, տնտեսական ակտիվության ընդհանուր մակարդակի վրա ազդող կենտրոնական գործոնը։ Ամբողջական պահանջարկը, հավասար է հասարակության մեջ ձևավորված ընդհանուր եկամուտներին և որոշվում է որպես սպառման և ներդրումների հանրագումար։ Գործազրկության և չիրացված արտադրական հնարավորությունների պայմաններում, զբաղվածությունը և ընդհանուր եկամուտները կարելի է ավելացնել առաջին հերթին ավելացնելով կամ սպառման, կամ ներդրումներին ուղղված ծախսերը։ Եթե պետությունը չմիջամտի ծախսերն ավելացնելու համար՝ տնտեսությունը կարող է մնալ թակարդված ցածր զբաղվածության կայուն վիճակում. այս հավանականության ցուցադրումը համարվում էր աշխատության հեղափոխական նվաճումը։ Գիրքը խրախուսում էր պետության կողմից ակտիվ տնտեսական քաղաքականության իրականացումը՝ գործազրկության բարձր մակարդակի շրջաններում պահանջարկը խթանելու համար, օրինակ ենթակառուցվածքային ու այլ պետական աշխատանքների ուղղված ծախսերի ավելացմամբ։ «Եկեք լինենք ակտիվ, օգտագործենք մեր չօգտագործված ռեսուրսները՝ մեր հարստությունն ավելացնելու համար»,-գրել է նա 1928 թվականին։ «Ազատ աշխատուժ ու գործարաններ ունենալով հանդերձ՝ ծիծաղելի է ասելը, թե մենք մեզ չենք կարող թույլ տալ այս նոր զարգացումները։ Հենց այս գործարաններով ու հենց այս մարդկանցով է, որ մենք մեզ դա թույլ կտանք»։

«Ընդհանուր տեսությունը» հաճախ դիտվում է որպես ժամանակակից մակրոտնտեսագիտության հիմքը։ Միայն մի քանի առաջատար ամերիկյան տնտեսագետներ համաձայնվեցին Քեյնսի հետ 1930-ականների ընթացքում։ Մինչդեռ, շուտով նրա գաղափարները լայն տարածում ստացան. այնպիսի նշանավոր ամերիկացի պրոֆեսորներ, ինչպիսիք են Էլվին Հանսենը, համաձայնվեցին Ընդհանուր տեսության առաջ քաշած գաղափարների հետ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկվելը։

Քեյնսն անձամբ շատ քիչ մասնակցություն ունեցավ «Ընդհանուր տեսության» տպագրությանը հաջորդած բանավեճերին, քանի որ 1937 թվականին ստացավ սրտի կաթված, ինչը ստիպեց նրան երկարաժամկետ հանգստի անցնել։ Այլոց թվում Հայման Մինսկին և հետքեյնսյան շրջանի տնտեսագետները պնդում էին, որ արդյունքում Քեյնսի գաղափարները խեղաթյուրվեցին նրանց կողմից, ովքեր հակված էին փոխզիջումների գնալ դասական տնտեսագետների հետ կամ մատուցել Քեյնսի գաղափարները IS–LM մոդելի նման մաթեմատիկական մոդելների միջոցով (ինչը, համաձայն նրանց, աղավաղեց Քեյնսի գաղափարները)։ Քեյնսը սկսեց ապաքինվել 1939 թվականին, բայց կյանքի մնացած տարիների ընթացքում նրա մասնագիտական եռանդը մեծապես ուղղված էր դեպի տնտեսագիտության գործնական կողմը. պատերազմական աշխատանքների համար ռեսուրսների օպտիմալ բաշխում ապահովելու հետ կապված խնդիրներ, հետպատերազմյան բանակցություններ Ամերիկայի հետ և նոր միջազգային ֆինանսական կանոնակարգ, որը ներկայացվել էր Բրետոն Վուդսի համաժողովում։

Ընդհանուր տեսության մեջ և հետագայում ևս, Քեյնսն արձագանքում է սոցիալիստներին, ովքեր պնդում էին, հատկապես 1930-ականների Մեծ ճգնաժամի ժամանակ, որ կապիտալիզմն է ծնել պատերազմ։ Նրա կարծիքով, եթե կապիտալիզմը կառավարվեր ազգային և միջազգային մակարդակներով (համակարգվող միջազգային քեյնսյան քաղաքականություններով, միջազգային արժութային համակարգով, որը միմյանց չի հակադրում երկրների հետաքրքրությունները և առևտրի ազատականացման բարձր աստիճանով),  ապա այն կարող էր խթանել խաղաղություն և ոչ թե տարաձայնություններ երկրների միջև։ Հետպատերազմյան միջազգային տնտեսական ինստիտուտների և քաղաքականությունների հետ կապված նրա պլանները Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում (ինչը նպաստել է Բրետոն Վուդսում Արժույթի Միջազգային Հիմնադրամի, ավելի ուշ Սակագների ու Առևտրի Ընդհանուր Համաձայնագրի և վերջապես Առևտրի Համաշխարհային կազմակերպության ստեղծմանը) նպատակ ունեին իրագործել այս տեսլականը։

Չնայած Քեյնսը լայնորեն քննադատվում էր, հատկապես տնտեսագիտության Չիկագոյի դպրոցի անդամների կողմից՝ պարտավորությունների ավելացման հաշվին անպատասխանատու պետական ծախսեր խրախուսելու համար, իրականում նա հավասարակշռված բյուջեների կողմնակից էր և Մեծ ճգնաժամի ընթացքում պետական ծախսերի ավելացումը դիտում էր որպես ծայրահեղ միջոցառում ծայրահեղ հանգամանքներում պետության կարիքները բավարարելու համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 
Քեյնսը (աջից) և ԱՄՆ ներկայացուցիչ Հարրի Դեքստեր Ուայթը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իր «Ինչպես վճարել պատերազմի համար» աշխատության մեջ (1940), Քեյնսը պնդում էր, որ պատերազմական գործողությունները պետք է ավելի շուտ ֆինանսավորվեն բարձր հարկերի և հատկապես պարտադիր խնայողությունների (գլխավորապես աշխատողների կողմից պետությանը պարտքով տրվող դրամական միջոցներ), քան պակասուրդի հաշվին՝ գնաճից խուսափելու համար։ Կամավոր խնայողությունները կօգնեն կրճատել ներքին պահանջարկը, ուղղել հավելյալ արտադրանքը պատերազմի կարիքներին, ավելի արդարացի կլինեն, քան պատժիչ հարկումը իսկ երբ աշխատողներին թույլ տրվի հետ վերցնել իրենց խնայողությունները, պահանջարկը կաճի՝ ինչի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել հետպատերազմյան տնտեսական անկումից։ 1941 թվականի սեպտեմբերին նրան առաջարկեցին զբաղեցնել պաշտոն Անգլիայի բանկի տնօրենների խորհրդում, որը նա ստանձնեց հաջորդ տարվա ապրիլից։ 1942 թվականի հունիսին թագավորի ծննդյան առթիվ շնորհվող պարգևների շարքում պարգևատրեց նաև Քեյնսը՝  մատուցած ծառայությունների համար։ Հուլիսի 7-ին նրա տիտղոսը պաշտոնապես հրապարակվեց որպես «Թիլտոնի Բարոն Քեյնս, Սասեքսի դքսություն» և նա զբաղեցրեց իր տեղը Լորդերի պալատում Լիբերալ կուսակցության շարքերում։

Այն ժամանակ, երբ Հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի հավանականությունը մեծանում էր, Քեյնսը՝ որպես բրիտանական պատվիրակության առաջնորդ և Համաշխարհային բանկի  հանձնաժողովի նախագահ, ակտիվորեն ներգրավված էր 1944 թվականի կեսերի բանակցություններում, որոնց արդյունքը եղավ Բրետոն Վուդսի համակարգի ստեղծումը։ Քլիրինգ իրականացնող միջազգային կազմակերպության ձևավորման հետ կապված քեյնսյան պլանն արժույթների կառավարման ռադիկալ համակարգի կողմնակից էր։ Քեյնսն առաջարկում էր ստեղծել միասնական արժույթ՝ բանկոր, և նոր համաշխարհային ինստիտուտներ՝ համաշխարհային կենտրոնական բանկ և միջազգային քլիրինգային միություն։ Քեյնսի պատկերացմամբ այս կազմակերպությունները կկարգավորեին միջազգային առևտուրը և վճարային համակարգերը՝ երկրների համար ստեղծելով առևտրային հաշվեկշռի էական պակասուրդից կամ ավելուրդից խուսափելու ուժեղ խթաններ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ մեծ կշիռը բանակցային գործընթացում նշանակում էր, որ վերջնական արդյունքներն առավել մոտիկ էին Հարրի Դեքստեր Ուայթի ավելի պահպանողական ծրագրերին։ Համաձայն ամերիկյան տնտեսագետ Ջ. Բրեդֆորդ ԴեԼոնգի՝ ժամանակը ցույց տվեց, որ Քեյնսը ճիշտ էր իր գրեթե բոլոր կետերի մասով, որոնք ամերիկացիները մերժել էին։

Փոխզիջման տարբերակով ստեղծված երկու նոր կազմակերպությունները, որոնք հետագայում ճանաչվեցին Համաշխարհային բանկ և Արժույթի միջազգային հիմնադրամ անուններով, հիմնականում արտացոլում էին ամերիկյան տեսլականը։ Առևտրի հաշվեկշռի խոշոր ավելցուկից խուսափելու համար որևիցե խթաններ չեն լինի պետությունների համար, փոխարենը ներմուծման և արտահանման միջև անհավասարակշռությունը շտկելու բեռը կշարունակեր ընկնել միայն պակասուրդ ունեցող երկրների ուսերին, որոնք Քեյնսի պնդմամբ ամենաքիչն էին ընդունակ արձագանքելու խնդրին առանց իրենց բնակչության համար տնտեսական դժվարություններ ստեղծելու։ Քեյնսն այնուամենայնիվ գոհ էր համաձայնագրի վերջնական տարբերակի ընդունմամբ, նա ասում էր, որ եթե ինստիտուտները մնան հավատարիմ իրենց հիմնարար սկզբունքներին, «մարդկանց միջև եղբայրությունը կդառնա ավելի քան պարզապես արտահայտություն»։

Հետպատերազմյան շրջան

Չնայած վատթարացող առողջությանը՝ Քեյնսը պատերազմից հետո շարունակեց ներկայացնել Միացյալ Թագավորությունը միջազգային բանակցային գործընթացներում։ Նրան հաջողվեց, բրիտանական տնտեսության վերակառուցումն արագացնելու նպատակով, նոր և չմարված պարտքերի համար Միացյալ Նահանգներից ստանալ արտոնյալ պայմաններ։

1946 թվականին մահից առաջ, Քեյնսը  տնտեսագիտության պրոֆեսոր և Անգլիայի բանկի խորհրդատու Հենրի Քլեյին ասեց, թե ինչքան մեծ հույսեր ունի, որ Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքը» կօգնի Մեծ Բրիտանիային դուրս գալ այն տնտեսական անդունդից, որում հայտնվել էր. «Ես ավելի ու ավելի շատ եմ մեր խնդիրների լուծման համար հույսս դնում անտեսանելի ձեռքի վրա, որը քսան տարի առաջ փորձում էի հանել տնտեսագիտական մտածողությունից»։

Ժառանգություն

Քեյնսյան գաղափարների գերիշխումը 1939/79

Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 
Վարչապետ Կլեմենտ Էտլին Ջորջ VI–ի հետ 1945–ի ընտրություններում իր հաղթանակից հետո

Մեծ ճգնաժամի ավարտից հետո մինչև 1970-ականներն Եվրոպայում, Ամերիկայում և աշխարհի շատ այլ երկրներում տնտեսական քաղաքականություն մշակողներն ոգեշնչվում էին Քեյնսի գաղափարներով։ Մինչդեռ, 1930-ականների կեսերին ու ավարտի դրությամբ՝ Քեյնսի մտածելակերպը ամբողջովին գրավել էր տնտեսագետներին ու քաղաքականություն մշակողներին, միայն երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից հետո էր, որ կառավարությունները սկսեցին պարտքով միջոցներ վերցնել գործազրկության վերացման համար անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորելու համար։ Տնտեսագետ Ջոն Կենետ Գելբռեյթի համաձայն (ԱՄՆ պետական ծառայող, ում հանձնարարված էր գնաճի կառավարումը)՝ պատերազմյան շրջանի ծախսերից հետո տնտեսության վերականգնման շրջանում «անհնար էր պատկերացնել քեյնսյան գաղափարների ավելի լավ ցուցադրություն»։

Քեյնսյան հեղափոխությունը կապված էր արևմուտքում հետպատերազմյան շրջանում ժամանակակից լիբերալիզմի վերելքի հետ։ Քեյնսյան գաղափարները դարձան այնքան հանրաճանաչ, որ որոշ գիտնականներ Քեյնսին համարում են ժամանակակից լիբերալիզմի բարձրագույն արժեքները մարմնավորող, ինչպես Ադամ Սմիթն է մարմնավորում դասական լիբերալիզմի իդեալները։ Պատերազմից հետո Ուինսթոն Չերչիլը փորձում է ստուգել արդյոք քաղաքականության մշակման քեյնսյան մտածողությունն լայնորեն ընդունելի է Միացյալ Թագավորությունում և 1945 թվականի ընտրարշավի ժամանակ քննադատում է խառը տնտեսության գաղափարը։ Չնայած Չերչիլը մեծ համբավ ուներ՝ որպես պատերազմի հերոս,  նա պարտվում է Կլեմենտ Էտլիին, ում կառավարության տնտեսական քաղաքականությունը շարունակում էր կրել Քեյնսի գաղափարների ազդեցությունը։

Նոր քեյնսյան տնտեսագիտություն

Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 
Նոր քեյնսյան IS–LM մոդելն օգտագործվում է ուսումնասիրելու համար պահանջարկի շոկերի ազդեցությունը տնտեսության վրա

Ուշ 1930-ականներին և 1940-ականներին տնտեսագետները (մասնավորապես՝ Ջոն Հիքսը, Ֆրանկո Մոդիլյանին և Փոլ Սամուելսոնը) փորձեցին Քեյնսի աշխատանքները մեկնաբանել ու ներկայացնել մաթեմատիկական մոդելների տեսքով։ Սա հայտնի դարձավ որպես նոր դասական սինթեզ, որտեղ Քեյնսյան վերլուծությունները միավորվեցին նոր դասական տնտեսագիտության հետ։ Արդյունքում ձևավորվեց նոր քեյնսյան տնտեսագիտությունը, որը հաջորդ 40 տարիների ընթացքում գերիշխող դիրք էր գրավում մակրոտնտեսագիտության մեջ։

1950-ականների դրությամբ Քեյնսի առաջարկած քաղաքականությունները կիրառվում էին աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում,  նմանատիպ միջոցառումներ խառը տնտեսության համար օգտագործվում էին նաև շատ զարգացող երկրների կողմից։ Այդ պահի դրությամբ տնտեսության վերաբերյալ Քեյնսի հայացքները լայն տարածում էին ստացել աշխարհի բոլոր համալսարաններով մեկ։ 1950-ականներին և 1960-ականներին զարգացած և զարգացող ազատ կապիտալիստական երկրները գրանցում էին բացառիկ բարձր աճ և գործազրկության ցածր մակարդակ։ Պրոֆեսոր Գորդոն Ֆլետչերը գրում էր, որ, հետադարձ հայացք ձգելով,  1950-ականներն և 1960-ականներն, երբ Քեյնսի ազդեցությունն իր գագաթնակետին էր հասնում, հանդիսանում էին կապիտալիզմի ոսկե դարաշրջան։

Ուշ 1965-ին  «Թայմ» ամսագրի շապիկին հայտնվեցին Միլթոն Ֆրիդմանի հետևյալ խոսքերը՝ «Մենք բոլորս այժմ քեյնսականներ ենք»։ Ամսագրում տեղ գտած հոդվածը նկարագրում էր բացառիկ նպաստավոր տնտեսական պայմանները, որոնք իշխում էին այդ ժամանակ և ասում էր, որ «Վաշինգթոնի տնտեսական ղեկավարներին հաջողվեց այս հաջողությունները հասցնել մեծ մասշտաբների հետևելով Քեյնսի կենտրոնական գաղափարին. այն է՝ ժամանակակից կապիտալիստական տնտեսությունն ինքնըստինքյան չի կարող աշխատել իր ամենաբարձր արդյունավետությամբ, բայց այն հնարավոր է այդ մակարդակին հասցնել դիմելով պետության միջամտությանը»։ Հոդվածում նաև ասվում էր, որ Քեյնսը երեք ամենակարևոր տնտեսագետներից մեկն էր, ով երբևիցե ապրել է և որ նրա «Ընդհանուր տեսությունը» ավելի ազդեցիկ էր, քան մնացած հայտնի տնտեսագետների գլխավոր աշխատանքները, ինչպես օրինակ Ադամ Սմիթի «Ազգերի հարստությունը»։

Քեյնսյան տնտեսագիտությունն անհավանության է արժանանում 1979-2007

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես հրաժարվեց Քեյնսյան տնտեսագիտությունից 1979 թվականին, բայց Քեյնսի գաղափարների դեմ ուժերը կուտակվում էին դեռևս դրան նախորդող 30 տարիների ընթացքում։ Ֆրիդրիխ Հայեկը 1947 թվականին հիմնում է Մոն Պելերին միությունը բացառապես մեկ նպատակով՝ զարգացնել այնպիսի հայացքներ, որոնք մի օր կգային փոխարինելու քեյնսյան մտածելակերպին  և նման համոզմունքներին։ Այդ միության անդամներ էին տնտեսագիտության ավստրիական դպրոցի տնտեսագետ Լյուդվիգ ֆոն Միզեսը երիտասարդ Միլթոն Ֆրիդմանի հետ միասին։ Ի սկզբանե միությունը փոքր ազդեցություն ունեցավ աշխարհով մեկ. համաձայն Հայեկի՝ այն տպավորությունն էր, որ իր մահից հետո Քեյնսին դասում էին սրբերի շարքին և որ մարդիկ հրաժարվում էին թույլ տալ, որ նրա աշխատանքները հարցականի տակ դրվեն։ Ինչևիցե, Ֆրիդմանը 1950-ականների կեսերից, և հատկապես 1963 թվականի «Միացյալ Նահանգների դրամավարկային պատմության» հրատարակումից հետո, սկսեց ի հայտ գալ որպես քեյնսյան տնտեսագիտության խիստ քննադատ։

Գործնականում «մեծ կառավարությունը» իր դիրքերը կայուն պահում էր 1950-ականներին, բայց 1960-ականներին հավասարակշռվածությունը սկսվեց շեղվել դեպի մասնավոր շահերի կողմը։ Քեյնսը գրել էր, թե ինչպիսի անհեթեթություն է թույլ տալը, որ «անազնիվ և եսասեր» սպեկուլյանտներն և ֆինանսիստներն  ունենան այնպիսի ազդեցություն, ինչպիսին նրանք ունեին առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկու տասնամյակ հասարակական կարծիքը խիստ դեմ էր մասնավոր սպեկուլյանտներին, դրա վառ օրինակն էր «Ցյուրիխի գետնաթզուկներ» նսեմացնող պիտակը, որը այդ շրջանում օգտագործվում էր նրանց նկարագրելու համար։ Միջազգային սպեկուլյացիան խստորեն արգելվում էր Բրետոն Վուդսից հետո ուժի մեջ մտած կապիտալի նկատմամբ վերահսկողության միջոցով։ Լրագրողներ Լարրի Էլիոտի և Դէն Էտկինսոնի համաձայն՝ 1968 թվականը բեկումնային տարի էր, այն առումով, որ այդ տարի իշխանությունը փոխվեց ի օգուտ մասնավոր գործակալների, ինչպիսիք են օրինակ՝ արժութային սպեկուլյանտները։ Որպես 1968 թվականի կենտրոնական իրադարձություն՝ Էլիոտը և Էտկինսոնը առանձնացնում են Ամերիկայի կողմից  դոլարը ոսկով փոխելու արգելքը, բացի այն դեպքերից, երբ հայտ ներկայացնողներն արտասահմանյան կառավարություններն էին։ Լրագրողները այս իրադարձությունը բնորոշում են որպես Բրետոն Վուդսի համակարգի ավարտի սկիզբ։

Քեյնսի գաղափարների նկատմամբ հնչող քննադատությունները սկսեցին զգալի տարածում գտնել վաղ 1970-ականներին, այս շրջանում քննադատները կարողանում էին համոզիչ փաստարկներ բերել այն մասին, թե ինչպես քեյնսյան մոդելներն այլևս չեն արտացոլում տնտեսական իրողությունները։ Քեյնսն ինքը միայն մի քանի բանաձև էր ներառել իր «Ընդհանուր տեսության» մեջ և ոչ մի  կոնկրետ մաթեմատիկական մոդել։ Այնպիսի տնտեսագետներ, ինչպես օրինակ Հայման Մինսկին, գտնում են, որ Քեյնսի կողմից մաթեմատիկայի սահմանափակ օգտագործումը մասամբ պայմանավորված էր նրանով, որ տնտեսագետը շատ թերահավատ էր, որ այնպիսի անորոշ երևույթ, ինչպիսին տնտեսական գործունեությունն է երբևէ կարող է խելամիտ ձևով արտահայտվել մաթեմատիկական մոդելներով։ Այնուամենայնիվ, քեյնսյան տնտեսագետների կողմից շատ մոդելներ են մշակվել, ինչպես օրինակ հայտնի Ֆիլիպսի կորը, որը սահմանում է գործազրկության և գնաճի  մակարդակների միջև գոյություն ունեցող հակադարձ կապը։ Այն ասում է, որ գործազրկության մակարդակը կարող է կրճատվել պետության խթանիչ գործունեության արդյունքում։ 1968 թվականին Միլթոն Ֆրիդմանը տպագրեց մի աշխատանք, որտեղ պնդում էր, որ Ֆիլիպսի կորով ներկայացվող հաստատուն կապը գոյություն չունի։ Ըստ Ֆրիդմանի՝ քեյնսյան քաղաքականությունները՝ շարունակական լինելու դեպքում, կարող են բերել միևնույն ժամանակ և գործազրկության, և գնաճի աճի․ մի երևույթ, որը շուտով հայտնի դարձավ ստագֆլյացիա անվանմբ։ Վաղ 1970-ականներին ստագֆլյացիա ի հայտ եկավ և ԱՄՆ-ում, և Մեծ Բրիտանիայում՝ ինչպես և Ֆրիդմանը կանխատեսում էր, ավելին՝ 1973 թվականի նավթային ճգնաժամից հետո տնտեսական վիճակը շարունակում էր վատթարանալ։ Իր արդարացված կանխատեսումների շնորհիվ Ֆրիդմանը հեղինակություն է ձեռք բերում և շարունակում է իր քննադատությունները «Քեյնսյան համաձայնության» նկատմամբ՝ համոզելով ոչ միայն գիտնականներին և քաղաքական գործիչներին, այլև հասարակության մեծ մասին՝ իր ռադիո և հեռուստահեռարձակումներով։ Քեյնսյան տնտեսագիտության հեղինակությունն ավելի վնասվեց տնտեսագիտության Չիկագոյի դպրոցի ուրիշ մոնետարիստ տնտեսագետների, Լուկասի հաջորդիվ քննադատությունների և Հայեկի Ավստրիական դպրոցի քննադատության պատճառով։ Այս քննադատություններն այնպիսի հաջողություն ունեցան, որ 1980-ին Լուկասը պնդում էր, որ տնտեսագետները քեյնսյան կոչվելն ընդունում էին որպես վիրավորանք։

Քեյնսյան սկզբունքներն իրենց շատ թույլ էին դրսևորում գործնականում կիրառելիության տեսանկյունից․ 1979-ի դրությամբ Անգլո-Ամերիկյան տնտեսական քաղաքականության վրա հիմնական ազդեցություն ունեին Քեյնսյան սկզբունքներին փոխարինելու եկած մոնետար տեսության սկզբունքները։ Ինչևիցե, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում էլ շատ պետական գործիչներ շարունակում էին նախապատվություն տալ Քեյնսի գաղափարներին, իսկ 1984 թվականին Ֆեդերալ պահուստային համակարգը պաշտոնապես հրաժարվեց մոնետարիզմից, ինչից հետո Քեյնսյան սկզբունքները մասնակիորեն վերականգնեցին իրենց ազդեցությունը քաղաքականության մշակման գործի մեջ։ Գիտական շրջանակներից ոչ բոլորն էին ընդունում Քեյնսի նկատմամբ հնչող քննադատությունները․ Մինսկին պնդում էր, որ Քեյնսյան տնտեսագիտությունը որակազրկվել էր նոր դասականների 1950-ականների գաղափարներին չափից դուրս միախառնվելու պատճառով, և շատ ցավալի է, որ տնտեսագիտության այս ճյուղը նույնիսկ շարունակում էր կոչվել «Քեյնսյան»։ Ռոբերտ Կատները «Ամերիկան Փրոսփեքտում» գրում էր, 1970-ականների տնտեսական խնդիրների պատճառը ոչ այնքան ավելորդ Քեյնսյան միջամտությունն էր, որքան կապիտալի նկատմամբ վերահսկողության Բրետոն Վուդսի համակարգի փլուզումը, որը թույլ տվեց, որ կապիտալը սկսի հոսել կարգավորվող տնտեսություններից դեպի տնտեսություններ, որտեղ կարգավորումը բացակայում է կամ թույլ է՝ Գրեշմանի օրենքի ոճով (որտեղ թույլ արժույթները շրջանառությունից դուրս են թողնում ուժեղ արժույթներին):Պատմաբան Պիտեր Պյուն նշել է, որ 1970-ականներին Ամերիկային վրա հասած տնտեսական խնդիրների գլխավոր հարուցիչը այն էր, որ պետությունը հրաժարվեց բարձրացնել հարկային դրույքաչափերը Վիետնամի պատերազմը ֆինանսավորելու համար, ինչը հակադարձում էր Քեյնսի խորհրդին։

Ավելի տարածված էր ընդունելը քննադատության որոշ տարրերը միևնույն ժամանակ  կատարելագործելով տնտեսագիտության Քեյնսյան տեսությունները՝ դրանք պաշտպանելու այն փաստարկներից, որոնք չեղյալ կճանաչեին ողջ ուսմունքը․ արդյունքում ստեղծված աշխատանքները մեծապես ձևավորեցին Նոր Քեյնսյան տնտեսագիտությունը։ 1992 թվականին Ալան Բլայնդերը «Քեյնսականության վերականգնման» մասին գրել է, որ Քեյնսի գաղափարների վրա հիմնված աշխատանքը պետք է ինչ-որ չափով դառնա կրկին նորաձև գիտական աշխարհում, չնայած այն միահյուսված է մոնետարիստական և այլ նոր դասական գաղափարախոսության հետ։ Քաղաքականություն մշակող այնպիսի հզոր ինստիտուցիոնալ կառույցների շրջանուն, ինչպես օրինակ՝ Համաշխարհային բանկը, ԱՄՀ-ն և ԱՄՆ Գանձապետարանը, և կարծիք ձևավորող այնպիսի ազդեցիկ լրատվամիջոցներում, ինչպես «Ֆայնենշլ թայմս» և «Էկոնոմիստ» հանդեսները, շարունակում էին ամուր մնալ մոնետարիստական գաղափարներին հարող ազատ շուկայի ազդեցությունը։

Քեյնսականության վերածնունդը 2008/09

Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 
Տնտեսագետ Մանմոհան Սինգհը, ով ժամանակին Հնդկաստանի վարչապետն էր, 2008 թվականին Վաշինգթոնում կայացած Մեծ քսանյակի՝ G20, գագաթնաժողովին ելույթ ունեցավ ի պաշտպանություն քեյնսյան հարկային խթանների կիրառության

2007-08 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ստիպեց հասարակությանը կասկածի տակ դնել ազատ շուկայի վերաբերյալ տիրող միասնական մոտեցումը։ 2008 թվականի մարտին «Ֆայնենշլ թայմսի» գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վուլֆը հայտարարեց համաշխարհային ազատ շուկայական կապիտալիզմի երազանքի մահը։ Նույն ամիս մակրոտնտեսագետ Ջեյմս Կ․ Գալբռեյթը օգտագործեց Միլթոն Ֆրիդմանի անվան 25-րդ ամենամյա դասախոսությունը մոնետար տնտեսագիտության ընդունված գաղափարների դեմ արտահայտվելու համար և միևնույն ժամանակ հայտարարեց, որ Քեյնսյան տնտեսագիտությունն ավելի պատշաճ էր ծագող ճգնաժամը հաղթահարելու համար։ Տնտեսագետ Ռոբերտ Ջ․ Շիլլերը սկսեց խրախուսել ակտիվ պետական միջամտությունը ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար՝ մասնավորապես հղում կատարելով Քեյնսին։ Նոբելյան մրցանակակիր Փոլ Կռուգմանը «Նյու Յորք թայմսում» վարած իր սյունակում ևս ակտիվորեն սատարում էր տնտեսության մեջ պետության ակտիվ միջամտության Քեյնսյան գաղափարները։ Պետական միջամտության վերաբերյալ Քեյնսի մոտեցումը սատարող ուրիշ նշանավոր տնտեսական մեկնաբաններից էին Ջորջ Աքերլոֆը, Ջ․ Բրեդֆորդ ԴեԼօնգը, Ռոբերտ Ռայը և Ջոզեֆ Ստիգլիցը։ Ամսագրերը և այլ մեդիաները ևս հղում էին կատարում Քեյնսին առնչվող Հայման Մինսկու, Ռոբերտ Սկիդելսկիի, և Աքսել Լեյոնհուֆվուդի աշխատություններին։

Պարտքի մի շարք խոշոր ներումներ նախաձեռնվեցին ֆինանսական ճգնաժամի ընթացքում՝ սկսած սեպտեմբերի 7-ից, երբ ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, որ պատրաստվում է ազգայնացնել պետական ֆինանսավորմամբ երկու ընկերություն՝ Ֆէննի Մեյը և Ֆրեդդի Մակը, որոնք վերահսկում էին ԱՄՆ հիփոթեքային վարկավորման շուկայի մեծ մասը։ Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլեր Ալիստեր Դարլինգը հղում կատարեց Քեյնսին՝ տնտեսական անկման հետևանքները հաղթահարելու նպատակով Քեյնսյան ուսմունքի համաձայն նշանակալի հարկաբյուջետային խթանների կիրառման մասին հայտարարություն կատարելու ժամանակ։ Նմանատիպ քաղաքականություններ որդեգրվեցին ամբողջ աշխարհով մեկ այլ պետությունների կողմից ևս։ Սա խիստ հակասում էր 1997 թվականի Ասիական ֆինանսական ճգնաժամի ժամանակ Ինդոնեզիայի կողմից ձեռնարկված գործողություններին, երբ ԱՄՀ-ն ստիպեց երկրին միաժամանակ փակել 16 բանկ՝ հանգեցնելով բանկերից փողերի փախուստին։ Հետճգնաժամային քննարկումների մեծ մասն արտացոլում էին հարկաբյուջետային կամ դրամավարկային խթանների միջազգային կարգավորման մասին և միջազգային տնտեսական կառույցների՝ ինչպիսիք են ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը, վերաբերյալ Քեյնսի փաստարկները, որոնք համաձայն շատերի պետք է ենթարկվեին բարեփոխության որպես  «նոր Բրետոն Վուդս», և պետք է տեղի ունենային ճգնաժամի բռնկումից առաջ։ ԱՄՀ և Միավորված ազգերի կազմակերպության տնտեսագետները կողմնակից էին միջազգայնորեն համակարգվող հարկաբյուջետային խթաններին։ Դոնալդ Մարկվելը պնդում էր, որ նման միջազգային մոտեցման բացակայության պարագայում, ի հայտ կգան միջազգային հարաբերությունների վատթարացման ռիսկեր և նույնիսկ հնարավոր է համաշխարհային պատերազմ բռնկվի 1930-ականների ճգնաժամի ժամանակ առկա գործոններին նմանատիպ տնտեսական գործոնների պատճառով։

2008 թվականի դեկտեմբերի վերջին  «Ֆայնենշլ թայմսը» հրապարակեց, որ «Քեյնսյան քաղաքականության հանկարծակի վերածնունդը վերջին մի քանի տասնամյակների անշեղորեն պահպանվող գաղափարախոսության ցնցող շրջադարձ է»։ 2008 թվականի դեկտեմբերին Փոլ Կռուգմանը հրատարակեց իր՝ «Ճգնաժամային տնտեսագիտության վերադարձը և 2008 թվականի ճգնաժամը» վերնագրով գիրքը, որտեղ պնդում էր, որ մենք տեսնում ենք 20-րդ դարի վաղ շրջանում գոյություն ունեցող տնտեսական պայմաններին նման պայմանների վերադարձ, ինչն ավելի արդիական է դարձնում է Քեյնսյան քաղաքականության առաջարկություններն, քան երբևէ։ 2009 թվականի փետրվարին Ռոբերտ Ջ․ Շիլլերը և Ջորջ Աքերլոֆը տպագրեցին «Spiritus Animalis․ ինչպես է մարդկային հոգեբանությունը կառավարում տնտեսությունը և ինչու է դա կարևոր համաշխարհային կապիտալիզմի համար» գիրքը, որտեղ նրանք պնդում էին, որ ԱՄՆ  խթանների  ներկայիս փաթեթը  չափազանց փոքր է, այն հաշվի չի առնում վստահության և սպասումների կարևորության վերաբերյալ Քեյնսի հայեցակետը՝ ձեռնարկատերերի և ուրիշ տնտեսական գործակալների ապագա վարքագիծը որոշելիս։

2009 թվականի մարտին  «Միջազգային արժութային համակարգի բարեփոխումը» վերնագրով իր ելույթում Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժօու Սյաօչուանը կողմ հանդես եկավ Քեյնսի՝ մեկ կենտրոնից կառավարվող համաշխարհային պահուստային արժույթի գաղափարին։ Չժօուն պնդում էր, որ ցավոք Բրետոն Վուդսի փլուզման պատճառներից մեկն այն էր, որ այդպես էլ չհաջողվեց ներդնել Քեյնսի բանկորը։ Չժօուն առաջարկեց աստիճանաբար գնալ ԱՄՀ-ի փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ) կիրառության չափերի ավելացմանը։ Չնայած Չժօուի գաղափարները լայնորեն չըդունվեցին, 2009 թվականի ապրիլին Լոնդոնում Մեծ քսանյակի հանդիպմանը երկրների առաջնորդները համաձայնության եկան թույլ տալ ԱՄՀ կողմից 250 միլիարդ դոլլարի չափով փոխառության իրավունքների ձևավորումը և համաշխարհայնորեն տարածումը։ 2009 թվականի հունիս և հուլիս ամիսների զեկույցներում տնտեսական խթանների ծրագրերը դրական գնահատական ստացան և ՏՀԶԿ, և ԱՄՀ կողմից՝ բոլոր ակնկալիքները գերազանցող տնտեսական արդյունքներ գրանցելու համար։ Երկու կազմակերպություններն էլ զգուշացրեցին համաշխարհային առաջնորդներին, որ վերականգնումը ամենայն հավանականությամբ կլինի դանդաղ, այդ պատճառով անհրաժեշտ է, որ հակաճգնաժամային միջոցառումները ժամանակից շուտ չդադարեցվեն։

Մինչդեռ տնտեսությունը խթանող միջոցառումներ կիրառելու անհրաժեշտությունը լայնորեն ընդունվում էր քաղաքականություն մշակողների կողմից, բանավեճեր էին գնում նրա շուրջ, թե որտեղից գտնել միջոցներ այդ ծախսերը ֆինանսավորելու համար։ Որոշ առաջնորդներ և կառույցներ, ինչպես օրինակ Անգելա Մերկելը և Եվրոպական կենտրոնական բանկը, անհանգստություն էին հայտնում գնաճի, ազգային պարտքի վրա հնարավոր բացասական ազդեցությունների վերաբերյալ, ինչպես նաև նրա շուրջ, որ ֆինանսապես չափազանց մեծ չափերի հասնող միջոցառումները կարող են անկայուն վերականգնման պատճառ դառնալ։

Պրոֆեսիոնալ տնտեսագետների շրջանում Քեյնսյան տնտեսագիտության վերածնունդը տարաձայնությունների առիթ էր հանդիսանում։ Չնայած շատ տնտեսագետներ, ինչպիսիք են օրինակ Ջորջ Աքերլոֆը, Փոլ Կռուգմանը, Ռոբերտ Շիլլերը, սատարում էին տնտեսությունը խթանելու Քեյնսյան մոտեցումը, մյուսները չէին հավատում, որ ավելի շատ պետական ծախսերը կարող էին օգնել ԱՄՆ տնտեսությանը վերականգնվել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից։ Որոշ տնտեսագետներ՝ ինչպես օրինակ Ռոբերտ Լուկասը, կասկածի տակ էին դնում խթանող միջոցառումների կիրառման տեսական հիմքերը։ Ուրիշները՝ ինչպես օրինակ Ռոբերտ Բառոն և Գարի Բեկերը, ասում են, որ տնտեսությունը խթանող Քեյնսյան միջոցառումների օգուտների վերաբերյալ էմպիրիկ ապացույցներ գոյություն չունեն։ Ինչևիցե, կա աճող գիտական գրականություն, որը ցույց է տալիս, որ հարկաբյուջետային միջոցառումների ավելացումը կարճաժամկետում նպաստում է տնտեսության աճին և հարկաբյուջետային որոշակի խթանող միջոցառումներ հատկապես արդյունավետ են։

Ընդունելություն և հայացքներ

Ընդունելություն

Քեյնսի հայացքները սկսեցին համընդհանուր ճանաչում ստանալ իր կյանքի վերջին մի քանի տարիների ընթացքում։ Անձնական կյանքում՝ Քեյնսի հմայքը այնպիսին էր, որ նրան որպես կանոն լավ էին ընդունում որտեղ էլ որ նա գնար՝ նույնիսկ նրանք, ովքեր երբեմն հայտնվում էին հակառակ կողմում հազվադեպ էին նրա նկատմամբ ոխ պահում։ Քեյնսի ելույթը Բրետոն Վուդսի բանակցությունների փակմանն ընդունվեց տևական հոտնկայս ծափահարություններով, ինչը եզակի երևույթ էր միջազգային հարաբերություններում, սակայն պատվիրակները բարձր գնահատեցին ձեռքբերումները, որոնց նա հասել էր չնայած թույլ առողջությանը։

Ավստրիական դպրոցի տնտեսագետ Ֆրիդրիխ Հայեկը Քեյնսի ժամանակակից ամենաականավոր քննադատներից էր՝ տնտեսության վերաբերյալ Քեյնսի հայացքներից խիստ տարբերվող հայացքներով։ Չնայած դրան Քեյնսի մահից հետո նա գրեց․ «Նա միակ իսկապես հանճարեղ մարդն էր, ում ես գիտեի և ում նկատմամբ ես ունեի անսահման հիացմունք։ Աշխարհը շատ ավելի աղքատ կլինի առանց նրա»։

Լայնել Ռոբբինսը՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի տնտեսագիտության բաժնի նախկին ղեկավարը, ով 1930-ականներին՝ Բրետոն Վուդսի  համար ծրագրեր կազմելու վաղ շրջանում ամերիկացիների հետ Քեյնսի տարած բանակցություններին ծանոթանալուց հետո,  բազմաթիցս թեժ բանավեճերի էր բռնվել Քեյնսի հետ,  այսպես է ասել նրա մասին․

Ամենի ինչ իսկապես շատ լավ ընթացավ։ Քեյնսը շատ պարզ էր ու համոզիչ և արդյունքը անդիմադրելի էր։ Նման պահերի ես հաճախ սկսում եմ մտածել, որ Քեյնսը պետք է որ լինի եբևիցե ապրած ամենահանճարեղ մարդկանցից մեկը․ արագ տրամաբանությունը, ինտուիցիան, վառ երևակայությունը, լայն հայացքներն, ամեն ինչից վեր բառերի զուգակցման աննման զգացողությունը, բոլորը միասին նրան մի քանի մակարդակով բարձրացնում են սովորական մահկանացուի հնարավորությունների սահմանից։

Դուգլաս ԼեՊան՝ Մեծ Բրիտանիայում Կանադայի պաշտոնական ներկայացուցչությունից, գրել է․

Ես հմայված եմ։ Նա ամենագեղեցիկ անձնավորությունն է, ում ես երբևէ լսել եմ։ Նա իսկապե՞ս մեր տեսակին է պատկանում, թե ուրիշ աշխարից է։ Նրա մեջ կա ինչ-որ առասպելական և անհավանական բան։ Ես նրա մեջ նկատում եմ հսկա և սֆինքսին հարող ինչ-որ բան, և միևնույն ժամանակ մի բան, որ թևեր է հիշեցնում։

Բերտրան Ռասելը Քեյնսին անվանել է իր իմացած ամենագրագետ մարդկանցից մեկը և ասել է․

Քեյնսի միտքը իմ իմացածներից ամենասուրն ու ամենահստակն էր։ Երբ ես վիճաբանում էի նրա հետ, ինձ թվում էր ես գիտակցաբար ռիսկի եմ գնում և հազվադեպ էր լինում, որ արդյունքում ես ինձ հիմարի դերում չէի զգում։

Քեյնսի մահախոսականը «Թայմս» ամսագրում ասում էր․ «Նրա մեջ ապրում է պայծառ, փայլուն, եռանդուն, ուրախ, կատակասեր մարդ․․․ Նա մի անձնավորություն էր, ով անկեղծորեն նվիրված էր համընդհանուր բարեկեցության գործին»։

Քննադատություն

Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 
Ֆրիդրիխ Հայեկը, ով Քեյնսի ամենաակտիվ քննադատներից էր

Որպես մի մարդ ով, շատերի բնութագրմամբ, 20-րդ դարի տնտեսագետներից աենամեծ ազդեցությունն է ունեցել, Քեյնսը զգալի քննադատության է ենթարկվել քաղաքական շրջանակների երկու կողմից էլ։ 1920-ականներին Քեյնսը դիտվում էր որպես ընդդիմադիր և հիմնականում արժանանում էր աջերի մեղադրանքներին։ 1930-ականներին շատ երիտասարդ տնտեսագետներ մարքսիստական հայացքների կողմնակից էին, նույնիսկ Քեմբրիջում,   և մինչդեռ Քեյնսը հիմնականում սկզբունքային բանավեճերի մեջ էր մտնում աջերի հետ՝ փորձելով նրանց համոզել ավելի առաջադեմ քաղաքականությունների արժանիքների մեջ, ամենաբուռն քննադատությունը նրա հանդեպ գալիս էր ձախերից, ովքեր նրան դիտում էին որպես կապիտալիզմի ջատագով։ 1950-ականներից սկսած Քեյնսի նկատմամբ մեղադրանքների մեծ մասը կրկին գալիս էր աջերից։

1931 թվականին Ֆրիդրիխ Հայեկը ակտիվորեն քննադատում էր Քեյնսի 1930 թվականին տպագրված «Տրակտատ փողի վերաբերյալ» աշխատությունը։ Հայեկի «Ճանապարհ դեպի ստրկությունը» կարդալուց հետո Քեյնսը գրեց Հայեկին «Բարոյական և փիլիսոփայական տեսանկյուններից ես փաստորեն համաձայն եմ ամբողջի հետ», բայց եզրափակեց հետևյալ առաջարկությամբ․

Հետևապես, իմ կարծիքով մեզ անհրաժեշտ է ոչ թե փոփոխություն մտցնել մեր տնտեսական ծրագրերի մեջ, ինչը գործնականում միայն ձեր փիլիսոփայության եզրակացությունների մեջ հիասթափության  պատճառ կդառնար, բայց միգուցե նույնիսկ հակառակը՝ դրանք ընդլայնել։ Ձեր ամենամեծ վտանգը Միացյալ Նահանգներում ձեր փիլիսոփայության կիրառության հնարավոր ձախողումն է։

Ժամանակի հրատապ հարցին անդրադառնալով՝ այն է՝ արդյոք բյուջեի պակասուրդի մեծացման հաշվին ծախսերի ավելացումը կարող է երկիրը ճգնաժամից հանել, Քեյնսը հետևյալ կերպ պատասխանեց Հայեկի քննադատությանը.

Ես պետք է ... ուրիշ եզրակացություն անեմ։ Ես պետք է ասեմ, որ մեր ուզածն ոչ թե պլանավորման բացակայություն է, կամ նույնիսկ ավելի քիչ պլանավորում, ես պետք է ասեմ, որ մենք իրապես ուզում ենք ավելի շատ [պլանավորում]։  Բայց պլանավորումը պետք է տեղի ունենա համայնքներում, որտեղ ինչքան հնարավոր է շատ մարդ՝ և՛ առաջնորդներ, և՛ հետևորդներ, ամբողջովին կիսում են քո սեփական բարոյական դիրքորոշումը։ Չափավոր պլանավորումը կլինի բավական ապահով, եթե այն իրականացնողները իրենց մտքերով և սրտերով կողմնորոշված են բարոյական հարցի ուղղությամբ։

Մինչդեռ Միլթոն Ֆրիդմանը նկարագրում էր «Ընդհանուր տեսությունը» որպես «հանճարեղ գիրք», նա նաև պնդում էր, որ գրքում ենթադրվող տարանջատումը իրական և անվանական արժեքների միջև ո՛չ հնարավոր է, ո՛չ ցանկալի։  Մակրոտնտեսական քաղաքականությունը, ասում էր Ֆրիդմանը, կարող է վստահոևեն ներգործել միայն անվանականի վրա։ Նա և ուրիշ մոնետարիստներ հետագայում պնդում էին, որ Քեյնսյան տնտեսագիտության արդյունքը կարող է լինել ստագֆլյացիան՝ ցածր աճի և բարձր գնաճի համադրությունը, որից զարգացած երկրները տուժում էին վաղ 1970-ականներին։ Ֆրիդմանն ավելի մեծ հավանություն էր տալիս 1923-ի «Դրամավարկային բարեփոխումների մասին տրակտատին», որը համարում էր Քեյնսի լավագույն աշխատությունը, որովհետև այն կենտրոնանում էր ազգային գների կայունության ապահովման վրա։

Ջոզեֆ Շումպետերը Քեյնսի ժամանակակիցներից էր և նրա գլխավոր հակառակորդը։ Նա առաջիններից էր, ով պնդեց, որ Քեյնսի «Ընդհանուր տեսությունն» այդքան էլ ընդհանուր չէ, այլ նույնիսկ մասնավոր դեպք է։ Նա ասում էր, որ աշխատությունը բնութագրում էր «փլուզվող քաղաքակրթության վերաբերմունքը»։ Քեյնսի մահից հետո Շումպետերը գրեց կարճ կենսագրական ակնարկ տնտեսագետ Քեյնսի մասին. նա շատ դրական էր արձագանքում Քեյնսի մարդկային արժանիքների վերաբերյալ, գովում էր նրա հաճելի բնավորությունը, բարեկրթությունը և բարությունը։ Նա Քեյնսի որոշ կենսագրական և խմբագրական աշխատանքներ դասում էր իր տեսածների մեջ լավագույնների շարքին։ Միևնույն ժամանակ Շումպետերը շարունակում էր քննադատական դիրքորոշում ունենալ Քեյնսի տնտեսագիտության նկատմամբ։ Նա գտնում էր, որ Քեյնսի ենթագիտակցության մեջ թաքնված է ինչ-որ տեսակի հայրենասիրություն, որը նրան խանգարում է հասկանալ այլ երկրների խնդիրները։ Շումպետերի կարծիքով «Կիրառական Քեյնսականությունը նման է մի սածիլի, որը չես կարող փոխպատվաստել օտար հողում. այն չորանում է այնտեղ և չորանալիս դառնում թունավոր»։

Նախագահ Հարրի Ս. Թրումանը թերահավատ էր Քեյնսյան տեսության նկատմամբ. «Ոչ ոք երբևիցե չի կարող համոզել ինձ, որ պետությունը կարող է ծախսել մեկ դոլար իր չունեցածից», այսպես էր նա ասել Լեոն Քիսեռլինգին՝ մի Քեյնսյան տնտեսագետի, ով ղեկավարում էր Թրումանի Տնտեսական խորհրդատուների խորհրդը։

Ռասաների վերաբերյալ հայացքներ

Քեյնսը կոմունիստական Ռուսաստանի կազմավորման առաջին տարիներին տեղի ունեցած զանգվածային սպանությունները երբեմն բացատրում էր ռասայական տեսանկյունից՝ որպես «ռուսական և հրեական բնավորության» մաս, քան դիտում էր այն որպես կոմունիստական կարգի արդյունք։ Դեպի Ռուսաստան ճանապարհորդելուց հետո, նա գրել էր իր «Ռուսաստանի վերաբերյալ հակիրճ հայացք» աշխատանքի մեջ, որ կա «գազանություն ռուսների և հրեաների բնության մեջ, երբ, ինչպես այժմ, նրանք միավորվում են իրար հետ»։ Նա նաև գրել էր, որ «Հին Ռուսաստանի հիմարությունից և դաժանությունից ոչինչ երբեք չէր կարող ծնվել, բայց (...) Նոր Ռուսաստանի դաժանության և հիմարության տակ կարող է թաքնված լինել իդեալի մի մասնիկ», որը այլ մեկնաբանությունների հետ միասին կարող է դիտվել որպես հակառուսական և հակասեմիտական։

Որոշ քննադատներ, այդ թվում Մառեյ Ռօտբառդը, փորձում էին ցույց տալ, որ Քեյնսը համակրանք ուներ նացիստների նկատմամբ, և մի շարք գրողներ նկարագրում էին նրան որպես անտիսեմիտ։ Քեյնսի անձնական նամակները պարունակում են պատկերներ և նկարագրություններ, որոնցից մի քանիսը կարող են բնութագրվել որպես անտիսեմիտական, մյուսները՝ որպես հրեասիրական։ Գիտնականները ենթադրում են, որ սրանք արտացոլում են ժամանակին տարածված կլիշեները, որոնք նա ընդունել էր առանց քննադատության, քան որևիցե ռասիզմի դրսևորում։ Հայտնի են մի շարք առիթներ, երբ Քեյնսը օգտագործել էր իր ազդեցությունը իր հրեա ընկերներին օգնելու համար. ամենանշանավոր դեպքն այն էր, երբ նրա ակտիվորեն միջամտեց, որպեսզի Լյուդվիգ Վիտգեյնշտայնին Մեծ Բրիտանիայի կացության թույլտվություն տան՝ նրան նացիստների կողմից օկուպացված  Ավստրիա աքսորից փրկելու համար։ Քեյնսը սատարում էր սիոնիզմը՝ ներգրավված լինելով շարժման առաքելությունը սատարող տարբեր հանձնաժողովների աշխատանքներում։

Ռասիզմի կամ տոտալիտարական հայացքներ ունենալու մեջ նրա նկատմամբ գոյություն ունեցող մեղադրանքները մերժվեցին Ռոբերտ Սկիդելսկիի և ուրիշ կենսագիրների կողմից։ Պրոֆեսոր Գորդոն Ֆլետչերը գրել է, որ «Քեյնսի և տոտալիտարիզմի ցանկացած աջակցության միջև կապի վերաբերյալ ենթադրությունը չի կարող հաստատվել»։ Հենց որ նացիստների բռնակալ վերաբերմունքը հրեաների և ուրիշ փոքրամասնությունների նկատմամբ դարձավ ակնհայտ, Քեյնսը պարզ դարձրեց իր ատելությունը նացիստների նկատմամբ։ Որպես մեկը, ով իր ողջ կյանքի ընթացքում եղել է պացեֆիստ՝ Քեյնսը ի սկզբանե կողմնակից էր նացիստական Գերմանիայի խաղաղ  զսպմանը, հետագայում նա սկսեց պաշտպանել ուժի կիրառմամբ հարցի լուծումը, մինչդեռ շատ պահպանողականներ դեռևս  խաղաղ ճանապարհների կողմնակից էին։ Պատերազմը սկսվելուց հետո նա քննադատում էր ձախերին Հիտլերին հակազդելու համարձակություն չունենալու համար.

Ձախերի մտավորականությունն ամենաբարձրաձայնն էր նացիստական ագրեսիան ցանկացած գնով զսպելու պահանջի մեջ։ Երբ հարցը հասնում է գործողություններին, գրեթե չորս շաբաթ է անցել մինչև նրանք հիշել են, որ իրենք պացեֆիստներ են և գրում են  պարտվողական նամակներ ձեր սյունակներում՝ թողնելով ազատության և քաղաքակրթության պաշտպանությունը  գնդապետ Բլիմփին և  Հին դպրոցի կապերին (անգլ.՝ Old School Tie), ում համար երեք անգամ կեցցե։

Գնաճի վերաբերյալ հայացքներ

Ասում են՝ Քեյնսն անտարբեր էր, նույնիսկ դրական էր տրամադրված փոքր չափերի գնաճի նկատմամբ։ Իսկապես նրա համար գնաճն ավելի նախընտրելի էր, քան գնանկումը. այս առումով նա մասնավորապես ասում էր՝ եթե պետք է ընտրել երկու չարիքների միջև, ապա «ավելի լավ է հիասթափեցնել վարձակալներին», քան պատուհասի մեջ գցել աշխատավոր դասի ընտանիքներին։ Նա նաև կողմ էր Գերմանիայում հիպերինֆլյացիային՝ այն դիտելով որպես փոխհատուցման վճարներից ազատվելու ձև։ Ինչևիցե, Քեյնսը նաև լավատեղյակ էր գնաճով պայմանավորված վտանգներին։ «Խաղաղության տնտեսական հետևանքները» գրքում նա գրում է.

Ասում են, թե Լենինը հայտարարել է, որ կապիտալիստական համակարգը ոչնչացնելու լավագույն ճանապարհն արժույթը փչացնելն է։ Գնաճի շարունակական գործընթացի միջոցով կառավարությունները կարող են` գաղտնի ու անտեսանելի կերպով, բռնագրավել իրենց քաղաքացիների հարստության մի կարևոր հատվածը։ Չկա հասարակության հիմքերը տապալելու ավելի նուրբ կամ ավելի անվրեպ միջոց քան արժույթը փչացնելն է։ Այս գործընթացը ներգրավվում է կործանման հետևում կանգնած տնտեսական օրենքի բոլոր թաքնված ուժերը, և դա անում է այնպիսի ձևով, որ միլիոն հոգուց մեկը նույնիսկ չի կարող այն բացահայտել։

Քեյնսի ամենաշատ ցիտվող արտահայտություններից է «երկարաժամկետ հեռանկարում մենք բոլորս մեռած ենք» արտահայտությունը, որը նա հնչեցրել էր 1923֊ին` ի քննադատություն գործարանների փակվելու պատճառով իրենց աշխատանքը կորցրած մարդկանց կապակցությամբ մի շարք տնտեսագետների այն հայացքների, որ այս երևույթը երկարաժամկետ հեռանկարում դրական ազդեցություն կթողնի աշխատողների վրա։

Անհավասարակշռությունների վերաբերյալ հայացքներ

Նա Միջազգային քլիրինգային պալատի կապակցությամբ առաջարկության գլխավոր հեղինակն էր, որը նաև անվանում են այսպես կոչված «Քեյնսի պլան»։  Պլանի երկու հիմնարար սկզբունքներն այն էին, որ հաշվեկշիռների մեծ մնացորդների կարգավորման խնդիրը պետք է լուծվի  լրացուցիչ «միջազգային արժույթ» «ստեղծելով», և որ վարկառուին ու պարտատիրոջը պետք է վերաբերել գրեթե այնպես, կարծես նրանք հավասարակշռության խախտողներ են։ Պլանը սակայն մերժվեց, մասամբ, որովհետև  «ամերիկյան կողմը բնականաբար դեմ էր հանդես գալիս վարկատու-վարկառու հարաբերություներում այդքան նոր՝ կողմերի նկատմամբ հավասար վերաբերմունքի ցուցաբերման սկզբունքին»։

Նոր համակարգը հիմնված չէ ազատ առևտրի (արտասահմանյան առևտրի  ազատականացման) վրա, այն ավելի շուտ հիմնված է միջազգային առևտրի կարգավորման վրա, որի նպատակն է առևտրի մեջ առկա անհավասարակշռությունները վերացնելը. ավելցուկով երկրները շարժառիթ կունենան այն կրճատելու և նման կերպ վարվելով նրանք ավտոմատ ձևով կվերացնեն մյուս երկրների պակասուրդները։ Նա առաջարկեց ստեղծել համաշխարհային բանկ, որը կթողարկեր սեփական արժույթ՝ բանկոր, որը սահմանված փոխարժեքով փոխարկելի կլիներ ազգային արժույթների հետ և կդառնար հաշվառման միավոր երկրների միջև, ինչը նշանակում է՝ այն կօգտագործվեր չափելու համար երկրի առևտրային հաշվեկշռի պակասուրդը կամ ավելցուկը։ Յուրաքանչյուր երկիր կունենար Միջազգային քլիրինգային միությունում իր բանկորով հաշիվներում օվերդրաֆտի հնարավորություն։ Նա նշում էր, որ ավելցուկները հանգեցնում են թույլ համախառն համաշխարհային պահանջարկի. ավելցուկ ունեցող երկրները բացասական հետևանքներ են ունենում իրենց գործընկերների վրա, և աշխարհի համընդհանուր բարեկեցության համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան այն երկրները, որոնք ունեն պակասուրդ։

«Յել ռեվյու» պարբերականում 1933 թվականին տպագրված «Ազգային ինքնաապահովվածություն» վերնագրով իր հոդվածում, նա արդեն ընդգծում էր ազատ առևտրով պայմանավորված խնդիրները։ Նրա հայացքը, որը ժամանակին շատ տնտեսագետների ու մեկնաբանների կողմից աջակցության էր արժանացել, այն էր, որ արժույթի շուկայում անհավասարակշռության համար վարկատու երկրները կարող են նույնքան պատասխանատու լինել, որքան վարկառուները և որ երկուսն էլ պետք է պարտավորություն կրեն առևտուրը նորից հավասարակշռված վիճակի բերելու համար։ Եթե նրանց չհաջողվի դա անել, ապա կարող են լինել լուրջ հետևանքներ։ «Էկոնոմիստ» պարբերականի խմբագիր Ջեֆրի Կրաուտերի խոսքերով` «եթե երկրների միջև տնտեսական հարաբերություններն, այսպես թե այնպես, բավականին մոտ չեն բերվում հավասարակշռված վիճակին, ապա ոչ մի ֆինանսական լուծում չի կարող փրկել աշխարհը քաոսի քայքայիչ հետևանքներից»։

Այս գաղափարները ձևավորվել էին Մեծ ճգնաժամին նախորդած իրադարձությունների ազդեցության տակ, երբ, համաձայն Քեյնսի և ուրիշների կարծիքի, միջազգային փոխատվությունը, գլխավորապես ԱՄՆ կողմից տրվող, գերազանցել էր կայուն ներդրումների չափը և ուղղվել անարդյունավետ և սպեկուլյատիվ նպատակների, ինչի արդյունք հանդիսացավ դեֆոլտը և աշխարհում պարտավորությունների տրամադրման հանկարծակի դադարեցումը։

Քեյնսի գաղափարներով ոգեշնչված` պատերազմին անմիջապես հաջորդած շրջանի տնտեսագիտական աշխատությունները մեծ ուշադրություն էին դարձնում առևտրի հաշվեկշռի հավասարակշռվածության վրա։ Օրինակ, «Փողի ուրվագիծ»  հայտնի դասագրքի երկրորդ հրատարակության տաս գլուխներից վերջին երեքը նվիրված էին արտարժույթի կառավարման հարցերին, մասնավորապես,  հավասարակշռվածության խնդրին։ Ինչևիցե, ավելի ուշ տարիներին՝ 1971 թվականի Բրետոն Վուդսի համակարգի փլուզմամբ, Մոնետարիստական դպրոցի գաղափարների ազդեցության աճով և հատկապես առևտրի մեծ ու շարունակական անհավասարակշվածութուններով պայմանավորված, այս մտահոգությունները, մասնավորապես, առևտրի մեծ ավելցուկային հաշվեկշիռների ապակայունացնող ազդեցությունների վերաբերյալ մտահոգությունները, մեծապես անհետացան  հիմնական տնտեսագիտական դիսկուրսից և Քեյնսի հայացքները տեսադաշտից անհետացան։ 2007-08 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված դրանք նորից որոշակի ուշադրության են արժանանում։

Անձնական կյանք

Կապեր

Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 
Դունկան Գրանտը (ձախից) Քեյնսի հետ

Քեյնսի վաղ սիրային և սեռական հարաբերությունները եղել են բացարձակապես տղամարդկանց հետ։ Քեյնսը սիրային հարաբերություններում էր Իթոնում և Քեմբրիջում սովորելու տարիներին. Դիլլի Նոքսի և Դանիել Մակմիլանի հետ կապերը սրանիցից ամենանշանակալիներն էին։ Քեյնսը երբեք չէր թաքցնում իր կապերը, նա 1901-ից 1915 թվականներին օրագիր էր պահում, որտեղ պատմում էր դրանց մասին։ Քեյնսի սիրային հարաբերությունները և հետագայում մտերիմ ընկերությունը Մակմիլանի հետ բարեբախտություն էր, քանի որ «Խաղաղության տնտեսական հետևանքները» առաջին անգամ տպագրեց հենց Մակմիլանի ընկերությունը։

Բլումսբերի խմբի անդամների վերաբերմունքը համասեռամոլության հանդեպ մեղմ էր։ Քեյնսը՝ գրող Լիտտոն Ստրեյչիի հետ միասին, փոխեց Քեմբրիջի առաքյալների Վիկտորիական վերաբերմունքը. «սկսած [նրանց] ժամանակներից համասեռ հարաբերություններն անդամների շրջանում տարածված էին», գրել է Բերտրան Ռասելը: Նկարիչ Դունկան Գրանտը, ում նա հանդիպել էր 1908-ին, Քեյնսի մեծագույն սիրեցյալներից էր։ Քեյնսը նաև կապի մեջ էր Լիտտոն Ստրեյչիի հետ, չնայած նրանք մեծ մասամբ հակառակորդներ էին, քան սիրահարներ։ Քեյնսն արժանացել էր Արթուր Հոբհաուզի ուշադրությանը,և ինչպես Գրանտի դեպքում էր, վեճի բռնվել դրա պատճառով խանդոտ Ստրեյչիի հետ։ Ժամանակին Քեյնսը մերժել էր Ստրեյչիին՝ ոչ վերջին հերթին «սիրային հարաբերություններին վիճակագրորեն մոտենալու» իր սովորության պատճառով։

Քաղաքական հակառակորդները օգտագործում էին Քեյնսի սեռական կողմնորոշումը նրա գիտական աշխատանքները քննադատելու համար։ Քննադատություններից մեկի համաձայն՝ Քեյնսը հետաքրքրված չէր իր տեսությունների երկարաժամկետ արդյունքներով, քանի որ նա զավակներ չուներ։

Քեյնսի Բլումսբերի խմբի ընկերները զարմացած էին, երբ իր կյանքի ավելի ուշ տարիներին Քեյնսը հետաքրքրված էր կանանցով՝ իրեն դրսևորելով որպես բիսեքսուալ։ Ռեյ Կոստելլոն  (ով ավելի ուշ ամուսնացավ Օլիվեր Ստրեյչիի հետ) Քեյնսի երկրպագած առաջին կանանցից էր։  1906-ին Քեյնսը գրել էր.  «Կարծես ես փոքր ինչ սիրահարվել եմ Ռեյին, բայց քանի որ նա տղամարդ չէ, ես չեմ կարողանում պատկերացնել որը կլիներ ճիշտ քայլ՝ ձեռնարկելու համար»։

Ամուսնություն

Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 
Լիդիա Լապուխովան և Քեյնսը 1920–ականներին

1921-ին Քեյնսը գրում էր, որ «անչափ  սիրահարված է» Լիդիա Լապուխովային, ով հայտնի ռուս բալերինա էր և Սերգեյ Դիագելևի Ռուսական բալետի աստղերից մեկը։ Լապուխովայի հանդեպ իր սիրատածության վաղ տարիներին նա նաև կապի մեջ էր տարիքով իրենից ավելի երիտասարդ Սեբաստիան Սպրոտտի հետ, սակայն ի վերջո Քեյնսը ընտրում է Լապուխովային։ Նրանք ամուսնացան 1925-ին իսկ հարսանիքի խաչեղբայրը Քեյնսի նախկին սիրեցյալ Դունկան Գրանտն էր։  «Գեղեցկության և մտքի ինչպիսի պսակ, չքնաղ Լապուխովա և Ջոն Մեյնարդ Քեյնս», ասում էին այդ ժամանակ։ Քեյնսն ավելի ուշ Ստրետչիին ասում է, որ գեղեցկությունը և ինտելեկտը հազվադեպ են միևնույն ժամանակ հանդիպում նույն մարդու մեջ, և որ միայն Դունկան Գրանտի մոտ է նա հանդիպել այդ երկուսի համադրությանը։ Նրանց ամուսնությունը երջանիկ էր, կենսագիր Փիթեր Քլարկը գրում էր, որ ամուսնությունը Քեյնսին տվեց «նոր առանցք, նոր հուզական տոկունություն, և մեծ երջանկություն, որից նա երբեք չի ձանձրացել»։ 1927-ին Լիդիան հղիացավ, բայց կորցրեց երեխային:Քեյնսի Բլումսբերի խմբի ընկերների շրջանում Լապուխովան քննադատությունների էր արժանանում, համենայն դեպս սկզբում՝ իր բարքի, խոսելաձևի, և ենթադրաբար նաև իր համեստ ծագման համար. վերջին պատճառը մասնավորապես ակներև է Վանեսսա և Քլայվ Բելլերի ու Վերջինիա Վուլֆի նամակներից։ 1925-ի «Միսիս Դելաուեյ» վեպում Վուլֆը Ռեցիա Ուորեն Սմիթի կերպարը կերտել էր Լապուխովայի նմանությամբ։ Է. Մ. Ֆորետերն ավելի ուշ զղջալով անդրադառնում է  «Լիդիա Քեյնսին, ում յուրաքանչյուր բառը պետք է գրառվի» և գրում՝ «ինչպես էինք մենք բոլորս նրան թերագնահատում»:

Աջակցություն արվեստին

Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 
Գորդոն Սքուեր 46, որտեղ Քեյնսը հաճախ մնում էր, երբ Լոնդոնում էր։

Քեյնսը գտնում էր, որ ինքնանպատակ կերպով փողի ձգտելը պաթոլոգիական երևույթ է ու աշխատանքի իրական նպատակը հանգիստ ապահովելն է։ Նա բոլորի համար ցանկանում էր ավելի կարճ աշխատանքային ժամեր և ավելի երկար հանգստյան օրեր։

Քեյնսը հետաքրքրված էր գրականությամբ ընդհանրապես և դրամայի ժանռով մասնավորապես, ու ֆինանսապես աջակցում էր Քեմբրիջի Արվեստի թագարանին, ինչը թույլ տվեց կառույցին դառնալ Լոնդոնից դուրս գտնվող Մեծ Բրիտանիայի հիմնական թանգարաններից մեկը։

Քեյնսի հետաքրքրվածությունը օպերայով և դասական պարերով ստիպեցին նրան աջակցել Քովենտ Գարդենի արքայական օպերային և Սադլեր Ուելսի բալետի թատրոնին։ Պատերազմի ժամանակ՝ որպես Երաժշտության և արվեստի աջակցության խորհրդի անդամ, Քեյնսն օգնեց երկու ընկերություններին պետական ֆինանսավորում ստանալ ու պահպանել իրենց գոյությունը, քանի դեռ նրանք փակ էին։ Պատերազմից հետո Քեյնսը կարևոր դերակատարություն ունեցավ Մեծ Բրիտանիայի արվեստի խորհրդի հիմնադրման գործում և նրա հիմնադիր նախագահն էր 1946-ին։ Սկսած առաջին օրերից մարմնի կողմից ամենամեծ դրամաշնորհներ ստացող երկու ընկերություններն Արքայական օպերան և Սադլեր Ուելսն էին։

Իր ժամանակի նշանավոր բրիտանացի հեղինակների պես՝ Քեյնսը Բլումսբերի խմբի անդամ էր։ Վիրջինիա Վուլֆի կենսագիրը պատմում է, թե ինչպես էին Վիրջինիա Վուլֆը, Քեյնսը և Թ. Ս. Էլիոթը հավաքվում ընթրիքի շուրջ ու քննարկում կրոնի հետ առնչվող հարցեր Վիկտորիական շրջանի բարոյականության դեմ իրենց պայքարի ենթատեքստում։ Չնայած Քեյնսը կնքված էր, Քեմբրիջի համալսարանի համոզմամբ՝ նա ակնհայտ ագնոստիկ էր, և մնացել էլ՝ մինչև մահ։ Ըստ մի կենսագրի՝  «նա երբեք չկարողացավ կրոնին լրջորեն վերաբերել՝ համարելով այն մարդու մտքի տարօրինակ խեղում»:

Ներդրումներ

Քեյնսը հաջողակ ներդրող էր, ինչի արդյունքում նրան հաջողվել էր կուտակել մասնավոր հարստություն։ Նրա ակտիվները 1929-ի ճգնաժամի ժամանակ գրեթե կորել էին, ինչը նա չէր կանխատեսել, բայց շատ արագ նրան հաջողվեց վերականգնել դրանք։  1946-ին՝ նրա մահվան տարվա դրությամբ, իր ունեցվածքը կազմում էր մոտ 500 000 ֆունտ, ինչը հավասարազոր է  11 միլիոն ֆունտի (16.5 միլիոն դոլար)՝ 2009-ի գներով։ Գումարը կուտակվում էր՝ չնայած տարբեր բարեգործություններին Քեյնսի աջակցությանը, և իր բարոյական սկզբունքներին, որոնք նրան թույլ չէին տալիս վաճառել այնպիսի շուկաներում, որտեղ գներն ընկնում էին, երբ նա տեսնում էր, որ նման ակտիվությունը կարող է խորացնել ճգնաժամը։

Քեյնսին հաջողվեց իր կյանքի ընթացքում հավաքել զգալի քանակությամբ արվեստի գործեր՝ ներառյալ Փոլ Սեզանի, Էդգար Դեգայի, Ամադեո Մոդիլիանիի, Ժորժ Բրաքի, Պաբլո Պիկասոյի և Ժորժ Սյորայի գործերը (որոնց մի մասն այժմ պահվում է Ֆիցուիլյամի թանգարանում )։ Նա սիրում էր նաև գրքեր հավաքել. Քեյնսը հավաքել ու պահպանել էր Իսահակ Նյուտոնի շատ աշխատություններ։ Մասամբ այս աշխատությունների վրա հենվելով՝ Քեյնսը անվանել էր Նյուտոնին «վերջին հրաշագործ»:

Քեյնսը հաջողությամբ կառավարում էր Քեմբրիջի Արքայական քոլեջում ունեցած իր ներդրումային պորտֆելը, ինչի արդյունքում դրա շահութաբերությունը շուրջ քառորդ դար տարեկան միջինում ութ տոկոսով գերազանցում էր  British equity index-ին և արժանացել էր ավելի ուշ շրջանի այնպիսի ներդրողների գովասանքին, ինչպիսիք են Ուորեն Բաֆեթը և Ջորջ Սորոսը։

Քաղաքական հայացքեր

Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 
Լոնդոնի Գորդոն Սքուեր 46 հասցեով գտնվող շենքի պատի հուշատախտակը, որը ասում է՝ «Ջոն Մեյնարդ Քեյնս (1883- 1946) տնտեսագետն ապրել է այստեղ 1916-1946 թթ․»

Քեյնսն ամբողջ կյանքի ընթացքում Լիբերալ կուսակցության անդամ էր, որը մինչև 1920-ականները Մեծ Բրիտանիայի երկու գլխավոր քաղաքական կուսակցություններից մեկն էր և մինչև 1916 թվականը կառավարության գերիշխող ուժն էր։ Քեյնսը սկսած 1906 թվականից օգնում էր կուսակցությանը քարոզչական աշխատանքներում, սակայն միշտ հրաժարվում էր առաջադրվել պաշտոնի համար, չնայած 1920-ին երեք տարբեր առիթներով նրան դա առաջարկել էին։ 1926-ից, երբ Լլոյդ Ջորջը դարձավ Լիբերալների ղեկավար, Քեյնսը կարևոր դեր ստանձնեց կուսակցության տնտեսական քաղաքականության որոշման գործում, բայց այդ ժամանակներում Լիբերալները դարձել էին երրորդ հիմնական քաղաքական ուժը՝ իրենց տեղը զիջելով Աշխատավորների կուսակցությանը։

1939-ին Քեյնսը ուներ հնարավորություն դառնալ խորհրդարանի անդամ որպես անկախ պատգամավոր Քեմբրիջի համալսարանի ընտրատարածքից։  Պահպանողական կուսակցության  անդամներից մեկի հիվանդության պատճառով այդ տեղի համար պետք է հավելյալ ընտրություն կազմակերպվեր, և Մագդալեն քոլեջի ղեկավարը պայմանավորվածություն ձեռք բերեց, որ ոչ մի խոշոր կուսակցություն այդ տեղի համար թեկնածու չի առաջադրի, եթե Քեյնսը որոշի առաջադրվել։ Քեյնսը մերժեց առաջարկը, քանի որ նա գտնում էր, որ իրադարձությունների վրա ավելի մեծ ազդեցություն կկարողանար ունենալ մնալով անկախ։

Քեյնսը եվգենիկաների կողմնակից էր։ 1937 թվականից մինչև 1944 թվականը նա եղել է Եվգենիկաների բրիտանական միավորման տնօրեն։ 1946-ին՝ իր մահվանից առաջ, Քեյնսը հայտարարեց, որ եվգենիկան «սոցիոլոգիայի գոյություն ունեցող ճյուղերից ամենակարևոր, նշանակալի և, ես կասեի,  ճշգրիտ ճյուղն է»:

Քեյնս մի առիթով նշել էր, որ «երիտասարդները ոչ մի կրոն չունեին բացի կոմունիզմից և սա ավելի վատ էր, քան ոչինչը»։ Ըստ նրա՝ մարքսիզմը  հիմնված էր Ռիկարդոյի հայացքների սխալ ընկալման վրա և Քեյնսը «ջանքեր էր գործադրում մարքսիստների դեմ պայքարելու համար», ինչպես նաև այլ տնտեսագետների դեմ՝ լուծելու համար այն տնտեսական խնդիրները, որոնք նրանց տեսությունները «սպառնում էին ստեղծել»:

1931 թվականին Քեյնսը ասում է հետևյալը Մարքսիզմի մասին.

Ես ինչպե՞ս կարող եմ ընդունել կոմունիստական դոկտրինան, որը չնայած քննադատություններին, որպես իր կտակարան է ընտրել մի հնացած դասագիրք, որը իմ համոզմամբ ոչ միայն գիտականորեն սխալ է, այլև ոչ մի հետաքրքրություն կամ կիրառում չունի ժամանակակից աշխարհի համար։ Ինչպե՞ս ես կարող եմ ընդունել մի համոզմունք, որը՝ նախընտրելով ցեխը ձկից, մեծարում է անկիրթ պրոլետարիատին բուրժուազիայի և մտավորականության փոխարեն, ովքեր, իրենց բոլոր թերություններով հանդերձ, իրենցից ներկայացնում է կյանքի որակը և որոնք անկասկած  կրում են մարդկության բոլոր ձեռքբերումների սերմերը։ Նույնիսկ եթե մենք ունենք կրոնի կարիք, ինչպե՞ս կարելի այն գտնել կարմիր գրախանութի պղտոր աղբի մեջ։ Արևմտյան Եվրոպայի կրթված, պարկեշտ, խելամիտ զավակի համար դժվար է գտնել իր իդեալները այստեղ, եթե միայն նա մինչ այդ չի անցել փոխակերպման ինչ-որ տարօրինակ և սարսափելի գործընթացի միջով, ինչը փոխել է նրա արժեքները։

Քեյնսը կանանց իրավունքների անդրդվելի պաշտպան էր և 1932 թվականին դարձել էր Մերի Ստոուպս միավորման փոխնախագահ։ Միավորումը միտված էր ծնելիության կարգավորման և ընտանիքի պլանավորման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Նա նաև մասնակցում էր կանանց նկատմամբ խտրականության և անհավասար վարձատրման դեմ տարվող պայքարին։ Նա ակտիվորեն պայքարում էր համասեռամոլության դեմ օրենքները բարեփոխելու  համար։

Մահ

Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 
Տիլտոնում Քեյնսի տունը, 2017 թ․

Ամբողջ կյանքի ընթացքում Քեյնսը ջանասեր կերպով աշխատում էր ի շահ  հասարակության և իր ընկերների, նույնիսկ երբ նրա առողջությունը թույլ էր՝ նա զբաղված էր իր հին քոլեջի ֆինանսական վիճակը կարգի բերելու հետ կապված գործերով։ Երբ նա օգնում էր դնել Բրետոն Վուդսի համակարգի հիմքը, նա  աշխատում էր ստեղծել այնպիսի միջազգային դրամավարկային համակարգ, որը կգործեր ի օգուտ համաշխարհային տնտեսության։ 1946-ին Քեյնսը մի քանի անգամ սրտի կաթված է ստանում, ինչն արդյունքում բախտորոշիչ գտնվեց նրա համար։ Դա առաջին անգամ տեղի ունեցավ անգլո-ամերիկյան փոխառության պայմանները քննարկելու ժամանակ Ջեորջիա նահանգի Սավաննա քաղաքում, որտեղ նա փորձում էր Միացյալ Նահանգներից Մեծ Բրիտանիայի համար նպաստավոր պայմաններ ստանալ. մի գործընթաց, որը նա կնկարագրի որպես  «բացարձակ դժոխք»։ 1946 թվականի ապրիլի 21-ին՝ Միացյալ Նահանգներից վերադառնալուց մի քանի շաբաթ անց, 62 տարեկան հասակում, Արևելյան Սասեքսի Ֆերլի գյուղի մոտակայքում գտնվող Տիլտոնի իր ագարակում  Քեյնսը վախճանվում է սրտի կաթվածից։ Հակառակ Քեյնսի կամքի՝ նրա մասունքները սփռեցին Տիլտոնում (նա ցանկանում էր, որ իր մասունքները պահվեն Քինգսի դամբարանում)։

Քեյնսի ծնողներից երկուսն էլ իրենից երկար են ապրել. հայրը՝ Ջոն Նէվիլ Քեյնսը (1852–1949) երեք տարով, իսկ մայրը՝ Ֆլորենս Ադա Քեյնսը (1861–1958) տասներկու տարով։ Քեյնսի եղբայրը՝ Ջեֆրի Քեյնսը (1887–1982), ճանաչված վիրաբույժ, գիտնական և գրքասեր էր։ Նրա եղբորորդիներն էին ֆիզիոլոգ Ռիչարդ Քեյնսը (1919–2010) և ճանապարհորդող Քվենտին Քեյնսը (1921–2003): Քեյնսը զավակներ չուներ, նրա այրին՝ Լիդիա Լապուխովան, մահացավ 1981 թվականին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Ջոն Մեյնարդ Քեյնս: Վաղ տարիներ և կրթություն, Կարիերա, Ժառանգություն 

Tags:

Ջոն Մեյնարդ Քեյնս Վաղ տարիներ և կրթությունՋոն Մեյնարդ Քեյնս ԿարիերաՋոն Մեյնարդ Քեյնս ԺառանգությունՋոն Մեյնարդ Քեյնս Ընդունելություն և հայացքներՋոն Մեյնարդ Քեյնս Անձնական կյանքՋոն Մեյնարդ Քեյնս ԾանոթագրություններՋոն Մեյնարդ Քեյնս Արտաքին հղումներՋոն Մեյնարդ Քեյնս18831946d:Q1254688d:Q21694646d:Q3072862d:Q9317ԱնգլիաԱպրիլի 21Արևելյան ՍասիքսՀունիսի 5ՄակրոտնտեսագիտությունՄեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունՄիացյալ ԹագավորությունՏնտեսագետՏնտեսական քաղաքականությունՔեմբրիջ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրյունՍտորակետՄհեր ՄկրտչյանՌեալ ՄադրիդՀայկական լեռնաշխարհՊարբերական աղյուսակԵրազահանՋրածինԱրարատ ԶուրաբյանՔաոս (վեպ)Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՄահՍերմնահեղուկԵրուսաղեմՄեր հայրենիքՀայաստանի զինանշանԽոր ՎիրապԿաթվածՄաշկաբորբՍտեփանակերտՋրծաղիկՀոկտեմբերի 27ԼուսինԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԱրշակ ԲԱնգկոր ՎատԵղնջացանԸնկույզՅՈՒՆԵՍԿՕՀակահիստամինային դեղերՀնդեվրոպական լեզուներՎանո ՍիրադեղյանՍահմիԲանակում (հեռուստասերիալ)Նապոլեոն ԲոնապարտՍալոմե (նկար)ԵրկաթՀրանտ ՄաթևոսյանՀամախառն ներքին արդյունքԲողոքականությունՍտրեպտոկոկային ֆարինգիտՀայաստանի առաջին հանրապետությունԱշոտ Բ ԵրկաթՄիացյալ ԹագավորությունԱտոպիկ մաշկաբորբՊրահաԿոկորդի քաղցկեղՄեծ ՀայքՄուշեղ ԳալշոյանՆավթՍողոմոն ԹեհլիրյանԳրիգոր ԶոհրապԿոտայքի մարզՄարտի 27Հայաստանի տնտեսությունԿիստաԱրյան շրջանառությունՀիդրոցեֆալիաՀառիճի վանքՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՀղիություն (մարդ)Սասունցի ԴավիթՊարույր ՍևակՁիԱմֆետամինԻլոն ՄասկՀոգեբանությունԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՖուտբոլԾաղկեվանք (Արա լեռ)Հիմնական գույներՀանցագործության հանցակազմՏիպ 1 շաքարային դիաբետՀայկական առածներ և ասացվածքներ🡆 More