Սառը Պատերազմ

Սառը պատերազմ (անգլ.՝ Cold War, ռուս.՝ Холодная война), Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկիզբ առած համաշխարհային աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական և գաղափարական առճակատում Արևմուտքի (Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և այլք) և Սոցիալիստական ճամբարի (ԽՍՀՄ և Վարշավյան համաձայնագրի դաշնակիցներ) երկրների միջև։

Պատմություն

Ուժերի նոր դասավորությունը

Սառը Պատերազմ 
Մ.Ս. Գորբաչովը և Ռ. Ռեյգանը ստորագրում են փոքր և միջին տարածաշրջանների հրթիռների ոչնչմացման մասին համաձայնագիրը 08.12.1987

Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորվեց աշխարհաքաղաքական նոր վիճակ։ Ասպարեզից ժամանակավորապես հեռացան Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան։ Մեծ Բրիտանիան Արևմուտքի առաջատար տերության կարգավիճակը զիջեց ԱՄՆ-ին։ Պատերազմի հետևանքով թուլացած Ֆրանսիան այլևս չէր կարող պահպանել նախկին՝ Վերսալ-վաշինգտոնյան աշխարհակարգում ունեցած իր դերը։

Հաղթող պետություններից գերակշիռ դիրք ստացան ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը, որոնք դարձան համաշխարհային քաղաքականության նոր կենտրոններ։ Եվրոպակենտրոն աշխարհը մնաց անցյալում, ավելին՝ Եվրոպան ինքը դարձավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ազդեցության ոլորտների բաժանման տարածաշրջան։

Ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթության մեջ ունեցած իր ներդրման շնորհիվ աննախադեպ աճել էր ԽՍՀՄ-ի հեղինակությունը։ Ընդլայնվել էր նրա ազդեցության ոլորտը ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Ասիայում։ Խորհրդային բանակի կողմից ազատագրված եվրոպական երկրներում շատ արագ ձևավորվեցին խորհրդամետ վարչակարգեր, իսկ մյուս երկրներում մեծ թափ էր հավաքել կոմունիստական շարժումը։ Կար իրական հնարավորություն, որ այդտեղ էլ կհաստատվեն սոցիալիստական վարչակարգեր։ Խորհրդային Միության նկատմամբ աճել էր եվրոպացիների հետաքրքրությունը, իսկ ԱՄՆ–ի մասին նրանց պատկերացումները խորհրդանշվում էին քաղաքակրթական կարևոր արժեքներով՝ ազատություն, սոցիալիստական արդարություն, ստեղծագործ աշխատանք։

ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը օգտագործեց այս կացությունը՝ նպաստելով Եվրոպայում և Ասիայում սոցիալիստական նոր պետությունների առաջացմանը։

Արևմտյան կապիտալիստական աշխարհում անվիճելի դարձած ԱՄՆ-ը չէր կարող համակերպվել ԽՍՀՄ-ի քաղաքական ազդեցության ծավալման հետ։ Որպես հետևանք՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը չկարողացան պահպանել պատերազմի տարիներին ձևավորված համագործակցային հարաբերությունները։ Կրկին առաջին տեղ մղվեցին գաղափարախոսական և քաղաքական հակասությունները։ Դրանց խորքում ընկած էին երկու գերտերությունների համաշխարհային գերիշխանության հասնելու ձգտումները։

Սառը պատերազմի սկիզբը

ԱՄՆ-ի նախագահ Թրումանը 1947 թ. փետրվարին Կոնգրեսին հղված իր ուղերձում ձևակերպեց Եվրոպան խորհրդային ծավալապաշտությունից փրկելու ծրագիրը։ Նախատեսվում էր մեծածավալ տնտեսական օգնություն տրամադրել եվրոպական երկրներին և ստեղծել արևմտյան երկրների ռազմաքաղաքական խմբավորում ԱՄՆ-ի հովանու ներքո։ ԽՍՀՄ-ի սահմանագծի երկայնքով տեղակայվելու էին ամերիկյան ռազմակայաններ, անհրաժեշտության դեպքում կկիրառվեին նաև զինված ուժեր՝ ընդդեմ ԽՍՀՄ-ի ու նրա դաշնակիցների։ Թրումանի «դրույթը» (դոկտրինան) երկու գլխավոր նպատակ էր հետապնդում՝ չթույլատրել ԽՍՀՄ-ի և նրա գաղափարախոսության հետագա տարածումը, իսկ հնարավորության դեպքում նաև հետ շպրտել ԽՍՀՄ-ին իր ազդեցության նախկին սահմանները։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական նոր կուրսի գործադրման առաջին քայլը եղավ Մարշալի պլանը, որով 1948-1951 թթ. 12,4 միլիարդ դոլար տրամադրվեց Արևմտյան Եվրոպայի երկրներին։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց ԱՄՆ-ի ազդեցությունը այդ երկրներում։

Գաղափարախոսական հակամարտությունը դրսևորվեց նաև գերտերությունների ներքին կյանքում։ Այլախոհության ճնշումը, «հակապետական» գործունեության համար հազարավոր մարդկանց հալածանքների և պատժի ենթարկելը դարձան սովորական երևույթ։ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի դիմակայությունը չվերածվեց նրանց միջև պատերազմի։ Սակայն միջուկային զենքի կրառման սպառնալիքը, տնտեսական, քաղաքական և հոգևոր-մշակութային առճակատումը մշտական վտանգ էին ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Ահա թե ինչու 1946 թ. մինչ 1980-ական թթ. վերջերը բնութագրվել է որպես սառը պատերազմ։

Արևմտյան և Արևելյան խմբավորումների ձևավորումը

ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը աշխարհի երկրների ու ժողովուրդների առջև դնում էին զարգացման երկու հեռանկար կապիտալիստական կամ սոցիալիստական։ Գերտերությունները փորձում էին ժողովրդավարության, ազատության, հավասարաթյան, մարդու իրավունքների պաշտպանության կամ սոցիալիզմի հաստատման քողի տակ հասնել համաշխարհային գերիշխանության։ Այդ նպատակին հետամուտ նրանք օգտագործում էին իրենց ողջ ներուժն ու հնարավորությունները։ ԱՄՆ-ը հայտարարում էր, որ պայքարում է «ազատ աշխարհը» կոմունիզմի վտանգից փրկելու համար։ Իր հերթին Խորհրդային Միությունը հավաստիացնում էր, որ պայքարում է իմպերիալիզմի (կայսերապաշտության) շահագործումից աշխարհի ժողովուրդներին ու երկրներին ազատագրելու և ամբողջ աշխարհում կոմունիզմի (համայնավարության) հաղթանակին հասնելու համար։

Սառը պատերազմի ազդարարումից հետո պարզ դարձավ, որ աշխարհը բաժանվում է երկու բևեռների։ Աստիճանաբար ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի շուրջ ձնավորվեցին միմյանց հակադիր երկու խմբավորումներ։ Այս առումով շրջադարձային էր 1949 թվականը։

Ապրիլի 4-ին Վաշինգտոնում տասներկու երկրներ ստորագրեցին Հյուաիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ստեղծման պայմանագիրը։ Ստեղծման պահին ՆԱՏՕ-ի կազմ մտան ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Դանիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Իսլանդիան և Կանադան։ Երեք տարի անց նրա անդամ դարձան Հունաստանը և Թուրքիան, իսկ 1955 թ.՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետաթյունը (Արևմտյան Գերմանիա)։ Ռազմաքաղաքական այս խմբավորումը պետք ապահովեր Արևմուտքի երկրների անվտանգությունը խորհրդային սպառնալիքից։ Անդամ երկրների վտանգի դեպքում ռազմական օգնություն պետք է ցուցաբերեին միմյանց։

Զուգահեռաբար ընթանում էր սոցիալիստական աշխարհի ձևավորման ու ԽՍՀՄ-ի շուրջ համախմբման գործընթացը։ Իրողություն դարձավ սոցիալիզմի համաշխարհային համակարգը։ 1945-1948 թթ. սոցիալիստական պետություններ դարձան Հարավսլավիան. Հյուսիսային Վիետնամը, Ալբանիան, Բուլղարիան, Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, Չեխոսլովակիան, Հյուսիսային Կորեան։ ՆԱՏՕ-ի ստեղծման տարում նրանց միացան Չինաստանը և Արևելյան Գերմանիան։ Մինչ այդ արևմտյան աշխարհին էր հարել Արևմտյան Գերմանիան (ամերիկյան, անգլիական և ֆրանսիական գոտիների միավորմամբ)։

Նույն՝ 1949 թ. Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասը տնտեսապես միավորվեց Տնտեսական փոխօգնության խորհուրդ (ՏՓԽ) կոչվող կազմակերպության մեջ։ Երեք տարվա ընթացքում ԽՍՀՄ-ը անդամ երկրներին տրամադրեց 3 միլիարդ դոլարի արտոնյալ վարկ։

Այսպիսով՝ 1949 թ. աշխարհը պառակտվեց ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաև տնտեսական առումով։ Արևմուտք-Արևելք բաժանումը դարձավ նոր աշխարհակարգի բնութագրիչը։

ԽՍՀՄ-ի շուրջ արևելաեվրոպական երկրների ռազմաքաղաքական խմբավորումը պաշտոնապես ձևակերպվեց միայն 1955 թ. մայիսի 14-ին, երբ Վարշավայում ԽՍՀՄ-ը, Ալբանիան, Բուլղարիան, ԳԺՀ-ն (Գերմանիայի ժողովրդավարական Հանրապետություն), Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան և Չեխոսլովակիան ստորագրեցին պաշտպանական դաշինքի ստեղծման վերաբերյալ պայմանագիր։ Այսպես ավարտվեց աշխարհի բաժանումը երկու բևեռների՝ կապիտալիստական և սոցիալիստական։

Սպառազինությունների մրցավազքը, Տեղական պատերազմները

Սառը պատերազմի ժամանակաշրջանի բնորոշ կողմերից էր զենքի նորագույն տեսակների, հատկապես զանգվածային ոչնչացման զենքի, պատերազմի վարման եղանակների կատարելագործման մրցավազքը։ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը տարեկան միլիարդավոր դոլարներ էին ծախսում սպառազինությունների ասպարեզում հակառակորդին գերազանցելու նպատակով։ 1949 թ. ԽՍՀՄ-ը նույնպես ստեղծեց ատոմային զենք, իսկ չորս տարի անց փորձարկեց աշխարհում առաջին ջերմամիջուկային ռումբը։ ԱՄՆ-ում ստեղծվեցին ռազմավարական ռմբակոծիչներ, իսկ ի պատասխան դրան ԽՍՀՄ-ում՝ միջմայրցամաքային հրթիռներ։ Տիեզերքի նվաճումից հետո մրցավազքը տեղափոխվեց նաև այս ոլորտ։ Հետագայում միջուկային զենքին տիրապետող տերություններ դարձան նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը (հետսառըպատերազմյան շրջանում նաև Իսրայելը, Հնդկաստանը, Պակիստանը)։ Ինչպես այն ժամանակներում, այնպես էլ մեր օրերում մարդկության գլխին դեռ կախված է միջուկային պատերազմի և դրա հետևանքով համաշխարհային քաղաքակրթության վերացման վտանգը։

ԱՄՆ-ն, ապավինելով իր տնտեսական ավելի մեծ հզորությանը, ԽՍՀՄ-ին ներքաշեց սպառազինությունների մրցավազքի մեջ, որպեսզի տնտեսապես հյուծի իր հակառակորդին։ Այդ մրցավազքը մեծ վնաս էր հասցնում ԽՍՀՄ-ի տնտեսությանը, ինչն էլ դարձավ խորհրդային գերտերության կործանման զլխավոր պատճառներից մեկը։

Ճիշտ է, միջուկային զենքը սպառնալիք էր ողջ մարդկությանը, սակայն դրա առկայությունը երկու գերտերություններին հետ պահեց միմյանց դեմ պատերազմելու ծրագրերից։ Նրանց առջև ռազմական հակամարտությունը դրսևորվեց տարածաշրջանային կամ տեղական պատերազմների տեսքով։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 187 Սառը Պատերազմ 

Tags:

Սառը Պատերազմ ՊատմությունՍառը Պատերազմ Արտաքին հղումներՍառը ՊատերազմԱնգլերենԱրևմուտք (քաղաքականություն)Երկրորդ համաշխարհային պատերազմԽՍՀՄՄիացյալ ՆահանգներՆԱՏՕՌուսերենՍոցիալիստական ճամբարՎարշավայի պայմանագրի կազմակերպություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ղազարոս ԱղայանՀաղորդակցային գործընթացՋրածինԱրյան ընդհանուր հետազոտությունԱհաբեկչությունՏուբերկուլոզԱրցախի հերոսՄահԱզգային ժողովրդավարական բևեռՀայաստանի առաջին հանրապետությունՀասարակությունՀարրի Փոթեր (վիպաշար)Արամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Հարցական և հարաբերական դերանուններԿրծքագեղձի քաղցկեղՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍոսե ՄայրիկՄարտի 26ԳլխուղեղԿլիմաքս (ֆիզիոլոգիա)Վանի թագավորության արքաների ցանկՀենրիխ ՄխիթարյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱրգանդի վզիկի քաղցկեղԲերանաբորբՎարդենյաց լեռնանցքԵհովայի վկաներՀարցական նշանՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՎահանաձև գեղձի քաղցկեղՁկներՀայկական ազգային հագուստ (տարազ)Մարտիրոս ՍարյանՄուսուլմանԱմֆետամինՀայաստանի Կարմիր գիրքԿունիլինգուսՇունՖուտբոլՀայաստանի տնտեսությունՀորոսկոպՀայաստանի բուհերի ցանկՄայիսյան հերոսամարտերԴեղանյութերՀեկտարԵռանկյան մակերեսՕսմանյան կայսրությունԽոր ՎիրապԲնական թիվՀարավային ԿորեաԴերբայԹոքի քաղցկեղԼյուդվիգ վան ԲեթհովենՀոգնակի թիվՀայկական առածներ և ասացվածքներԼեոնարդո դա ՎինչիՃարպՀիդրոցեֆալիաՆոր ԿտակարանԿոնքի բորբոքային հիվանդությունԿոտայքի մարզՄուշեղ ԳալշոյանՔամիԱբովյան (քաղաք)Ենթաստամոքսային գեղձի բորբոքումՀնդկաստանՌուսաստանՀերպեսՄարդու իրավունքներՀաղարծնի վանքԹոքաբորբՀոմանիշԱստվածաշունչ🡆 More